Լրահոս
Օրվա լրահոսը

Դալիի և Պիկասոյի գործերի հավաքորդ. «Կրկնօրինակների մասին հարցերը ծագում են գավառական քաղաքներում եւ նախանձից»

Մարտ 03,2020 15:55

Մարտի 7-ից ապրիլի 26-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կգործի «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը: Կներկայացվի Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն (քանդակ, գրաֆիկա, խեցեղեն)՝ «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից: Մինչ աշխատանքների ցուցադրվելը Հայաստանում մամուլում շրջանառվել է այն թեման` արդյոք ներկայացվելու են բնօրինա՞կ աշխատանքներ, թե՞ դրանք սերտիֆիկացված կրկնօրինակներ են:

Ալեքսանդր Շադրինը տեղեկացրեց, որ այս ցուցահանդես-նախագիծն արդեն շրջել է բազմաթիվ երկրներում և այժմ ցուցադրվում է Հայաստանում: Պատմեց, որ իր հավաքածուն համալրել է 15 տարիների ընթացքում, եւ ընդգծեց, որ այն Դալիի ստեղծագործությունների խոշորագույն և Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից մեկն է աշխարհում:

Շադրինը նշեց, որ Սալվադոր Դալիի բրոնզե քանդակները ձեռք են բերվել 2006 թվականին «Դալիի աշխարհ» փարիզյան հիմնադրամից, որը ստեղծել էր նկարչի բարեկամ Բենյամին Լևին, վիմագրանկարները` հայտնի հավաքորդ և Դալիի ընկեր Պիեռ Արժիլեի ընտանիքից 2011 թվականին: Հաջորդ տարի հեղինակավոր Christie’s աճուրդային տնից ձեռք են բերվել Պիկասոյի խեցեգործական լավագույն աշխատանքները, որոնք վաճառքի էր ներկայացրել Ռամյե ընտանիքը:

Հավաքածուի տերը խոսեց նաեւ հեղինակային իրավունքի հարցերից: Ասաց, որ իր հավաքածուն Ռուսաստանում ազգային արժեք է համարվում, նեղսրտեց, որ ի տարբերություն Հայաստանի, այլ տեղերում կրկնօրինակների վերաբերյալ հարց չի ծագել:

Մանրամասն` տեսանյութում

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, նախագծի ղեկավար Արման Ծատուրյանը ցուցահանդեսի թեմայով կայացած ասուլիսում կատակեց, որ արվեստը կհաղթի կորոնավիրուսի հետ կապված բոլոր վախերը, եւ առաջարկեց երկար-բարակ խոսելու փոխարեն անցնել հարց ու պատասխանի:

 Մանրամասն՝ տեսանյութում

Ալեքսանդր Շադրինի հետ, սակայն հարցուպատասխանն առանձնապես չստացվեց: Նրան զայրացրեց հարցը հավաքածուի կրկնօրինակ գործերի վերաբերյալ: Նա լրագրողներին ասաց, որ խոսեն փաստերով եւ ցանկացած հարց կոնկրետություն պարունակի: Զարմացավ, որ հենց Հայաստանում են նման հարցեր ծագել, ասաց, որ իր համոզմամբ. «Կրկնօրինակների վերաբերյալ հարցերը ծագում են գավառական քաղաքներում եւ նախանձից»: Պատճառներից մեկն այն է, որ ի տարբերություն այլ ցուցասրահների, հենց Հայաստանի ազգային պատկերասրահում է իր հավաքածուն ցուցադրվում:

Մանրամասն` տեսանյութում

Լրագրողի հարցին, որ նման ցուցահանդեսներից առաջ ներկայացվող աշխատանքները մասնագիտական փորձաքննության են ենթարկվում, արդյոք դրանք փորձաքննություն են անցել եւ որքան արժի Շադրինի հավաքածուն, Արման Ծատուրյանը պատասխանեց, որ նման բան գոյություն չունի: Նա օրինակ բերեց բարոկկո ցուցահանդեսը` ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան աջակցությամբ կազմակերպված եւ հարցրեց . «Ինչու նույն հարցը չի ծագել իտալացիների դեպքում, իսկ Շադրինի հավաքածուի դեպքում ծագում է»:

Նաեւ շեշտեց, որ նման հավաքածուն ՌԴ-ի տարածքից հանելը դժվար է եւ դրա համար մեկ ամիս ժամանակ է պահանջվել: Ի դեպ, Շադրինը պահանջեց, որ բոլոր հարցերը հնչեցվեն ռուսերեն, որպեսզի ինքը հասկանա եւ կարողանա պատասխանել , նաեւ ասաց, որ հարցերն իրեն ուղղեն. «Շատ բաներ, Արմանը չգիտի, դրանց ես պետք է պատասխանեմ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031