Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյունք կտան միայն ոչ ստանդարտ լուծումները

Մարտ 24,2020 15:23

Հարցազրույց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի հետ

Պարոն Պոլոսկով, հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում Ձեր ընկերությունում, որն ունի 5000-ից ավել աշխատակիցներ, նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ և ընդհանրապես ինչպե՞ս եք աշխատում արտակարգ դրության պայմաններում։

– Նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումն ու տարածումը մեր աշխատակիցների շրջանում կանխելու և հնարավորինս նվազեցնելու համար ձեռնարկությունում իրականացվում են մեծածավալ հակահամաճարակային միջոցառումներ, ապահովում է լիազոր պետական մարմնի և պարետատան բոլոր ցուցումների անշեղ կատարումը:

Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ԶՊՄԿ-ի ֆեյսբուքյան էջից:

Հավաստիացնում եմ, որ իրադարձությունների հետագա զարգացմամբ պայմանավորված` մեր հնարավորությունների սահմաններում ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումները: Համոզված եմ, որ մեր կոլեկտիվին հատուկ կազմակերպվածության և համախմբվածության շնորհիվ միասին կհաղթահարենք նաև այս փորձությունը:

Մեր ընկերությունն իր կողմից վարվող կորպորատիվ պատասխանատվության քաղաքականության շրջանակներում մշտապես ուշադրության կենտրոնում է պահել նաև առողջապահության ոլորտը՝ մասնավորապես շարունակական աջակցություն ցուցաբերելով Քաջարանի և Կապանի բժշկական կենտրոններին: Համագործակցելով և խորհրդակցելով ԲԿ-ների ղեկավարության և պետական լիազոր մարմինների հետ՝ մեր ձեռնարկությունն արդեն իսկ ձեռք է բերել այս իրավիճակում անհրաժեշտ բժշկական պարագաներ և սարքավորումներ, այդ թվում՝ թոքերի արհեստական վենտիլիացիայի ժամանակակից սարքեր, որոնք անհատույց կտրամադրվեն հիշատակված ԲԿ-ներին:

Չնայած տնտեսական դժվարություններին` մենք եղել ենք և կլինենք մեր աշխատակիցների և ազդակիր համայնքների բնակչության կողքին, կանենք հնարավոր ամեն բան նրանց սատարելու համար:

-Ասացեք խնդրեմ, ըստ Ձեզ ի՞նչ դժվարություններ կարող է առաջացնել համավարակով պայմանավորված ճգնաժամը մեր տնտեսությունում, մասնավորապես լեռնագործային ոլորտում, ի՞նչ ռիսկեր եք տեսնում ԶՊՄԿ գործունեության համար։

-Անդրադառնալով արտակարգ դրության և համաշխարհային ճգնաժամի՝ մասնավորապես մեր հիմնական արտադրանքների` պղնձի և մոլիբդենի շուկայական գների էական անկման պայմաններում ընկերության գործունեության համար հնարավոր ռիսկերին՝ կարծում եմ՝ դրանք ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է անդրադառնալ համաշխարհային տնտեսությունում ստեղծված իրավիճակին, ճգնաժամ ծնած պատճառներին և զարգացման տենդենցներին:

Գնահատելով աշխարհում տեղի ունեցող զարգացումներն` առաջին հերթին պետք է արձանագրել, որ վերջին 12 տարում՝ սկսած 2008-2009թթ-րի ֆինանսական ճգնաժամից, ֆինանսական շուկաները եղել են փողով գերհագեցած: Կապիտալիզմի ողջ պատմության ընթացքում նախկինում երբեք այդ շուկաները նման տևողության և մակարդակի աճ չեն գրանցել: S&P 500 ինդեքսը իր պատմական մաքսիմումներին է հասել 3 անգամ` 2000 թ-ին 1.521, 2007թ-ին 1.527, 2020թ-ին՝ 3,380 կետով։ Աշխարհի առաջատար երկրների կենտրոնական բանկերի հաշվեկշիռները իրենց գոյության ողջ ընթացքում զարգացման նման արագ տեմպեր չեն գրանցել: Համաշխարհային տնտեսության իրական սեկտորը չի ապահովել անհրաժեշտ մակարդակի աճ, և նրա կողմից չիրացված ֆինանսական միջոցները ուղղվել են դեպի արժեթղթերի և պարտատոմսերի շուկա, ինչպես նաև դերիվատիվ ածանցյալ գործիքներ: Բացասական շահութաբերությամբ պարտատոմսերի ընդհանուր ծավալը 2019թ-ին տատանվել է 13-17 տրիլիոն դոլարի միջակայքում: 2019թ-ի դրությամբ համաշխարհային անվանական ՀՆԱ-ի 85 տրիլիոն դոլարի պարագայում պետությունների համախառն պարտքը հասել է 70 տրիլիոն դոլարի:

Պետական պարտքի սպասարկումը դարձել է պետական բյուջեների ծախսային մասի հիմնական հոդվածը: Մատչելի վարկավորմանը հասանելիություն ունեցող խոշոր ընկերությունները ակտիվորեն իրականացրել են իրենց բաժնետոմսերի ետ գնման քաղաքականություն` դրանով իսկ ավելացնելով այդ բաժնետոմսերի գնահատականը շուկայում: Ձևավորվել են բազմաթիվ այսպես կոչված «զոմբի ընկերություններ», որոնք արդեն իսկ բարդություններ ունեն սպասարկելու վարկերից առաջացող տոկոսներն իրենց օպերատիվ եկամուտների հաշվին: Կենտրոնական բանկերի և խոշորագույն ինվեստիցիոն ընկերությունների առաջատար վերլուծաբանները վաղուց նշում էին, որ անհրաժեշտ է համաշխարհային տնտեսության համար ապահովել «փափուկ վայրէջք»:

Համաշխարհային ճանաչում ունեցող ներդրողները, ինչպես օրինակ՝ Ուորրեն Բաֆֆետը, բաժնետերերին ուղղված իր նամակներում բազմիցս հիշատակել է, որ տնտեսության մեջ դիսբալանսը մեծանում է, ինչն ակնհայտ է դարձնում խոշոր ներդրումների ռիսկայնության աճը:

Այս համատեքստում՝ համավարակի դեմ պայքարի պայմաններում, համաշխարհային շուկաները խուճապի ենթարկվեցին: Տարատեսակ ակտիվների (պարտատոմսերի, բաժնետոմսերի) զգացմունքային, էմոցիոնալ վաճառքը բերեց դրանց արժեքների անկման:

Այնուհետև աշխատեց դոմինոյի օրենքը․ դիրքերը պահպանելու համար անընդհատ նոր ֆինանսական միջոցներ ներգրավելու անհնարինությունը (մարջին քոլլ) ներդրողներին ստիպեց պարտադրված գնով վաճառել իրենց ակտիվները: ԿԲ-ներն իրականացնում են ֆիսկալ աջակցության ակտիվ քաղաքականություն: ԱՄՆ-ում ոչ ֆինանսական սեգմենտին ուղղված դրամա-ֆիսկալային աջակցության համախառն փաթեթը կկազմի ՀՆԱ-ի 22%-ը, եթե հաշվի առնենք ԱՄՆ-ում այս տարվա դեֆիցիտը, այն իրականում կկազմի ՀՆԱ-ի 1/3-ը: Նմանատիպ իրավիճակ է նաև Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում:

Այդ վարքագծի հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե 2008 թ-ից սկսած Կենտրոնական Բանկերը հանդես էին գալիս որպես ֆինանսական սեկտորի «վերջին ինստանցիայի» կրեդիտորներ, ապա այժմ ԿԲ-ներն ուղղակիորեն ֆինանսավորելու են ոչ ֆինանսական սեկտորը՝ կորպորատիվ պարտքերը գնելու և մարջին քոլլերին երաշխիքներ տրամադրելու ճանապարհով: Վերը հիշատակված գործողությունները նպատակ ունեն կոմպենսացնելու դրամական ծավալի կրճատումը, ինչն իր հերթին կարող է բերել երկարատև ռեցեսիայի: Այն դեպքում, եթե շուկաները հնարավոր չլինի զերծ պահել ռեցեսիայից, անխուսափելիորեն պետք է սպասել աշխատատեղերի կորուստ, գնանկում և ՀՆԱ-ի կրճատում:

Տնտեսության մեր ոլորտում գերագնահատված ակտիվներ չեն եղել: Շուկայում եղանակ ստեղծող ընկերությունները, ինչպիսիք են՝ BHP, Rio Tinto, Glencore-ը, ինչպես նաև միջին օղակի ընկերություններն ապահովում էին եկամտաբերության առողջ, կայուն համադրություն բաժնետոմսերի կուրսի նկատմամբ (P/E) և վարկային ծանրաբեռնվածության ցածր ցուցանիշներ (Debet/EBIDTA), ու վարում էին ոչ այնքան ագրեսիվ ինվեստիցիոն քաղաքականություն: Ինչ վերաբերում է պղնձի արտադրության ֆիզիկական բալանսին, ապա այն վերջին տարիներին տատանվում էր հավասարակշռված մակարդակի վրա, և LME–ի (Լոնդոնի մետաղների բորսա) պահեստներում պղնձի քանակը տատանվում էր 150-250 հազար տոննայի սահմաններում:

Չնայած այս համեմատաբար կայուն վիճակին` Չինաստանում վերամշակող ընկերությունների գերակշիռ մասի փակումը ընթացիկ տարվա առաջին ամիսներին նպաստեց շուկայի թուլացմանը: Հետագայում աշխարհով մեկ ծավալվող կարանտինային միջոցառումները և շուկայում տիրող խուճապն իրենց հերթին բերեցին ամենալիկվիդային համարվող գործիքների, ինչպիսիք են՝ պետական պարտատոմսերը, ոսկին, նավթը, պղինձը, համատարած, հապճեպ վաճառքի: Վերջին 10 տարում պղնձի միջին գինը կազմել է 6755 դոլար՝ մեկ տոննայի դիմաց, ամենացածր ցուցանիշը՝ 4863 դոլար, գրանցվել է 2016 ճգնաժամային տարում: Այժմ պղնձի գինը 2016 թ-ի ցուցանիշից ցածր է, և մենք իրական մտավախություն ունենք, որ այս տենդենցը կարող է պահպանվել առաջիկա ամիսներին` մնալով ինքնարժեքից ցածր մակարդակներում:

-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել ճգնաժամը հաղթահարելու համար, ի՞նչ խորհուրդ կտաք ոլորտի այլ ձեռնարկություններին։

-Իմ կարծիքով մենք և մեր գործընկերները այս տարվա ռիսկերը գնահատելիս պետք է կանխատեսենք, որ բախվելու ենք մեր արտադրություններում անհրաժեշտ քիմիկատների, անվադողերի և ներմուծվող այլ ապրանքների արտադրության և մատակարարման դժվարությունների հետ: Միևնույն ժամանակ չենք բացառում, որ կունենանք մեր արտադրանքի` պղնձի և մոլիբդենի խտանյութի ու ֆերոմոլիբդենի առաքման լոգիստիկ ժամանակավոր դժվարություններ:

Ֆերոմոլիբդենի իրացման համար կարող է դժվարություններ առաջացնել Եվրոպայում պողպատաձուլական ընկերությունների գործունեության դադարեցումը, որը մեր արտադրանքի իրացման հիմնական շուկան է: Արդեն տեղեկություններ ենք ստանում, որ իրենց գործունեությունը դադարեցնում են Չիլիի և Պերուի լեռնահարստացուցիչ ընկերությունները:

Այս պայմաններում ամբողջ չափով գիտակցելով պատասխանատվությունը՝ մեր ձեռնարկության կոլեկտիվը ֆինանսավորող, մատակարար և գնորդ գործընկերների հետ համատեղ անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի այս դժվար ժամանակները հաղթահարի առանց մեծ կորուստների: Հավաստիացնում եմ բոլորին, որ քանի դեռ կա թեկուզ չնչին ֆիզիկական հնարավորություն, կկատարենք մեր պարտավորությունները: Մեզ համար այս պահին առաջնահերթ է, որ մեր ձեռնարկության աշխատակիցները, ինչպես նաև մեզ ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող հայաստանյան ընկերությունների կոլեկտիվները անխափան և ժամանակին ստանան իրենց աշխատավարձը։ Առաջին անգամ չէ, որ մենք ստիպված են աշխատել ծանր պայմաններում, սակայն այս աննախադեպ ճգնաժամի նետած մարտահրավերները պահանջում են ոչ ստանդարտ լուծումներ և որոշումներ, ինչպես նաև առաջնահերթությունների հստակ գիտակցում:

 

Օգտվելով առիթից՝ ուզում եմ կոչով դիմել բոլորին։

Տիկնայք և պարոնայք, սիրելի՛ հայրենակիցներ,

ես համաճարակաբան չեմ և առողջապահական ռիսկերը չեմ պատրաստվում գնահատել, սակայն հնարավոր տնտեսական կորուստները մեր փոքրիկ տնտեսության համար արդեն իսկ տեսանելի են և հուսադրող չեն: Վստահ եմ, որ տնտեսական այս դժվարություններն ավելի հեշտ կլինի հաղթահարել, եթե մենք բոլորս մեր ընտանիքներում, կոլեկտիվներում և հասարակությունում ընդհանրապես հայտարարենք «երաշտային զինադադար»: Մոռանանք հին նեղվածություններն ու վիրավորանքները, հանուն ընդհանուր գործի պատրաստ լինենք ներել նորերը և անենք ամեն ինչ, որ մեր կողքին ապրող մարդիկ մշտապես զգան մեր օժանդակությունն ու սատարումը:

 

Մաղթում եմ բոլորիս առողջություն և խաղաղություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031