Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Սերոբյան. «Կարողացանք օգտվել համավարակի պարտադրած  դադարից»

Հունիս 24,2020 17:21

Մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը «Արմենպրես»-ում կայացած մամուլի ասուլիսում խոսեց հավաքականի աշխատանքների վրա կորոնավիրուսի համավարակի ազդեցության եւ առաջիկա անելիքների մասին: «Համավարակի ազդեցությունը հատկապես սպորտի բոլոր ոլորտներում բացասական էր: Մեկ շաբաթ եւ ավելի չմարզվելու դեպքում առնվազն մեկ ամիս է պետք վերականգնվելու համար: Մենք մեկուկես ամիս չէինք մարզվել: Այն ժամանակ մենք Թբիլիսիում ուսումնամարզական հավաքի էինք, պատրաստվում էինք աշխարհի գավաթին, եւ տղաները լավ մարզավիճակում էին: Զրոյացավ: Սակայն, ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիքի: Համավարակը մեզ մտածել տվեց, որ մեր երկու տղաները ուսի վնասվածք ունեն եւ պետք է ավելի լուրջ հետազոտություն կատարել ու բուժվել, որպեսզի լիարժեք մասնակցեն մրցումներին: Բժիշկների հետ խորհրդակցելուց հետո նրանք վիրահատվեցին: Խոսքը Արթուր Թովմասյանի եւ Արթուր Ավետիսյանի մասին է: Հիմա նրանք վերականգնողական շրջանում են:

Արթուր Դավթյանը մեջքի վնասվածք ուներ եւ հատուկ թերապիայի օգնությամբ, կարծես թե բուժվել է ու լիարժեք մարզվում է: Այս բաները օգտակար եղան մեզ եւ մտածում եմ՝ արդյունք կլինի, որովհետեւ հիմա մենք ոչ թե սկսել ենք կոնկրետ վարժություններ կատարել, այլ բարդ հնարքներ ենք փորձում: Հուսով եմ, որ կոնկրետ Արթուր Դավթյանը մինչեւ օլիմպիական խաղերին հասնելը (Արթուր Դավթյանը հենացատկերում Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշ ունի: Ա. Հ.) կարող է այնպիսի բարդ տարրով ցատկ կատարել, որը կլինի աշխարհում առաջինը եւ կկոչվի նրա անունով: Այսօր դրա վրա աշխատում ենք ու երկար ժամանակ է պետք եւ նորմալ դահլիճում ուսումնամարզական հավաքներ»,-ասաց Հակոբ Սերոբյանը եւ հավելեց, որ մարզիչները եւ մարզիկները շատ էին կարոտել դահլիճին եւ հիմա բոլոր մարզումները նպատակաուղղված ընթանում են թե ազգային, թե երիտասարդական եւ թե պատանեկան հավաքականներում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930