Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիշեցնենք, որ օրինագծով առաջարկվում է թույլատրել փոստային ծառայության միջոցով (գործող օրենքով արգելված է) արտասահմանից սահմանափակ քանակությամբ դեղամիջոց ուղարկել ՀՀ կամ արտասահմանից առաքում պատվիրել:
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետեւյալ մտավախությունը հայտնեց. «Այս օրինագիծն ինչպե՞ս է կարգավորելու իրավիճակը, երբ մի ամբողջ գյուղ՝ հազար բնակչությամբ, որոշի երեքական տուփ դեղ պատվիրել, ստանալ, քաղաքի կենտրոնում դեղատուն վարձակալել, դեղերը վաճառել եւ հակամրցակցային բիզնես անել: Գյուղերում ընդունված է իրար օգնելու հնարավորությունը»:
Օրինագծի հեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց, որ ապօրինի ճանապարհով ներկրված դեղերը ոչ թե դեղատներում, այլ «տակից» են վաճառում. «Եթե ամբողջ գյուղով դեղ բերեն, դեղատուն բացեն, պետք է հարկայինում գրանցվեն, հաշիվ-ապրանքագրեր ներկայացնեն: Տեսականորեն սա բացառվում է: Մաքսային ծառայությունն ամեն ամիս ֆիքսելու է, թե ով որքան եւ ինչ դեղ է պատվիրում: «Կարմիր լույսը» կվառվի»:
Սերգեյ Բագրատյանին պատասխանը չգոհացրեց. «Նման բան եղել է եւ լինելու է: Օրինագիծն ընդունելուց առաջ լսումներ կազմակերպեք: Մարդկանց մի լուրջ խումբ զբաղվելու է այս օրինագծով, սա վտանգավոր է»: Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց, որ օրինագիծը ոլորտի բոլոր ներկայացուցիչների, այդ թվում՝ մաքսային ծառայության հետ քննարկել է:
Կարդացեք նաև
Ապա «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն օրինագիծը կարեւոր որակեց, բայց միաժամանակ ասաց, որ վերջերս քաղցկեղ ունեցող անձինք խնդրի առաջ կանգնեցին, քանի որ պահանջված դեղամիջոցն արտասահմանից էր պետք գնել. «Բայց ի՞նչ կլինի, եթե մեկը որոշի մի քանի հոգու միջոցով այդ դեղը բերել եւ վաճառել: Մյուս կողմից, ստացվում է, որ քաղցկեղ ունեցողներից յուրաքանչյուրն իր համար դեղ կպատվիրի: Գուցե պետակա՞ն ձեւով է պետք սա կազմակերպել՝ մարդկանց ինչ-որ քայլերի չդրդելու համար»: Սիսակ Գաբրիելյանը նշեց. «Չհասկացա, թե համացանցից օգտվողին պետությունն ինչպես կարող է օգնել: Իսկ քաղցկեղի դեղերը թանկ են եւ հարկվելու են, ուստի քիչ է հավանական, որ դեղատունը փորձելու է ինչ-որ անձանց միջոցով այդ դեղերը բերել եւ վաճառել: Միեւնույնն է՝ հարկվելու է»:
Սոֆյա Հովսեփյանը հստակեցրեց. «Եթե քաղցկեղ ունեցողը պետք է պարբերաբար դեղ պատվիրի, բայց չի տիրապետում որոշակի կանոնների, պետք է դիմի այլ անձանց, որոնք իր փոխարեն կպատվիրեն եւ կստանան դեղը: Այստեղ ռիսկ կա: Մարզերում ոչ բոլորը կարող են առցանց պատվիրել»: Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց՝ գուցե նման խնդիր լինի. «Բայց չեմ կարծում, որ ժամանակակից աշխարհում մարզերում մեզանից պակաս են տիրապետում այդ գիտելիքներին: Գուցե տարեցնեը չկարողանան, բայց ընտանիքում երիտասարդներ էլ կան»:
Ապա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարծիք հայտնեց՝ պատգամավորների մտահոգություններից ակնհայտ է, որ կա խնդիր. «Եթե չլիցենզավորված դեղը հայտնվի հայաստանյան շուկայո՞ւմ: Ճակատագիրն ի՞նչ է լինելու»: Սիսակ Գաբրիելյանն այսպես արձագանքեց. «Եթե այդ դեղը ՀՀ-ում լիցենզավորված չէ, դա դեռ չի նշանակում, որ աշխարհում ճանաչված չէ եւ միջազգային չափանիշներին չի համապատասխանում, թեեւ հասկանում եմ, թե ինչ վտանգի մասին եք ակնարկում»:
Այնուհետեւ Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ Սիսակ Գաբրիելյանի օրինագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումը դրական է. «Ի սկզբանե մտավախություններ ունեինք, բայց քննարկումներ կազմակերպվեցին, եկանք համաձայնության»:
Փոխնախարարը շեշտեց, որ գործող օրենքով՝ ՀՀ սահմանը հատողերն իրավունք ունեն իրենց հետ անձնական օգտագործման դեղեր բերել. «Հայաստանյան դեղերի շուկան փոքր եւ կարգավորված: Որոշ դեղեր չեն ներմուծվում, որովհետեւ արտադրողները չունեն շահագրգռվածություն՝ ՀՀ շուկայում ներկա լինելու: Լինում են դեպքեր, երբ մարդուն որեւէ դեղ է պետք, որը չկա մեր երկրում, ուստի պետք է հնարավորություն տալ այն ձեռք բերել այլ միջոցներով եւ բուժվել: Որոշ շտապ դեպքերում կարիք է լինում փոստով հարցը կարգավորել՝ առանց սպասելու, որ բարեկամներից մեկը թռիչքով կբերի կամ մեկ ուրիշի հետ դեղը կուղարկի ՀՀ»:
Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է քվեարկվի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































