Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղափամայի օր, չգիտեմ, տոլմայի օր». Պատգամավորները կատակեցին ու ընդունեցին կրոնական, ազգային փոքրամասնություններին 4 օր արձակուրդ տալու նախագիծը

Ապրիլ 06,2020 13:06

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» լրացում կատարել:

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացնելիս Բաքոյանն ասաց, որ նախագծով առաջարկում է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց հնարավորություն տալ տարվա մեջ 4 անգամ մասնակցելու իրենց ազգային, մշակութային պատմական օրերի միջոցառումներին:

Նա ասաց, որ երրորդ հանրապետության անկախացումից ի վեր ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների թիվը նվազել է եւ ազգային փոքրամասնությունները, չնայած Հայաստանում լուրջ խնդիրներ չունեն, այնուամենայնիվ, գործիքներ էլ չունեն իրենց ազգային ինքնությունը պահպանելու: Սա թույլ կտա, որ իրենք մոտ լինեն իրենց ազգային ինքնությանը, իրենց արմատներին եւ կարողանան մասնակցել կրոնական, ազգային ծիսակատարություններին:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հարցրեց՝ կոնկրետ ո՞ր ազգային տոներն են, որ կցանկանաք նշել՝ Ռուստամ Բաքոյանը պատասխանեց, որ ազգային փոքրամասնությունները Հայաստանում 11-ն են ու հստակ նշել, թե կոնկրետ որ օրերն են տոն իրենց համար, սխալ կլինի. «Ցանկացած ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, որը կցանկանա մասնակցել իր կրոնական ծիսակատարությանը, օրինակ, եզդիների պարագայում ապրիլի 15-ին Նոր տարի է, պետք է հնարավորություն տրվի, որ իրենք այդ օրը մասնակցեն: Ապրիլի 1-ին ասորիների Նոր տարին էր»:

Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Հայաստանում կա 11 ազգային փոքրամասնություն, 11-ն էլ կարող են իրենց համար հիշարժան օր ունենալ ու 11-ի համար էլ անհրաժեշտ լինի, որ իրե՛նց հիշարժան օրը նշվի ու կապ չունի՝ իրենք առաջին 4 փոքրամասնությունների մե՞ջ են՝ եզդիներ, ռուսներ եւ այլն, թե՞ ոչ»: Բաքոյանը տեղեկացրեց, որ կառավարությունը մի բան էլ առաջարկել է, որ ոչ միայն հնարավորություն տրվի ազգային փոքրամասնություններին, որոնք բնակչության 1,8-2 տոկոսն են կազմում, այլ նաեւ կրոնական փոքրամասնություններին, որոնց պարագայում 3.5 տոկոս է կազմում թիվը: Նախագծի հեղինակն էլ ընդունել է առաջարկությունը, որովհետեւ այն ընդլայնում է շրջանակը:

Հարակից զեկուցող Սարգիս Խանդանյանն ասաց, որ մենք հաճախ օգտվում ենք մեր իրավունքներից, որոնցից մեր կողքին ապրող քաղաքացիները չեն օգտվում: Իսկ այս նախագիծը բխում է սահմանադրական սկզբունքներից՝ իրավահավասարություն, խտրականության արգելք, օրենքի առջեւ բոլորի հավասարություն: Խանդանյանը ողջունեց նաեւ կառավարության առաջարկը՝ ասելով, որ օրինակ, կաթոլիկ քրիստոնյաները Սուրբ ծնունդը մեզանից տարբերվող օր են նշում ու շատ կարեւոր է այս հնարավորությունը տալ նաեւ այլ դավանանքի պատկանող քաղաքացիներին:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանն ասաց, որ տարվա ընթացքում մինչեւ 4 օր արձակուրդ վերցնել թույլ տալիս են, բայց խոսքը չի գնում 4 օր իրար հետեւից արձակուրդ գնալու մասին. «Մենք պետք է բացառենք նաեւ աշխատողի եւ գործատուի միջեւ գժտությունները, գործատուն իրավունք ունի նաեւ աշխատողից գրավոր հիմնավորում պահանջի, թե ինչի համար է վերցնում 4 օր չվճարվող արձակուրդ»:

Բաքոյանն ասաց, որ աշխատողի կողմից հիմնավորում պահանջելը ավելորդ թղթաբանություն է ու բյուրոկրատական քաշքշուկ, Ուդումյանն առարկեց, որ գործատուն պետք է ունենա այդ հիմնավորումը, հակառակ պարագայում աշխատողը երբ ուզի, կարող է այդ 4 օրը վերցնել արձակուրդ:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ այստեղ խտրական մոտեցում կա. «Մենք մեր Նոր տարվան դիմո՞ւմ ենք գրում, ասում ենք՝ թողեք Նոր տարի՞ անենք: Եթե մենք պետականորեն տոն ենք ընդունում օրենքի ուժով, էլ ի՞նչ դիմում»: Նաիրա Զոհրաբյանը պարզաբանեց, որ «Տոների ու հիշատակի օրերի մասին» օրենքում չի համարվելու տոն, պարզապես միայն «Աշխատանքային օրենսգրքում» են փոփոխություն անելու:

«Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ, օրինակ, Հայաստանում աշխատող ԱՄՆ քաղաքացին իրենց Երախտագիտության օրվա կապակցությամբ, կամ Հնդկաստանի քաղաքացին իր տոների կապակցությամբ, բոլոր ինքնությունների խմբերը, եթե հիմնավորեն գործատուին իրենց ցանկությունը նշելու այդ տոնը՝ կարող են գնալ արձակուրդ»,- հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանը: Փոխնախարարը պատասխանեց, որ այո, դա ընդունելի է, «Աշխատանքային օրենսգիրքը» տարածվում է բոլոր ազգությունների վրա, եթե նրանք աշխատում են ՀՀ-ում: Մարիա Կարապետյանը նաեւ հարցրեց՝ մեր Նոր տարին, Զատիկը, այդ տոներին տալիս են վճարովի արձակուրդ, չէ՞, ոչ թե չվճարվող, հանձնաժողովում պարզաբանեցին, որ եթե խոսքը մեր պետական տոների մասին է, իհարկե, վճարվող արձակուրդ են տալիս, բաց չմոռանանք,որ այդ տոների արձակուրդից օգտվում են նաեւ ազգային փոքրամասնությունները՝ գործի չգնալով:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ: Քվեարկությունից հետո պատգամավորները սկսեցին իրար հետ կատակել: Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ախր այդ տրամաբանությամբ, ասենք, եթե հիմա մենք վերցնենք բոլոր հնարավոր լեգենդներն ու առասպելները, Ավարայրի ճակատամարտ, Սարդարապատ,այբուբենը գրելու օր,ամեն ինչը կարող են հիշել: Ղափամայի օր, չգիտեմ, տոլմայի օր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930