Լրահոս
Օրվա լրահոսը

Զոմբի փաստարկներ

Փետրվար 13,2020 14:30

Այսօր ՀՀ Ազգային Ժողովը անց է կացնելու վերջին լսումները «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ եւ հուսով եմ, օրենքը կընդունվի:

Առանց կասկածի կարելի է ասել, որ այս օրենքը բազմաչարչար է, քանի որ հանդիսանում է 2004 թ.-ից  մինչ այժմ Հայաստանում գործող Ծխախոտի իրացման, սպառման, եւ օգտագործման սահմանափակումների մասին  օրենքի կատարելագործված ու արդիականացված տարբերակը:

Հիմնական լրացումները վերաբերում են հանրային վայրերում ծխելու, խանութներում ու կրպակներում ծխախոտի ցուցադրման, որեւէ տեսակի ծխախոտի գովազդի արգելքին, օրենքը խախտելու դեպքում տուգանքների կիրառմանը: Հին օրենքում որոշ արգելքներ կային, բայց թարմացված տարբերակը ներառել է բոլոր տեսակի արգելքներն ու սահմանափակումները, որոնք անհրաժեշտ են ծխելու պես վնասակար սովորությունը մեր երկրում չտարածվելու խնդիրը արդյունավետ լուծելու համար:

Նոր օրենքը բազմիցս քննարկվել է անկախ հարթակներում, ՀՀ կառավարությունում, ԱԺ-ում: Միջազգային փորձագետները վկայում են, որ Հայաստանի «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքը հանդիսանում է այլ երկրներում ընդունված ու գործող նմանատիպ օրենքներից լավագույնը:

Ի՞նչ ցույց տվեց այս տարիների օրենքի քննարկման փորձը:

Առաջին հերթին այն, որ երկրում գոյություն ունի լուրջ եւ բավականին հզոր ծխախոտային արդյունաբերական լոբբի: 2008 թ.-ից մինչեւ 2018 թ. այդ լոբբին ընդհանրապես կասեցրեց օրենք ընդունելու որեւէ փորձ: Միամիտ կլիներ մտածել, որ այդ լոբբիստները անհետացել են եւ էլ չունեն որեւէ ազդեցություն այժմ Հայաստանում ընդունվող որոշումների վրա: Դա ես հասկացա, երբ տեղի ունեցան օրենքի քննարկումները ՀՀ կառավարությունում: Օրենքի դեմ արտահայտվող կառավարության անդամները սկսեցին բերել փաստարկներ, որ բոլոր այն երկրներում, որտեղ նմանատիպ օրենքներ են ընդունվել, կոչվում են «զոմբի» փաստարկներ: Դրանք հիմնականում 11-ն են, ես բերեմ ընդամենը 3-ը:

  1. Օրենքը կբերի երկրի տնտեսության ճգնաժամի:

Ենթադրվում է, որ ծխողների թվի կրճատումը կբերի ծխախոտի վաճառքի նվազեցմանը եւ ծխախոտ արտադրողների կողմից հարկերի պակասեցմանը, իսկ քանի որ ծխախոտային արդյունաբերությունը  բոլոր երկրներում հանդիսանում է խոշոր հարկատու, հարկերը կնվազեն:

Ուսումնասիրելով այն երկրների օրինակը, որտեղ հակածխախոտային օրենքը բավականին երկար տարիներ /20-ից 10 տարի/ գործում է, կարելի է փաստել, որ տնտեսական որեւէ վատթարացում տեղի չի ունենում: Ինչո՞ւ: Պարզվում է, որ օրենքը ընդունելուց հետո ծխողների թիվը պակասում է դանդաղ ու սահուն, մյուս կողմից բոլոր այդ երկրներում դանդաղ ու սահուն կերպով աճել է ծխախոտի գինը պետական ակցիզների միջոցով եւ ծխախոտ արտադրողների կողմից ավելացել են հարկային մուտքերը: Մյուս կողմից, գումարը, որը չի ծախսվում ծխախոտի վրա, ուղղվում է ուրիշ ապրանքների գնմանը, ինչից նույնպես առաջանում են հարկեր:

  1. Ծխախոտային արդյունաբերության կրճատումը կբերի աշխատատեղերի նվազեցմանը եւ աղքատության մակարդակի բարձրացմանը:

Կրկին հիշենք, որ այդ գործընթացը երկարատեւ է ու սահուն, գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը հասցնում են հարմարվել դրան, մյուս կողմից շուկայական տնտեսության պայմաններում իրոք որոշ բիզնեսներ գնալով կրճատվում են, նրանց տեղը գալիս են ուրիշները եւ դա բնական գործընթաց է, միշտ չէ որ ձեռներեցությունը լինում է հավերժ եկամտաբեր: Գործարաները պետք է իրենք ճիշտ հաշվարկ կատարեն ու հասկանան, որ բիզնեսը գնում է ի վեր կամ` նվազում է: Պետությունը կարող է գրագետ քաղաքականությամբ պակասեցնել բացասական միտումները:

  1. Ծխելու արգելքը սննդի օբյեկտներում կպակասեցնի այցելուների թիվը եւ կբերի ռեստորանային բիզնեսի սննկացմանը:

Առաջին հայացքից այդպես է թվում, բայց այս անգամ էլ պետք է ուսումնասիրել միջազգային փորձը: Երբ հակածխախոտային օրենքը ընդունվում էր Իռլանդիայում 2004 թ.-ին, մեծ դժգոհություն առաջացավ տեղական փաբերի տերերի մոտ, որոնք կանխագուշակում էին իրենց բիզնեսի վախճանը: Սակայն դա տեղի չունեցավ, ինչպես տեղի չունեցավ աշխարհի բոլոր այն երկրներում, որտեղ ընդունվել ու գործում է նմանատիպ հակածխախոտային օրենքը: Ինչո՞ւ: Պարզվեց, որ ռեստորանների, սրճարանների, փաբերի այցելությունը ավելի նախընտրելի ու անհրաժեշտ է մարդկությանը, քան ծխելու կամ չծխելու հնարավորությունը: Հիշենք նաեւ, որ խոսքը չի գնացել ընդհանրապես ծխելու արգելքի մասին, այլ միայն ներսը գտնվելու ժամանակ, ինչը պարզվեց, ծխողի համար կառավարելի վիճակ է եւ չծխել 2-3 ժամ կամ դուրս գալ ծխել 1-2 անգամ այդքան էլ անիրականանալի չէ: Եվ ծխողները որոշ դժգոհություն արտահայտելուց հետո վերականգնեցին իրենց սիրելի սննդի օբյեկտների այցելությունը: Սակայն այս գործընթացի մեջ խառնվեց մի այլ, չկանխատեսված հանգամանք՝ պարզվեց, որ բավականին շատ չծխողներ, որոնք խուսափում էին այցելել ռեստորաններ ու սրճարաններ, քանի որ կամ համարել են երկրորդական ծուխը իրենց եւ իրենց երեխաներին վնաս կամ ուղղակի զգացել են դրանից տհաճություն, սկսել են այցելել այդ օբյեկտները, ինչից հետո դրանցից շատերի մոտ եկամուտը ավելացել է:

Հիշեցնեմ, որ ես բերեցի ընդհամենը 3-ը 11 «զոմբի» փաստարկներից: Կհարցնեք, իսկ ինչո՞ւ «զոմբի»: Որովհետեւ դրանցից գալիս է անդարձելիորոն հետադիմական եւ վախճանվող երեւույթի հոտ:

Ես, միամիտս, կարծում էի, թե երեւի կառավարությունում դեռ ուժեղ դիրքեր ունեն նախկին ժամանակներից մնացած տնտեսագետներ, իրավաբաններ, որոնք կապված են եղել կամ համագործակցել են ծխախոտագործ արդյունաբերության հետ եւ գտնվում են որոշ չափով իրենց ազդեցության տակ: Մեծ էր զարմանքս, երբ այդ «զոմբի» փաստարկները ես լսեցի ԱԺ պատգամավորներից: Լավ, եթե դա լինեին միայն տնտեսական հանձնաժողովի անդամները, բայց արդյո՞ք ինչ որ կասկածներ կարող են լինել Առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի ու որոշ անդամների մոտ: Եթե այդպես է, ապա իրենք պետք է օր առաջ թողնեն իրենց պաշտոնները որպես մասնագիտորեն անպիտանի:

Սակայն ամենից համառը դուրս եկան «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները, որոնք ներկայացրեցին «զոմբի» փաստարկներից մեծամասնությունը եւ օրենքի առաջին լսումներին ամբողջ խմբակցությունով դեմ քվեարկեցին:

Այսօրվա քննարկումը եւ քվեարկումը կբացի մեր բոլորի աչքերը:  Չգիտեմ ինչպես այլ հարցերի շուրջ, բայց այս օրենքի դեմ քվեարկող պատգամավորները արդարացի կերպով կարող են արժանանալ ծխախոտային արդյունաբերության վաստակավոր լոբբիստների կոչմանը եւ հուշամեդալի:

Դավիթ  ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի գլխավոր խորհրդական

«Առավոտ» օրաթերթ
12.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829