Լրահոս
Օրվա լրահոսը

Սնանկ «հաճախորդները» նյարդայնանում են

Հունիս 30,2020 22:00

Տարածաշրջանի վերջին բռնապետի երկար լեզվի անատոմիան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր երկրի զինված ուժերի օրվան ընդառաջ նոր զորամասի բացման արարողությանը հանդես եկավ տարօրինակ ճառով։ Տարօրինակն այն չէր, ինչն Ալիեւն ասում է հորից ժառանգած իր նախագահության առաջին օրվանից.Հայաստանը՝ դա «պատմական Ադրբեջան» է, որը նրանք «մի կերպ կտանեն», սակայն «չեն հանդուրժի հայկական երկրորդ պետությունն Ադրբեջանի պատմական հողում», եւ ընդհանրապես, չկա ոչինչ հայկական, այս ամենն ադրբեջանական է եւ այլն եւ այդպես շարունակ։ Զարմանալի բան չկա, մենք սա լսում ենք շատ վաղուց, եւ տարածաշրջանի վերջին բռնապետն այդ ամենը պարբերաբար կրկնում եւ կրկնելու է։

Տարօրինակն այն էլ չէ, որ Ալիեւը, հիմնվելով վերջին երկու տարվա ընթացքում հարուցած քրեական գործերի վերաբերյալ Հայաստանի իրավապահ մարմինների պաշտոնական հաղորդագրությունների եւ Հայաստանում քսան տարի պետությունը բռնազավթած ռեժիմի վերաբերյալ բազմաթիվ հայ գործիչների կողմից տրվող որակումների վրա՝ նմանակում է գնահատականները։

Նախ, տարօրինակն այն է, որ Ալիեւը սկսեց խոսել բաներից, որոնց մասին իր չեկիստական-քարանձավային պատկերացումներն ի ցույց դնելով՝ ինքն իրեն ուղղակի ծիծաղելի դրության մեջ դրեց։ Ամենեւին էլ զարմանալի չէ, երբ «կլյուչնիկի» զավակ «կլյուչնիկն» աշխարհի մասին ունենում է համապատասխան պատկերացումներ, ի վերջո, նա այլ բան չգիտի, այն էլ ապրելով մի «լայնորեն քայլող» երկրում, որտեղ «բախշիշն» ուղղակի կենսափիլիսոփայություն է։ Սակայն զարմանալի է, երբ այս ողջ ներքին հուսահատությունը եւ մտքի ողորմելիությունը դրվում է ի ցույց, սղագրվում, թարգմանվում եւ հրապարակայնացվում է ողջ ինքնագոհությամբ եւ ինքնավստահությամբ, ինչից դժվար չէ պատկերացում կազմել այդ բարբարոս «էլիտայի» մտավոր-կրթական մակարդակից։

«Եկեք տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ 2018-ից հետո։ Այնտեղ (Հայաստանում։ – Ռ.Մ.) իրականացվեց իբր ժողովրդավարական հեղափոխություն։ Այդ ամենը սուտ է։ Մենք գիտենք, թե փողերը որտեղից էին այնտեղ գալիս, երեւի հայ ժողովուրդը եւս գիտի։ Բոլորը գիտեն, ինչպիսի արտերկրյա շրջանակների կողմից է կառավարվում ներկայիս իշխանությունը։ Ուղղակի նայեք ներկայիս ղեկավարների կենսագրությանը, տեսեք, թե որ ֆոնդերում են նրանք աշխատել, ումից են փող ստացել։ Այդ «հեղափոխությունների», իսկ ըստ էության՝ հետխորհրդային տարածքում արյունալի հեղաշրջումների կազմակերպիչներն այսօր Հայաստանի ղեկավարների հովանավորներն են։ Նրանք կառավարում էին վերջիններին, եւ, իհարկե, ժողովուրդն ատում էր այդ խունտայի կեղտոտ կրիմինալ ռեժիմը։ Օգտվելով դրանից, նրանք զավթեցին իշխանությունը։ Ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո։ Ներկայումս Հայաստանում արդեն տիրում է բռնապետություն։ Դա անխուսափելի փաստ է», – ասել է տարածաշրջանի վերջին բռնապետը։

Որքա՜ն ծանոթ եւ ոմանց համար «հոգեհարազատ» որակումներ են, նկատեցի՞ք։ Որքա՜ն զուգահեռներ այն զառանցանքի հետ, որը տիրաժավորվում է տարբեր «խոհանոցային» լայվերից մինչեւ «քաղաքական տեքստեր», նախատեսված եվրոպական եւ ռուսական լսարանի համար։

Ահա այստեղ է ամենատարօրինակը. ընտանիքի անդամներով մինչեւ ականջները կոռուպցիայի, գողության մեջ թաթախված, գավառական չեկիստ հայրիկից կիսատ-պռատ «մտքեր» ժառանգած մի դժբախտ բռնապետի թշնամական տեքստերը 90 տոկոսով համընկնում են Հայաստանի մերժված կոռումպացված ռեժիմի մնացուկների «մտահոգ» տեքստերի հետ։

Ավելին, իր «պետական մտածողության» մասին լեգենդի տակ մնացած պարոն Սերժ Սարգսյանն այս զառանցանքն օգտագործում է որպես առիթ, որպեսզի հանդես գա «հայտարարությամբ», թե «Ալիեւի լեզուն երկարել է՝ ներսում մեր ապաշնորհ ու ապազգային վայ-կառավարիչների պատճառով…», այնուհետեւ արդեն մե՛զ սպառնում, որ «ոչ հեռու ապագայում, երբ Հայաստանում իշխանության վերադառնան ազգային ու կարող ուժերը, միջազգային հանրությունը կրկին պարտադրելու է նրան (Ալիեւին։ – Ռ.Մ)` ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը» (անշուշտ, իմաստ չունի ժամանակ ծախսել «ազգային եւ կարող» ուժերի «ազգայինը» եւ «կարողը» մեկ-առ-մեկ քննելու համար)։

Այսքանից հետո այլեւս զարմանալի չէ, որ ադրբեջանական պրոպագանդայի չորացած «կրեատիվ միտքը» ներկայումս մոտ  90 տոկոսով սնվում եւ ոռոգվում է այս «ազգային եւ կարող» շրջանակի տիրաժավորվող աղբից եւ, ըստ այդմ, երկարացնում Ալիեւի լեզուն։

Ադրբեջանականի «տանիք» ռուսական պրոպագանդան, ավելի խորամանկ եւ փորձառու լինելով, հանդես գալով «բարեկամական» դիրքերից, տարբեր «անկախ ԶԼՄ»-ներից իր «անկախ փորձագետ-լրագրողների» շուրթերով Հայաստանի մասին ասում է գրեթե նույն բանը։

Հայաստանի վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանի գնահատմամբ, Իլհամ Ալիեւի լեզուն երկարել է, որովհետեւ ի տարբերություն երկուսուկես տարի առաջվա, նա տեսնում է, որ «այսօր Հայաստանի իշխանության եւ ժողովրդի թիկունքում գործում է հինգերորդ շարասյուն, որի անբաժանելի մասն է կազմում Սերժ Սարգսյանի ընտանիքը»: Գնահատականը՝ գնահատականով, սակայն, վերը նկարագրված շղթան նաեւ հուշում է, թե որտեղից այն կարելի է կտրել եւ, ըստ այդմ, կարճացնել այդ սնանկ «հաճախորդների» լեզուն։

Գոնե Արցախյան հարցի պարագայում ամեն բան պարզ է. այլեւս չկա՛ Արցախի հարց, կա միայն Ադրբեջանի հարց, որի լուծումը կարող է լինել տարածաշրջանի վերջին բռնապետության կազմաքանդումը եւ Երեւանի ու Ստեփանակերտի ուղղակի երկխոսությունն Ադրբեջանի տարածքում բնակվող բոլոր ժողովուրդների հետ, այդ թվում՝ բնիկ, որոնք դեռ պետք է թոթափեն օտարի լուծը։

Սակայն, խնդիր կա նաեւ Հայաստանի ներսում, ինչի մասին հենց Մանե Գեւորգյանը բարձրաձայնեց. դա «հինգերորդ շարասյունն» է՝ իր բոլոր ենթաշարասյուներով, որն ուղղակի օրենքից դուրս պետք է դրվի, այլ ոչ թե ազատորեն թրեւ գա եվրոպական հարթակներում, վտանգելով մեր պետության կենսական շահերը։ Քաղաքականության ապաքրեականացումը, քաղաքական դաշտում մեծ աղբահանությունը, բացի ոմանց լեզուն կարճացնելուց, մեր ազգային անվտանգության հարց է, որն օր առաջ լուծում է պահանջում, եւ միայն փաստելը դեռ բավարար չէ։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930