Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամստերդամի կենտրոնական գրադարանում բացվելու է հայկական հավաքածու»․ Հրաչյա Սարիբեկյան

Փետրվար 19,2020 17:18

Այսօր՝ փետրվարի 19-ին, Ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում բացվել է «Հովհաննես Թումանյանի գրական ժառանգությունը» խորագրով գրականության և ալբոմային հրատարակությունների ցուցադրությունը։

«Այսօր Հայաստանի ազգային գրադարանի համար տարվա ամենակարևոր տոներից մեկն է՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրն է։ Այնպես է ստացվել, որ և՛ մենք ենք մեր ընթերցողների համար անակնկալներ պատրաստել և նվերներ տալիս, և՛ մենք ինքներս ենք այսօր նվերներ ստանում։ Գրքերը, որոնք շարունակելու ենք նվիրել դեռ բազմազան են, իսկ ինչ վերաբերում է մեզ նվիրվող գրքերին՝ Ուրուգվայի հյուպատոսությունն այսօր ազգային գրադարանին նվիրելու է ուրուգվայական գրականության դասականների մատենաշարի առաջին խմբաքանակը։ Այսօր նաև մեզ մոտ բացվելու է ուրուգվայական անկյուն, որը մեզ համար շատ կարևոր իրադարձություն է, քանի որ Ուրուգվայն իրոք հիանալի գրականություն ունի»,-ցուցադրության ժամանակ այցելուներին ասաց Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը։

Հրաչյա Սարիբեկյանը նաև նշեց մեկ այլ կարևոր միջոցառման մասին, որը նույնպես այսօր է անցկացվելու՝ «Մեր առաջարկով և Հոլանդիայում հայկական դեսպանատան նախաձեռնությամբ Ամստերդամի կենտրոնական գրադարանում կազմակերպվել է Հովհաննես Թումանյանի հեքիաթների հոլանդերեն թարգմանության շնորհանդեսը, և նաև Ամստերդամի կենտրոնական գրադարանում բացվելու է հայկական հավաքածու: Մենք այդ հավաքածուի համար ուղարկել ենք մի քանի գիրք, հետագայում նույնպես կհամալրենք այդ հավաքածուն»։

Հայաստանի Ազգային գրադարանը նաև 100-ից ավելի գրքեր է նվիրելու և՛ Դսեղում, և՛ Երևանում գտնվող Հովհաննես Թումանյանի տուն-թանգարաններին։

Ինչ վերաբերում է գրադարանի վարչական մասնաշենքի առաջին հարկում գտնվող գրքափոխանակության անկյունին, որտեղ ընթերցողներն ընտրում են իրենց ցանկացած գրքերը՝ փոխարենը գրադարանին առաջակելով գրքեր, որոնք Ազգային գրադարանում չկան, Հրաչյա Սարիբեկյանն ասաց՝ «Գրքափոխանակության տաղավարի շնորհիվ, արդեն իսկ ավելի քան երկու տասնյակ գրքեր ենք ստացել և ընթերցողի հետ համալրել»։

Էլինա ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829