Կորոնավիրուսի տարածումը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսությունը պատրաստ չէ ոչ ստանդարտ զարգացումների։ Ճգնաժամի արդյունքում տնտեսության տարբեր ճյուղեր հայտնվեցին միանգամայն դժվարին դրության առաջ, իսկ վերականգնման համար տևական ժամանակ ու պետության կողմից հետևողական աջակցություն է պետք։ Որքան ժամանակն անցավ, այնքան տնտեսական խնդիրները շարունակեցին խորանալ։ Եվ արդյունքում Հայաստանը ստիպված է լինելու տնտեսական ռեստարտը սկսել ոչ թե զրոյից, ինչպես Փաշինյանն է հայտարարում, այլ մինուսից։
Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերը՝ չնչին բացառությամբ, կրախի առաջ են կանգնել։ Մեր տնտեսությունը նաև մեծապես տուժում է նրանից, որ ժամանակին իշխանությունները քայլեր չեն ձեռնարկել տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ, իսկ Հայաստանի տնտեսական կախվածությունը որոշակի տնտեսական գործունեության ուղղություններից և առանձին գործընկեր երկրներում առկա տնտեսական իրավիճակից չի թուլացել։
Եվ մինչ առկա իրավիճակի պայմաններում մեծ թվով քաղաքացիներ կոմունալների վճարման և իրենց պահանջմունքները բավարարելու խնդիրների առաջ են կանգնած, կառավարությունը նոր արտոնություններ է ստանում պետական բյուջեն տնօրինելու հարցում։
Սա ելնում է պետական բյուջեի ծախսային ծրագրերի միջև հատկացումների վերաբաշխումներ իրականացնելու գործադիր իշխանության ցանկությունից։ Եվ եթե ծախսը գերազանցում է պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմանաչափը, ապա օրենքի համաձայն, կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնություն ներկայացնի Ազգային ժողով՝ վերջինիս համաձայնությունը ստանալու նպատակով։
Սակայն օրեր առաջ կառավարությունը ԱԺ-ում կայացած քվեարկության արդյունքում հնարավորություն ստացավ իր իսկ հայեցողությամբ կատարել ծախսային վերաբաշխումներ՝ գերազանցելով 3 տոկոսի սահմանաչափը, և դրա համար ԱԺ-ի համաձայնությունը ստանալու կարիքը չի լինելու։ Սրանով ծախսային վերաբաշխումների նկատմամբ պառլամենտական վերահսկողությունը նվազագույնի է հասցվում։
Ու ընդհանրապես, ի՞նչ երաշխիքներ կան, որ կառավարության կողմից ֆինանսական հատկացումները արդյունավետ են բաշխվելու և նպաստելու են բիզնեսի զարգացմանը։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































