Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԵԽ-ի որոշումը՝ Հայաստանի կողմից ՄԻԵԴ 2 վճիռների կատարման վիճակի վերաբերյալ

Մարտ 06,2020 22:50

Եվրոպայի Խորհրդի 47 անդամ երկրների ներկայացուցիչները  մարտի 3-ից 5-ն ուսումնասիրել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքն ու վիճակը:  ՄԻԵԴ-ի կայացրած վճիռները վերաբերում են Հայաստանին, Ադրբեջանին, Բոսնիային և Հերցեգովինային, Բուլղարիային, Վրաստանին, Թուրքիային, Ուկրաինային և մի շարք այլ երկրների:

Եվրոպայի Խորհուրդը, ուսումնասիրելով Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման վիճակը, անդրադարձել է մասնավորապես երկու գործի՝ «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Վիրաբյան խումբն ընդդեմ Հայաստանի»:

ԵԽ հաղորդագրության համաձայն՝ «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործը եվրախորհրդարանականները կքննեն առաջիկա նիստերից մեկի ժամանակ:

Անդրադառնալով «Վիրաբյան խումբն ընդդեմ Հայաստանի» գործին (Գանգատ թիվ 40094/05)՝ խորհրդարանականները hիշեցրել են, որ գործը վերաբերում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների սուբստանտիվ և ընթացակարգային խախտումներին՝ ոստիկանությունում գտնվելու ժամանակ  դիմումատուների մահվան կամ խոշտանգումների և միջադեպերի արդյունավետ քննության բացակայության կապակցությամբ:

Ինչ վերաբերում է անհատական միջոցառումներին, ապա նշվում է, որ  խմբի բոլոր գործերի քննության արագ վերաբացումը չափազանց կարևոր է, որպեսզի հանցագործության վաղեմության ժամկետը չանցնի և ապացույցների հասանելիություն լինի: Բացի այդ խորհրդարանականները դրական են գնահատել Սմբատ Այվազյանի  գործով ձեռնարկած քննչական միջոցառումները: Նշենք, որ 2019թ. սեպտեմբերին ՀՀ Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Սմբատ Այվազյանի վերաբերյալ 2008-2009-ի դատավճիռների դեմ.  2008 թվականի նոյեմբերի 19-ի դատավճռով Այվազյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:

ԵԽ-ն ՀՀ իշխանություններին կոչ է անում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցառումները՝ Լևոն Գուլյանի մահվան հանգամանքները պարզելու և մեղավորներին պատժելու համար:

Ինչ վերաբերում է ընդհանուր միջոցառումներին, ապա ԵԽ-ն ողջունում է ոստիկանական տեղամասերում աուդիո և վիդեո հսկողություն սահմանելու ՀՀ իշխանությունների մտադրությունը՝ կոչ անելով  գործընթացը ավարտին հասցնել նախատեսված ժամկետում:

Խորհրդարանականները  հայաստանյան իշխանություններին հորդորում են հրաժարվել խոշտանգումների գործով վաղեմության ժամկետը կիրառելու փորձից: Բացի այդ, ԵԽ-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում առավել մանրամասն տեղեկատվություն ներկայացնել՝ բռնության ենթարկված անձանց անանուն ուղղորդման վերաբերյալ և ընդունել Քրեական դատավարության նոր օրենսգիրքը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031