Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանների անկախության բանաձեւը

Հուլիս 07,2020 10:00

Մոտ երկու շաբաթ առաջ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը  կարծիք էր հայտնել, որ ի տարբերություն քննչական մարմինների եւ դատախազության, դատական համակարգում թեեւ, հնարավոր է, կան կաշառակերներ կամ ներկա-նախկին իշխանությունների պատվերները կատարողներ, բայց անգրագետներ չկան:

Դատողությունը, պետք է ընդունել, վիճելի է. զուտ տեսականորեն քիչ հավանական է, որ բոլոր գրագետները հավաքվել են դատական համակարգում, իսկ բոլոր անգրագետները սփռվել են քննչական եւ դատախազական համակարգով մեկ:

Բայց հետաքրքիրը ոչ միայն ԲԴԽ նախագահի բուն հայտարարությունն էր, այլ նաեւ դրա արձագանքը: Որ անգրագիտության մեջ «կասկածվող» քննիչներն ու դատախազները պետք է ընդվզեին, դա բնական է: Բայց արձագանքել են նաեւ իշխանության ներկայացուցիչներն ու երկրպագուները: Այդ արձագանքներից կարելի էր հասկանալ, որ իրենք դեմ չէին լինի ՍԴ անհաճո դատավորների հետ միասին դնել Վարդազարյանի հարցը: (Ըստ նույն տրամաբանության՝ պետք է հանրաքվեով կամ ԱԺ պատգամավորների 89 անսասան ձայնով լուծել նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Մարդու իրավունքների պաշտպանի հարցերը):

Եթե գործադիր իշխանությունը որեւէ ձեւով արձագանքում է դատական համակարգի որոշումներին կամ հայտարարություններին, դա նշանակում է, որ մեր դատարանների անկախությունն ապահովված չէ: Հիշեցնենք, թե ինչպիսի գնահատականներ են տրվել ամենաբարձր մակարդակով Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշում կայացրած դատավորներին, ինչպիսի հոգեբանական եւ «կազմակերպչական» ճնշումների են ենթարկվել այդ դատավորները: Դա չի կարող «կողմնորոշիչ դեր» չխաղալ մնացած դատավորների համար:

Իմ կարծիքով՝ դատարաններն անկախ կլինեն այն ժամանակ, երբ գործադիր իշխանությունը դրանց որոշումները որեւէ ձեւով չքննարկի: Դուք կհարցնեք՝ բա առաջ ինչպե՞ս էր: Պատասխանեմ. առաջ շատ վատ էր՝ դատավորները մեծ մասամբ գործադիր իշխանությունների գրպանում էին: Իսկ դրանից շատ առաջ ավելի վատ էր՝ դատարանների փոխարեն «տրոյկաներն» էին դատավճիռներ կայացնում: Բայց, կարծես թե, պարզ է, որ մենք չպիտի ընդօրինակենք անցյալի տխուր փորձը:

Ընդհանրապես, ես մտքումս այսպիսի մի բանաձեւ եմ մշակել. դատարաններն անկախ են այն դեպքում, երբ դրանց որոշումներից դժգոհներն, այնուամենայնիվ, վստահ են այդ որոշումների որակի վերաբերյալ: Ենթադրենք, մեր հասարակության մեծամասնությունն ուզում է, որ այս կամ այն մարդն ազատազրկվի: Եթե դատարանն ամեն ինչ անում է, որ դա տեղի ունենա, դա դեռեւս չի նշանակում, որ դատարանը վստահելի է: Այ, երբ անկախ այն բանից, թե ինչ կորոշի դատարանը, մեծամասնությունը, գուցեեւ դժգոհ լինելով, կասի՝ «ինչ արած, օրենքը դա էր պահանջում», ահա այդ դեպքում է, որ մենք կկարողանանք արձանագրել, որ ունենք կայացած դատական համակարգ:

…Իսրայելում դատվել են մի քանի նախկին եւ ներկա նախագահներ, եւ հասարակության մեծամասնության վերաբերմունքն այդ դատավարությունների նկատմամբ հենց այնպիսին էր, ինչպիսին պետք է լինի կայացած պետություններում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031