Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյանը Լավրովի հետ հեռախոսազրույցում չի՞ հստակեցրել իր աղմկահարույց հայտարարությունը՝ փուլային տարբերակի մասին

Հունիս 11,2020 13:17

Այսօր Aravot.am-ը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին հարցրեց՝ դուք հեռախոսազրույց եք ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ իր վերջին աղմկահարույց հայտարարությունից հետո՝ փուլային տարբերակի մասին, այդ հեռախոսազրույցի ընթացքում փորձե՞լ եք ինչ-որ հստակեցումներ մտցնել՝ ինչո՞ւ էր նման հայտարարություն արել, երբ որեւէ փաստաթուղթ չկա:

Նախարարը պատասխանեց, որ առնվազն երեք հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ, որոնց մասին հրապարակվել է. «Միայն այդ հեռախոսազրույցներով չի իրականացվում հայ-ռուսական երկխոսությունը դիվանագիտական գերատեսչությունների միջեւ: Այդ հեռախոսազրույցը եղել է այս շրջանում, դժբախտաբար, պայմաններն այնպիսին են, որ հեռախոսային դիվանագիտությունը հիմնական գործիքն է՝ իրականացնելու մեր աշխատանքները: Ուզում եմ շատ հստակ կրկնել՝ մեր մոտ օրակարգն այնքան լայն է եւ մենք այնքան բան ունենք խոսելու ե’ւ նախարարների մակարդակով, ե՛ւ գերատեսչությունների մակարդակով: Մենք ունենք ընդարձակ օրակարգ երկկողմ բնույթի եւ մենք արտաքին գործերի գերատեսչությունների մեր ծավալն ունենք այդ մասում, կառավարության մյուս գործընկերները նույնպես ունեն մեծ հատված: Մենք ունենք բավական մեծ ծավալ համագործակցության ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի շրջանակներում: Եթե հիշում եք, այդ հեռախոսազրույցները տեղի էին ունենում այն շրջանում, երբ մենք վիդեո հեռակապի միջոցով անցկացնում էինք նախարարական հանդիպումներ, մենք ունենք բազմաթիվ ծրագրավորված գործառույթներ՝ այդ շրջանակներում իրականացնելու՝ միջազգային այլ հարթակներում միասնական դիրքորոշում արտահայտելու: Այսինքն, այնքան հարց ունեինք քննարկելու, որ այդ ընկալումը, որ եղել է ասենք թե մի զարգացում, որը հասարակության ուշադրություն է գրավել ու մեր զրույցը միայն ու միայն դրա մասին անել, դա սխալ ընկալում է, որովհետեւ մեր զրույցը երկխոսություն է՝ բավականին ծավալուն: Ինքը շատ կանոնավոր է, ցանկացած պահի չի բացառվում, որ մենք նորից կարիք ունենանք խոսելու, համադրելու, բացատրելու միմյանց տարբեր հարցեր, որոնք վերաբերում են մեր երկկողմ օրակարգին, կամ այն օրակարգին, որը մենք իրականացնում ենք տարբեր հարթակներում՝ ՄԱԿ-ից մինչեւ տարածաշրջանային եվրոպական համակարգեր»:

Հարցին՝ ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացում ի՞նչ է տեղի ունենում, շփումները դադարեցվա՞ծ են, թե՞ բանակցություններ, այնուամենայնիվ, տեղի ունենում են՝ նախարարը պատասխանեց. «Մենք համավարակի շրջանում ունեցանք մեկ վիդեոկոնֆերանս երկու նախարարների եւ համանախագահների մասնակցությամբ եւ դրանից բացի մենք մշտական կապի մեջ ենք համանախագահների հետ: Մեր առարկայական աշխատանքները շարունակելու համար բնականաբար մեզ անհրաժեշտ է համբերատար սպասել, սպասել այն պայմաններին, երբ հնարավոր կլինի շարունակել մեր կանոնավոր աշխատանքները: Առավել եւս՝ ներկայիս պայմաններում հիմնական կարեւոր գերակայությունն է պահպանել այն միջավայրը, որը չի խոչընդոտի մեր աշխատանքներին: Հարցը վերաբերում է առաջին հերթին որեւէ ռիսկերի էսկալացիայի բացակայությանը, որն ամենակարեւորն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930