Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ է պետք փնտրել մեր կորուստների ու դժբախտությունների պատճառը…

Հուլիս 04,2020 12:00

«Երկաթը մաշվում է իր ծնած ժանգից…». Գարեգին Նժդեհ 

Երվանդունիների եւ Արտաշիսյանների տիրապետության ավարտից սկսած, օտար նվաճողների ասպատակությունների արդյունքում մեզ պարտադրվեցին այլ ժողովուրդների ու վայրի ցեղերի ցածրարժեք արժեհամակարգեր եւ արդյունքում հայի ազնվագույն, բարձրաշխարհիկ կերպարը կամաց-կամաց ենթարկվեց որոշակի խեղման:

Իսկ արդեն 5-րդ դարում քերթողահայր Մովսես Խորենացին իր աշխատության «Ողբ» բաժնում ներկայացրել է հայի խեղված արժեհամակարգը եւ Հայաստանում տիրող ներքին բարոյահոգեբանական մթնոլորտը բնութագրել է որպես ճգնաժամային, իսկ հասարակությանը՝ բարոյազուրկ, պառակտված, կեղծավոր, փառասեր, շահամոլ ու նյութապաշտ։

Կմտածե՞ր արդյոք Խորենացին, որ իրենից հետո մեկ ու կես հազարամյակ անց «Ողբ»-ը չի կորցնի իր արդիականությունը եւ ազատ ու ինքնիշխան Հայաստանում 21-րդ դարում ապրող սերունդը զուգահեռներ կանցկացնի այսօրվա եւ 5-րդ դարի իրականության միջեւ: Թվում էր, թե մեր կորուստներն ու անհաջողությունները պայմանավորված են դարերով անկախ պետականություն չունենալու հանգամանքով եւ մենք այդքան երազած պետականության նկատմամբ կտածենք յուրահատուկ պաշտամունք, սակայն, անկախ առաջին հանրապետությունում դա տեղի չունեցավ: Եվ ահա թե ինչ է գրում Հովհաննես Թումանյանը առաջին հանրապետության կորստից հետո՝ 1921թ. դեկտեմբերի 9-ին Կ. Պոլսից Վենետիկում գտնվող Ավետիք Իսահակյանին. «… Կարճ ասեմ՝ մենք թե՛ դրսից, թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես՝ մե՛նք: Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, եւ չերեւաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերեւաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը՝ նույն ճանապարհներով…»:

Իսկ 70 տարի անց՝ 1991թ. ենթադրվում  էր, թե այսպես կոչված` բռնապետական համակարգի փլուզումից եւ Հայաստանի անկախ երրորդ հանրապետության հռչակումից հետո հիանալի հնարավորություններ կբացվեն ազգային լեզվի ու մշակույթի, կրթության, գիտության եւ տնտեսության զարգացման, ազգային նկարագիր ունեցող սովորույթային-բարոյական բարձր արժեքների վերածննդի համար, դժբախտաբար սակայն, մեր երազածը անկախ 3-րդ հանրապետությունում էլ դա նորից տեղի չունեցավ:

Չնայած նրան, որ ունեցանք ձեռք բերումներ՝ հաղթանակ ղարաբաղյան պատերազմում, դրվեցին անկախ պետականության հիմքերը, սակայն դրա հետ միասին ընդամենը -ամյա պատմության ընթացքում ունեցանք  1996թ. սեպտեմբերի 25, 1999թ. հոկտեմբերի 27 եւ 2008թ. մարտի 1, ունեցանք այլասերված արժեհամակարգ, բարոյական անկում, կեղծված բազմաթիվ ընտրություններ եւ արդյունքում ժողովրդի պայքարի դաժան ճնշումներ, ցածրորակ մշակույթ, անարդար սեփականաշնորհում, թալանված ընդերք,  30 տոկոս աղքատությամբ բնակչություն, քայքայված  տնտեսություն, միլիարդավոր դոլարների պետական պարտք, փլուզման եզրին կանգնած կրթական ու գիտական համակարգ:

Չնայած նրան, որ 2018թ. հեղափոխությունից հետո երկրում իրավիճակ է փոխվել, սակայն, հիմա էլ կանգնած ենք ազգային արժեհամակարգի՝ ձեւավորված ազգային սովորույթային-մշակութային նորմերի խեղաթյուրման, ազգային արմատներից հեռացման, ազգային  ինքնության եւ ինքնագիտակցության թուլացման, հայկական ավանդական ընտանիքի խարխլման, հասարակության պառակտման, մայրենիի, ազգային կրթության, եկեղեցու, հեղինակությունների, հերոսների, կոչումների ու պարգեւների, հաղթանակների, փողոցի ցածրարժեք բարքերը պետական համակարգ տեղափոխելու եւ պետության ու նրա ինստիտուտների արժեզրկման ու կազմաքանդման վտանգի առջեւ:

1991թ. հայ ժողովուրդը ձեռք բերեց անկախություն, ազատություն, սեփականություն, ժառանգություն ստացավ կայացած երկիր եւ ո՞վ էր սակայն մեզ խանգարում կառուցել արդար ու լավ երկիր եւ ապրել բարեկեցիկ ու արժանապատիվ: Վերջապես մի օր ազգովի պե՞տք է ինքներս մեզ հարց տանք, թե ինչու նվաճողից վերածվեցինք նվաճվողի: Լինելով տաղանդավոր, աշխատասեր, ձեռներեց, խիզախ ու մարտնչող ազգ, ինչո՞ւ ենք  2000 տարի անընդհատ կորցնում եւ մնացել ենք մի կտոր հողի վրա մի բուռ ժողովուրդ, թե ինչո՞ւ է հայը անհամերաշխ, ինչու է հայը հանուն իր շահի ու փառքի ձեռք բարձրացնում հայի ու հայոց պետականության վրա: Ինչո՞ւ է հայը մատնում, ատում, հետապնդում, սպանում հային, ինչո՞ւ հայը օրինապաշտ չէ, ինչո՞ւ չի հարգում պետություն ու իշխանություն, թե ինչո՞ւ են դարեր շարունակ հայ իշխանավորները կեղեքել ու ահաբեկել սեփական ժողովրդին, որտե՞ղ են այս երեւույթների  սոցիալ-հոգեբանական արմատները եւ ինչպես կարելի է արմատախիլ անել այն:

Իհարկե, հայ ժողովուրդն անցյալում ունեցել է նաեւ նվաճումներ, սխրանքի ու հայրենիքին նվիրվածության հերոսական բազմաթիվ դրվագներ, սակայն մենք անցյալում ավելի շատ կորուստներ ենք ունեցել՝ երբեմնի մեծ ու հզոր հայրենիք եւ բազմաթիվ անգամներ պետականություն ենք կորցրել, ենթարկվել ենք ցեղասպանության, մեզ տարբեր օտար նվաճողներ մորթել, նվաստացրել ու բռնաբարել են: Պատմության այդ եւ նմանատիպ  էջերը ստվեր են գցում մեր ժողովրդի վրա, որոնցից պետք է դասեր քաղենք եւ ձերբազատվենք: Բավականին շատ արժանիքների կողքին, այնուամենայնիվ, մեր հավաքական կերպարում ունենք նաեւ ոչ քիչ արատներ, որոնք չեն նպաստում հզոր եւ կենսունակ պետականության  ու համերաշխ եւ օրինապաշտ հասարակության կայացմանն ու երկրի առաջընթացին:

Այսպես, մենք՝

– դյուրահավատ ենք եւ զգացմունքային: Ճկուն, հեռատես եւ շրջահայաց չենք: Ցավոք, մենք պատմության ընթացքում չենք կարողացել իրատեսորեն  գնահատել ներքին հասարակական-քաղաքական ու աշխարհաքաղաքական իրավիճակների փոփոխություններն ու սպառնալիքները եւ համարժեք արձագանքել դրանց։ Մինչդեռ ինչպես Չառլզ Դարվինն է նշել. «Գոյատեւում է ոչ թե  ամենաուժեղը եւ ոչ էլ առավել խելացին, այլ նա, ով լավագույնն է արձագանքում փոփոխություններին»:

– մեր հիշողությունը կարճ է, մենք չափից ավելի զիջող ենք: Մեզ պակասում է նաեւ ազգային արժանապատվությունը: Անցյալից երբեք դասեր չենք քաղում ու միշտ կրկնում ենք նույն սխալները: Իսկ քերթողահայր Մովսես Խորենացին «Ծննդաբանություն հայոց մեծացն» աշխատությունում մեզ պատգամել է, որ  պատմությունից դասեր քաղելու կամքը միայն քաղաքակիրթ ազգերին է բնորոշ հատկություն:

– նյութապաշտ ենք եւ փառասեր: Հանուն սեփական փառքի ու շահի հաճախ պատրաստ ենք լինում ամեն ինչի եւ մեզանից շատերին նյութապաշտությունն ու իշխանատենչությունը այնքան կարող է կուրացնել, որ ազգ ու հայրենիք կարող են ուրանալ: Անձնական ու նեղ խմբային՝ կուսակցական ամբիցիաները գրեթե միշտ բարձր ենք դասել պետական՝ հանրային շահից: Անտարբեր ենք եւ անփույթ հանրային՝ պետական ունեցվածքի նկատմամբ: Փառքի եւ շահի համար մշտապես օտար ափեր ենք փնտրել, չհասկանալով, որ ուրիշի հողի վրա կառուցածը եւ ստեղծածը երբեք մերը չի կարող լինել: «Հայրենիքում է քո եւ՛ անցյալը, եւ՛ ապագան։ Օտար երկրում՝ միմիայն ներկան»,- ասել է պրուսական գեներալ  Հիրշֆելդը։

– ձեւամոլ ենք, պարծենկոտ ու պոպուլիստ: Մեզ համար հաճախ ձեւը եւ կեղծ արժեքներն ավելի կարեւոր են, քան բովանդակությունն ու իրական արժեքները,

– օրինապաշտ չենք, մեր հնարամտություններն ավելի շատ օգտագործում ենք օրենքները շրջանցելու համար: Ըստ էության, 5-րդ դարից մինչեւ մեր օրերը, արդար հասարակություն ունենալը եղել է հայ ժողովրդի բոլոր ժամանակների երազանքը։ Դարեր շարունակ ապրելով օտարների տիրապետության տակ, ատել ենք պետություն ու իշխանություն, դրա համար էլ պետություն եւ օրենքներ չենք հարգում, իշխանություն՝ «թագավոր» չենք սիրում: Հայ  իշխանավորներն էլ իրենց հերթին բոլոր ժամանակներում դաժանորեն կեղեքել ու ահաբեկել են սեփական ժողովրդին: Արդյունքում՝ ունեցել ենք իշխանություն ու պետություն չսիրող ժողովուրդ եւ ժողովուրդ չսիրող իշխանություն, ինչն էլ մեր պետության քայքայման ու կորուստների հիմնական պատճառներից մեկն է դարձել: Լուրջ չենք վերաբերվում պետականությանն ու քաղաքական գործընթացներին եւ ցավոք, այդպես էլ չենք կարողանում դառնալ քաղաքական ազգ: Այդպես էլ երկրում չի հաստատվում քաղաքական քաղաքակիրթ մշակույթ: Յուրաքանչյուր կուսակցություն՝ գալով իշխանության իր գերխնդիրն է համարում ցանկացած գնով իշխանության վերարտադրումը, չի ընդունում ոչ մի այլակարծություն, փորձում է ամայացնել քաղաքական դաշտը, պետության կառավարումն իր բացառիկ մենաշնորհն է համարում, իշխանությունը նույնականացնում է պետության հետ, երկիրը դիտում է որպես իր կալվածքը, իսկ ժողովրդին՝ ծառան:

-օտարամոլ ենք, մեր հաջողություններն ակնկալում ենք դրսից, իսկ մեր անհաջողությունների պատճառը ոչ թե մեր, այլ ուրիշների մեջ ենք փնտրում: «…Հայի նմանը ողջ աշխարհում չկա, քանի որ ոչ մի այլ ժողովուրդ չի սպասում, որ օտարը գա ու իրենց փրկի»,- ասել է բրիտանացի արեւելագետ Լոուրենս Արաբացին: Երբեմն օտար արժեքներն ու բարքերը գերադասում ենք ազգային արժեքներից: Մինչդեռ գերմանացի գործարար եւ հնագետ Հենրիխ Շլիմանը գտնում էր, որ. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, եւ ոչ Հայաստանը»: «…Ինչո՞ւ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ, ուրիշի հետեւեն վազենք»,- գրել է Ղեւոնդ Ալիշանը: Իսկ Գարեգին Նժդեհը այն կարծիքին է եղել, որ եթե. «Մի ժողովուրդ, որն իրեն պետք եղած ուժն իրենից դուրս է փնտրում, կուրորեն իր պարտությունն ու անկումն է նախապատրաստում»:

– համերաշխ եւ կազմակերպված չենք, համախմբվում եւ ինքնակազմակերպվում ենք օրհասական պահերին միայն, բայց երբ համախմբվում ենք, անպայման ունենում ենք հաղթանակներ: Հասարակության պառակտվածությունը, այն յուրայինների եւ օտարների բաժանելու արատավոր ավանդույթը մեզանում նորություն չէ եւ դրանց կարելի է հանդիպել մեր պատմության բախտորոշ գրեթե բոլոր ժամանակներում: Պատահական չէ, որ դեռեւս մ.թ. շուրջ  500 տարի առաջ Պարսկաստանի արքա Դարեհ առաջինն ասել է. «Հայերին հնարավոր չէ հաղթել, հայերին կարելի է միայն բաժանել»: Իսկ Ավետիք Իսահակյանը 20-րդ դարի 30-ական թվականների հայ հանրության մեջ տիրող բարոյահոգեբանական իրավիճակի ու պառակտվածության առնչությամբ 1936թ., բայց եւ այսօրվա համար արդիական, գրել է. «Հայաստանում երկու սերունդ է աճում կողք կողքի. մեկը՝ ազգամերժ, կոսմոպոլիտ, լեւանդին, անիդեալ, ձուլվող, ազգուրաց, մայրենի լեզուն արհամարհող, կարիերիստ, մյուս սերունդը՝ թանձր, թունդ հայրենասեր, հայրական օջախներին կառչած, գրաբարյան: Մի օր այս սերունդները՝ հայերը եւ այլասերվածները, իրար փոր պիտի թափեն»։

– մենք չենք կարող հաջողություններ արձանագրել եւ լավ երկիր ունենալ, քանի դեռ մեր հասարակության գերակշիռ մասը չի գնահատում մարդկային բարձր տեսակն ու որակները, քանի դեռ յուրահատուկ համակրանք ունենք գորշ միջակության նկատմամբ, իսկ լավերին, անհատականություններին չենք նկատում, չենք սիրում, չենք հանդուրժում, չենք արժեւորում, ինչպես հարկն է ուշադիր եւ հոգատար չենք մեր մեծերի՝ անհատականությունների նկատմամբ, չգիտակցելով, որ նրանք են ազգն ըստ արժանվույն ներկայացնում աշխարհին եւ ապահովում երկրի առաջընթացը:

– մենք անցյալապաշտ ու անցյալով ապրող ժողովուրդ ենք: Անշուշտ, պետք է սկզբունքային գնահատական տալ անցյալին, բայց երբեք չպետք է շատ փորփրել անցյալը: Իսկ անցյալում  բոլորս ավել կամ պակաս մեր մեղքի բաժինն ունենք: 20-րդ դարի ամերիկացի նշանավոր գրող Ստիվեն Քինգը գտնում է, որ. «Ապագայից կարելի է փախչել միայն մեկ տեղ՝ անցյալ, իսկ անցյալը մեզ չի կարող առաջընթաց խոստանալ»:

– գրեթե բոլորս՝ ամենավերեւից մինչեւ ամենաներքեւ, ամեն օր խաբում ու սուտ ենք խոսում: Մեր հասարակական կյանքում ժամանակ առ ժամանակ տիրապետող են դառնում ատելությունը, քծնանքը, կեղծավորությունը, ծառայամտությունը, քաղքենիությունը, նախանձը, չարությունն ու անհանդուրժողականությունը: 1907թ., սակայն, մեր ժամանակների համար արդիական ու դիպուկ Հովհաննես Թումանյանը գրել է. «… մի ժողովուրդ, որ այսքան կեղծիքներ ու կեղծավորներ ունի, այսքան խարդախներ ու խաչագողներ ունի, չի սիրվիլ, որքան կուզե խելոք լինի, որքան կուզե գոռա, թե կուլտուրական եմ ես… Նրա գործերը միշտ գետնին կմնան, որքան ուզում է գործիչներ ունենա: Նրա մեջ կատարված հասարակական, թե ազգային գործերը խախուտ են միշտ…»: Ինչպես տեսնում ենք, պատմությունը կրկնվում է ու Խորենացու, Թումանյանի եւ Իսահակյանի նկարագրությունները, կարծես, մեր օրերի դաժան իրականությունը լինեն:

«Պիտ պարտվի, պիտ մեռնի կեղծիքը մեր կյանքում, որ ապրի մեր ժողովուրդը»,-գրել է Գարեգին Նժդեհը: Մենք շատ ենք կորցրել այլեւս նահանջելու տեղ չունենք, ինչը պետք է միշտ հիշել եւ համապատասխան եզրակացություններ անել: Մինչդեռ այդպես էլ դասեր չենք քաղում պատմությունից եւ ներկայումս էլ արդեն որերորդ անգամ կանգնած ենք հայրենիքի ու պետականության կորստի վտանգի առջեւ: Հայը վերջապես պետք է հասկանա, որ իր խեղաթյուրված արժեհամակարգի, բարդույթների ու արատների՝ մեջ է իր կորուստների ու դժբախտությունների հիմնական  պատճառը եւ պետք է փոխվի՝ ձերբազատվի դրանցից: Բոլորիս՝ կառավարության, կուսակցությունների, մտավորականների, եկեղեցու, մամուլի, հեռուստաընկերությունների, դպրոցի, բուհերի, մշակույթի ոլորտի մարդկանց առաջնահերթ խնդիրը պետք է լինի արժանապատիվ քաղաքացու դաստիարակումը, հայի ազնվագույն կերպարի վերականգնումը, նոր արժեհամակարգի եւ բարոյական միջավայրի ձեւավորումն ու օրինականության, համերաշխության, արդարության հաստատումը:

Այդ նպատակով գտնում եմ նպատակահարմար՝ հրավիրել Հայաստանի քաղաքական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչների, հայ մեծերի ու հանրային բարձր հեղինակություն վայելող հայերի մասնակցությամբ համազգային հավաք, մշակել միջոցառումների համազգային ծրագիր եւ առանց հապաղելու ձեռնամուխ լինել դրա իրականացմանը: Կարծում եմ, մեզ համար այս հարցը ազգային անվտանգության լուրջ խնդիր է եւ համազգային մտահոգության լուրջ առարկա պետք է դառնա:

«Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը վերադաստիարակությունն է»,- գրել է Մեծն Նժդեհը: Մեր ազգային գիտակցության մեջ պետք է արմատավորել այն գաղափարը, որ պետականությունն ու հայրենիքը  գերագույն արժեք են, որ պետությունն է մեր ազատության, անվտանգության, սոցիալական պաշտպանվածության եւ արժանապատվության երաշխավորը: Նժդեհը գտնում էր, որ «Երբ պետության զգացողությունը դուրս է գալիս ժողովրդի միջից, ապա այդ ժողովուրդը դադարում է ժողովուրդ լինելուց եւ դառնում է ամորֆ զանգված»:

Մենք վերջապես պե՞տք է դառնանք քաղաքական ազգ եւ պետությանն ու քաղաքական գործընթացներին վերաբերվենք ավելի լուրջ ու կշռադատված եւ իշխանության բերենք ոչ թե տգետներին, միջակություններին, անարժան ու պատահական մարդկանց, այլ բարձր արժեքներ եւ որակներ կրող ազգի իրական ընտրանուն, ով ընդունակ կլինի ժողովրդին առաջնորդել օրինականության, համերաշխության ու բարոյականության ճանապարհով եւ արդյունավետ կառավարել երկիրը: Շատ կարեւոր է մեր երբեմնի բարձր արժեհամակարգի վերականգնման  գործում մայրերի, տարեցների, մտավորականների, առաջին հերթին դաստիարակների, ուսուցիչների եւ դասախոսների դերի ու պատասխանատվության բարձրացումը, ովքեր բարոյական մեծ պատասխանատվություն ունեն երեխաների ու ուսանողների դաստիարակության, կրթման, նոր՝ բարձր  արժեհամակարգի ձեւավորման եւ ազգային սովորույթների ու արժեքների փոխանցման եւ պահպանման գործում, ինչպես նաեւ ընտանիքների, հասարակության ու պետության առջեւ:

2016թ. Ապրիլյան պատերազմը, 2018թ. համազգային զարթոնքը եւ համախմբումը, իսկ այնուհետեւ Ամուլ Սարի շուրջ զարգացող իրադարձությունները եւ երկրում տեղի ունեցող հանրային ակտիվության ու այլ գործընթացներն ու դրսեւորումները  լավատեսության հույս են ներշնչում, որ հայ ժողովուրդն ինքնակազմակերպվում է, որ Հայաստանում արժեհամակարգ է փոխվում, որ հայը ամաչում է իր անցյալի համար եւ ուզում է փոխվել: Հայը ցանկանում վերադառնալ իր ազնվագույն արմատներին, ապրել հպարտ ու արժանապատիվ եւ աշխարհին ներկայանալ որպես օրինապաշտ, կազմակերպված ու քաղաքակիրթ ազգ:Ամենակարեւորը, որ հայը վերջապես սկսում է հարգել իր իրավունքները, փորձում է սպանել իր միջի ստրուկին եւ սկսում  է հասկանալ, որ իր մեջ պետք է փնտրի իր դժբախտությունների ու կորուստների հիմնական  պատճառը:

Սփոփվում ես, երբ գիտես, որ հայի արատները ձեռք բերովի են, ինչը հաստատում է նաեւ Անգլիացի մեծ բանաստեղծ եւ հայագետ  Ջորջ Բայրոնը: «Հայերի առաքինությունները իրենցն են, իսկ թերությունները ձեռք բերովի են եւ հետեւանք են նվաճողների կողմից կեղեքման…», – նշել է նա:

Մեր՝ հայերիս նկատմամբ, Աստված բարեհաճ է գտնվել, մենք տաղանդ եւ այլ եզակի շնորհներ ու ազնվագույն արմատներ ունեցող ազգ ենք: Հայը Աստծո սիրելին է: Հայ բառը հոմանիշ է տաղանդի, ձեռներեցության, աշխատասիրության, ազնվականության եւ քաջարիության:

Հինգհազարամյա այդ ազգին պատիվ չի բերում տեղ գրավել աշխարհի հետամնացների, թույլերի ու աղքատների շարքում:

Մեզ տրվել է հրաշքների երկիր, ավետյաց երկիր՝ բերրի հող, լավագույն ջրերից մեկն աշխարհում ու անսահման արեւ:

Հայ ժողովուրդը կարող է ունենալ հզոր երկիր եւ արժանի է ապրելու խաղաղ, ներդաշնակ, բարեկեցիկ ու արժանապատիվ  կյանքով:

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
տնտեսագիտության թեկնածու

«Առավոտ» օրաթերթ
03.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    ,,Արդյունքում՝ ունեցել ենք իշխանություն ու պետություն չսիրող ժողովուրդ եւ ժողովուրդ չսիրող իշխանություն, ինչն էլ մեր պետության քայքայման ու կորուստների հիմնական պատճառներից մեկն է դարձել:,,
    Ինչ ինձ հիշում եմ, 1991-ից 1998 թիվը ունեցել ենք ժողովրդի հանդեպ անտարբեր, 1998-ից 2008 թիվը ժողովուրդ չսիրող, 2008-ից 2018 թիվը ժողովրդին ահավոր ատող, 2018-ից ժողովրդին առայժմ մարդու տեղ դնող/ թե հետո ինչ կլինի չեմ կարող ենթադրել/ իշխանություն, իսկ ժողովուրդը միշտ պատասխանել է համարժեք:

  2. Ռուբեն says:

    Արժե, որ յուրաքանչյուր հայ կարդա Գարեգին Նժդեհի գրած մտքերը (ցանկալի է՝ «Ընտիր երկեր» ժողովածուն): Այնտեղ ամբողջությամբ ներկայացված են մեր ազգային տկարությունների պատճառների մասին և ցույց են տրվում հայ մարդու հզորանալու և հայրենիքին տեր կանգնելու պարզ լուծումները, որոնք այնքան անհրաժեշտ են մեզ այսօր:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031