Լրահոս
Օրվա լրահոսը

Ահմեդ Դավութօղլուն եւ Ալի Բաբաջանը սատարում են Հրանտ Դինքի այրուն

Հունիս 05,2020 12:00

Հայատյացության ալիք Թուրքիայում. հարձակումների են ենթարկվում հայկական եկեղեցիները

Թուրքիայում հակահայկական պոռթկումները, սպառնալիքները վերջին շրջանում սկսել են հաճախակիանալ: Վերջերս հայկական եկեղեցիների նկատմամբ իրականացվեցին վանդալիստական բնույթ կրող հարձակումներ: Դրանք համարել ինքնաբուխ արարքներ, միամտություն կլիներ: Ակնհայտ է, որ Թուրքիայում առկա ընդհանուր ատելության մթնոլորտը  հող է նախապատրաստում նմանատիպ հարձակումների եւ սպառնալիքների համար։

Օրերս Ստամբուլում գործող «Հրանտ Դինքի» հիմնադրամ անհայտ անձինք նամակ էին ուղարկել, որում սպառնալիքներ էին հնչել: Հիմնադրամի տարածած հայտարարության համաձայն, մայիսի 27-28-ին հիմնադրամի էլեկտրոնային հասցեին ուղարկված նամակում տեղ էին գտել պնդումներ, թե «Հրանդ Դինք» հիմնադրամը «եղբայրության հեքիաթներ» է պատմում, ինչպես նաեւ նամակի հեղինակները մահով են սպառնացել Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին եւ հիմնադրամի իրավաբանին։

Հիմնադրամի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր. «Մենք այս մասին, ըստ ընթացակարգի, գրավոր կերպով հաղորդել ենք Շիշլիի տարածաշրջանի կենտրոնական ոստիկանությանը եւ Ստամբուլի մարզային վարչությանը: Սպառնալիք պարունակող էլեկտրոնային նամակում նշված էր հետեւյալ արտահայտությունը. «Մենք կարող ենք հայտնվել մի էնպիսի գիշեր, որ չեք էլ սպասում»: Սա մի լոզունգ է, որ հպարտությամբ կիրառվում է որոշակի շրջանակներում, եւ հենց այն նույն լոզունգն է, որ մեզ համար արդեն սովորական էր դարձել լսելը մինչեւ 2007թ. հունվարի 19-ը, երբ Հրանդ Տինքին այդպես հանրայնորեն սպանեցին, մինչդեռ պետական մարմինները տեղեկացված էին դրա մասին: Այդ սպառնալիքով նրանք մեղադրում են «Հրանդ Տինք» հիմնադրամին «եղբայրության հեքիաթներ» պատմելու մեջ, պահանջում են, որ մենք լքենք երկիրը եւ մահով սպառնում են Ռաքել Տինքին եւ հիմնադրամի իրավաբանին:

Վերջերս մեծ թափ առած անթաքույց ատելության խոսքը եւ ռասիզմը, խտրական խոսույթը միայն խթանում են, խրախուսում եւ բորբոքում նման վերաբերմունքը: Թուրքիայում քաղաքականության մեջ ներգրավված բոլոր դերակատարների պարտքն ու պատասխանատվությունն է աշխատել ապահովել հավասարություն, ազատություն եւ արդարություն բոլոր քաղաքացիների համար: Ուստի մենք կարծում ենք, որ մեր պարտքն է հանրության հետ կիսել այս հայտարարությունը՝ իշխանություններին հիշեցնելու համար իրենց պատասխանատվության մասին, ինչպես նաեւ շեշտելու ստեղծված մթնոլորտի բնույթի լրջությունը»:

Դեպքի առնչությամբ գործ է հարուցվել, ընթանում է քննություն:

Օրերս հայտնի դարձավ, որ «Հրանտ Դինք» հիմնադրամի էլեկտրոնային հասցեին մահվան սպառնալիքներ պարունակող նամակներ ուղարկելու առնչությամբ երկու անձ է ձերբակալվել: Անցյալ կիրակի Քանյա նահանգում հայտնաբերվել եւ Ստամբուլ էր տեղափոխվել նամակի հեղինակը: Մամուլում տեղեկություն էին տարածվել, թե իբր նա այդ քայլին դիմել է՝ «ադրբեջանցի սիրեցյալի ազդեցության տակ»: Թուրքիայի Քրեական օրենսգրքի համաձայն` նրան 3-ից մինչեւ 7,5 տարվա ազատազրկում է սպառնում:

«Ակոս» պարբերականի փոխանցմամբ` հունիսի 2-ին Ստամբուլում ձերբակալվել է հիմնադրամի հասցեին երկրորդ՝ մայիսի 31-ին սպառնալի նամակ ուղարկած անձը: Հայտնի է, որ նա որոշ ժամանակ բնակվել է ԱՄՆ-ում եւ քանիցս հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում: Դինքի ընտանիքի փաստաբաններից Ֆեթիյե Չեթինը «Բիանեթ» տեղեկատվական ցանցի հետ զրույցում նկատել է, որ այդ նամակները փոխկապակցված են եւ ունեն նույն բովանդակությունը, ինչ Հրանտ Դինքի սպանությունից առաջ ստացված սպառնալիքները: Նա ցավով է արձանագրել, որ երկրի ղեկավարության հռետորաբանությունն ու գործածած ատելության խոսքը խրախուսում է նմանօրինակ հարձակումները:

Թուրքիայի նախկին փոխվարչապետ, «Ժողովրդավարություն եւ առաջընթաց» (DEVA) կուսակցության նախագահ, Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը արձագանքել է Հրանտ Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքի եւ Հրանտ Դինքի անվան հիմնադրամի իրավաբանին ուղարկված սպանության սպառնալիքով նամակին։ Ըստ Ermenihaber-ի՝ այս մասին Բաբաջանը գրառում է արել Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում. «Հրանտ Դինքի հիմնադրամին ուղղված սպառնալիքները խտրականությունը խրախուսող քաղաքական մթնոլորտի պտուղներն են։ Պաշտպանելու ենք բոլոր շրջանակներին խտրականությունից եւ ռասիզմից։ Մենք մենակ չենք թողնի Ռաքել Դինքին եւ հիմնադրամի ընկերներին»։

Թուրքիայի կուսակցություններն արձագանքել էին «Հրանտ Դինք» հիմնադրամին եւ անձամբ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին հասցեագրված սպառնալիքներին: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն տեղի ունեցածի առիթով հեռախոսազրույց էր ունեցել Ռաքել Դինքի հետ: Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցության համանախագահ Միթհադ Սանջարը իր զորակցությունն է հայտնել «Դինք» հիմնադրամին:

Քաղաքականություն վերադարձած «Ապագա» կուսակցության հիմնադիր, Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կնոջ՝ Սարե Դավութօղլուի հետ միասին զանգահարել են Դինքի այրուն եւ իրենց բարեմաղթանքները հղել: Կուսակցության կողմից եւս հայտարարություն է տարածվել: Թուրքիայում գործող 9 հասարակական կազմակերպություններ միասնական հայտարարություն են հրապարակել եւ դատապարտելով այս դեպքը՝ աջակցություն հայտնելով հիմնադրամին:

Թուրքիայում վերջին շրջանում հարձակումների են ենթարկվում հայկական եկեղեցիները: Անհայտ անձը մայիսի 23-ին պոկել էր Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մուտքի դարպասների վրա տեղադրված խաչը եւ նետել մայթին։ Դեպքի առնչությամբ եկեղեցու ղեկավարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ հարձակման մասին բողոք է ներկայացվել ոստիկանություն, իսկ պոկված խաչի փոխարեն տեղադրվել է նորը։

Իսկ ավելի վաղ՝ շաբաթներ առաջ Թուրքիայի քաղաքացիներից մեկը փորձել էր հրկիզել Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածնի եկեղեցու դուռը։

Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը դատապարտել է Ստամբուլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա ռասիստական հողի վրա կատարված հարձակումը։ Ըստ Ermenihaber-ի՝ Գյուլը «Twitter»-ում թեմայի վերաբերյալ արել է հետեւյալ գրառումը. «Դատապարտում եմ Քուզգունջուքի հայկական եկեղեցու վրա իրականացված հարձակումը։ Այլոց սրբությունների նկատմամբ հարգանքը մեր հիմնական սկզբունքներից մեկն է։ Իրավական պետության մեջ այսպիսի գործողությունները երբեք ընդունելի չեն»։

Հայտնի է արդեն, որ Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա կատարված հարձակման առթիվ մեկ անձ է ձերբակալվել։ Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ «աղոթատեղիներին վնաս պատճառելու» մեղադրանքով հետաքննություն է սկսվել։

Հունիսի 2-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այցելել է Ստամբուլի Ուսքյուդարի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնադրամի նախագահ Էդվարդ Այվազյանը Ստամբուլի քաղաքապետին տեղեկություններ է հայտնել օրեր առաջ տեղի ունեցած վանդալիզմի հետ կապված, երբ մի տղամարդ պոկել ու նետել էր եկեղեցու դռան վրայի խաչը։ Ստամբուլի քաղաքապետն իր հերթին շեշտել է, որ ցանկացած կրոնական հաստատության դեմ հարձակումը՝  հարձակում է իր դեմ։

Իսկ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն «Hürriyet» թերթի սյունակագիրներից Աբդուլքադիր Սելվիի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է Ստամբուլի Քուզքունջուք թաղամասում գտնվող հայկական եկեղեցու հետ կապված միջադեպին և Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի հասցեին հնչեցված սպառնալիքներին։ Ըստ Ermenihaber.am-ի՝ Սոյլուն նշել է, որ նմանատիպ սադրանքներն ու մահվան սպառնալիքներն իրականում այլ նպատակ ունեն։ Ըստ նրա մեկնաբանության՝ դրանք նպատակ են հետապնդում խարխլելու հասարակության միասնականությունը և հասարակության զգայուն նյարդերի հետ խաղալու մարտավարությամբ են իրականացվում։ Սոյլուն պետության պարտականությունն է համարել ժամանակ առ ժամանակ երկրի ներսում գլուխ բարձրացնող այդ մտայնության դեմ առնելը և նմանատիպ դեպքերը կանխելը։

Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր, հայազգի հասարակական գործիչ Բագրատ Էստուկյանն անդրադարձել է վերջերս Ստամբուլում ատելության հողի վրա իրականացվող հարձակումներին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով, մասնավորապես հայկական եկեղեցիների նկատմամբ իրականացվող վանդալիստական բնույթ կրող հարձակումներին, ինչպես նաեւ «Հրանտ Դինք» հիմնադրամին ուղղված սպառնալիքներին անդրադառնալով՝ Բագրատ Էստուկյանն ընդգծել է, որ երկրում առկա ընդհանուր մթնոլորտը հող է նախապատրաստում նմանատիպ հարձակումների եւ սպառնալիքների համար։

Ատելության հողի վրա իրականացվող հարձակումներն ու սպառնալիքները Էստուկյանի դիտարկմամբ իշխանությունների կողմից թշնամանք սերմանող արտահայտությունների եւ խոսքերի ուղղակի հետեւանքն են։ «Մեկ ամսվա մեջ 2 անգամ եկեղեցու դեմ հարձակում է իրականացվում։ Դրանից հետո «Հրանտ Դինք» հիմնադրամի հասցեին սպառնալիքներ են հնչում։ Սրանք շատ մտահոգիչ երեւույթներ են, բայց զարմանալի չեն, որովհետեւ երկրում առկա մթնոլորտն այս ամենի համար նպաստավոր հող է ստեղծում»,- նշել է Էստուկյանը։

Նա ուշադրություն է հրավիրել նաեւ այն հանգամանքի վրա, որ արդեն տարիների ի վեր շարունակվող Դինքի սպանության դատավարության ընթացքում «սպանի՛ր» հրաման տվողներն այդպես էլ չբացահայտվեցին, չդատապարտվեցին եւ հետեւաբար որեւէ բան չի փոխվել։ Էստուկյանը շեշտել է, որ անդադար հնչող սպառնալիքներից գուցե երկուսը, երեքը լուրջ վտանգ չեն պարունակում, բայց չորրորդն անպայման ծառայելու է իր նպատակին։

Իսկ Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանի կարծիքով՝ նմանատիպ հանցագործություններ իրականացնողներն իրականում խամաճիկներ են եւ ատելության այս քարոզը իրականում տարվում է հենց թուրքական իշխանությունների կողմից։

Նկատենք, որ Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ-ի հանձնաժողովը (USCIRF) մտահոգություն հայտնեց Թուրքիայում հայկական եկեղեցիների վրա հարձակումների, Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամին ուղղված սպառնալիքների մասին հաղորդագրություններից հետո: Այս մասին հանձնաժողովը գրառում էր կատարել թվիթերյան էջում: Հաղորդագրության համաձայն՝ նմանատիպ դեպքերը վախի և անապահովության զգացում են առաջացնում Թուրքիայում բնակվող կրոնական և մյուս փոքրամասնությունների մոտ:

USCIRF-ը գրառմանը կցել է նաև Al-Monitor-ի ծավալուն հոդվածը՝ նվիրված Թուրքիայում կրոնական, ազգային փոքրամասնությունների դեմ սպառնալիքներին, հարձակումներին: Հոդվածն անդրադարձ է կատարվում նաև Թուրքիայում հայկական եկեղեցիների վրա հարձակումներին, Հրանտ Դինքի հիմնադրամի աշխատակիցներին, այդ թվում նրա այրուն՝ Ռաքել Դինքին, ուղղված սպառնալիքներին:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 04.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930