Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական հանրաքվեն, Նավալնին եւ մեր կարմիր գծերը

Հուլիս 07,2020 22:00

Համաձայն ռուսական ԿԸՀ-ի տվյալների, երկրում կայացած մեկշաբթայա հանրաքվեով ՌԴ Սահմանադրությունը հարստացավ մի-քանի տասնյակ փոփոխություններով, որոնցից կենտրոնականը՝ նախագահ Պուտինի բոլոր անցած նախագահական ժամկետների «զրոյացումն» է եւ, ըստ այդմ, 2024-ին նոր՝ երկու ժամկետը «զրոյից» սկսելը, որոնք ավարտվում են միայն 2036 թվականին։

Մասնակիցների ավելի քան երեք քարորդն, ըստ պաշտոնական տվյալների, կողմ է քվեարկել։ Իսկ դա նշանակում է, որ մեկ քարորդը, իսկ դա ներառում է միլիոնավոր մարդկանց՝ դեմ է եղել այդ փոփոխություններին։

Կան հիմնավոր պատճառներ տեղի ունեցածը դիտարկել հետեւյալ կերպ։ Եվ ուրեմն, անշուշտ, որեւէ նպատակ չկա քննարկել եւ գնահատականներ տալ, թե ինչ է այս թվերի հետեւում, թողնենք դա ռուսաստանյան հասարակությանը, որքան էլ որ այդ հասարակության մեջ են տարբեր խորությամբ ինտեգրված հարյուր հազարավոր հայեր, սփռված ողջ Ռուսաստանով, որոնք ունեն խիստ տարբեր քաղաքական նախապատվություններ.սկսած պետական պրոպագանդիստներից, ինչպես Մարգարիտա Սիմոնյանը, Անդրանիկ Միհրանյանը եւ Սերգեյ Կուրղինյանը, վերջացրած հայտնի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցով, որը գլխավորում է ընտրողների իրավունքների պաշտպանության «Գոլոս» համառուսաստանյան շարժումը եւ խիստ քննադատության է ենթարկում ընտրական գործընթացները Ռուսաստանում։

Ինչպես նշվեց, սա ռուսական պետության ներքին գործն է, եւ թող ռուս հասարակությունն էլ այդ գործով զբաղվի, մենք էլ զբաղվենք մե՛ր ներքին գործերով, որոնք, ինչպես տեսանք, ավելացան, կապված տեղի ունեցածի հետ, եւ պահանջում են շատ որոշակի գնահատականներ եւ ճշգրտումներ։

Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, հավատարիմ մնալով իրենց առաքելությանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ հարկատուների նկատմամբ, այն է՝ մատուցել հավասարակշռված, համակողմանի տեղեկատվություն, իր պատրաստած երեքրոպեանոց սյուժեով հենց այդ խնդիրն էլ լուծել էր։ Ներկայացվել էր պաշտոնական տվյալները, պաշտոնական դիրքորոշումը, ընդդիմախոսների դիրքորոշումը եւ «փողոցի»՝ տարբեր քաղաքացիների տարբեր դիրքորոշումները։ Այսինքն, որեւէ խնդիր չկա մեր՝ Հայաստանի քաղաքացիներիս եւ մեր հարկերից ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսության միջեւ, եւ պետք է շեշտենք, որ սա էլ արդեն մե՛ր խնդիրն է, թե մեր ինքնիշխան երկրում ինչպես ենք կառուցում մեր հարաբերությունները՝ ինչ ենք վճարում եւ ինչ ենք դրա դիմաց ստանում։

Ամենեւին էլ անհրաժեշտություն չկա «փաստաբանական» ծառայություններ մատուցելու Հանրային հեռուստատեսությանը, եւ այս բոլոր վաղուց հայտնի եւ բազմիցս արձանագրված իրողությունները լրացուցիչ արծարծման կարիք չէր էլ լինի, եթե տեղի չունենար մի զավեշտալի պատմություն։ Պարզվում է, մեր Հանրայինը չպետք է ցույց տար, թե ինչ գնահատական է տալիս իր ամեն տեսանյութին միլիոնավոր դիտումներ ստացող ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին տեղի ունեցած հանրաքվեին, եւ Հայաստանում ընդհանրապես դա չի կարելի անել, քանզի դա հաճելի չէ Ռուսաստանի պետական հեռուստաընկերության հաղորդավար եւ «հայ ժողովրդի բարեկամ» համարվող Վլադիմիր Սոլովյովին։ Նրա այդ անհասկանալի, անիմաստ եւ անողոք դժգոհությունը, հասնելով Հայաստան, կարծես ստարտային ատրճանակից կրակոցի վերածվեց։ Ավելին, այն՝ մարգինալ եւ մարգինալացող «քաղաքական ուժերին» եւ մերձքաղաքական որոշ շրջանակներին դրդեց ուղղակի զանգվածային ինքնալյուստրացիայի։

Նախ, խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժի առաջնորդը որոշեց, որ հենց նրան է տրված «փրկել» հայ ժողովրդին «հակառուսականությունից», նա նաեւ պիտի «փրկի» ռուսական ռազմաբազան Գյումրիում այդ «հակառուսականներից» եւ այլն, նրան նույն ոգով եւ ինքնամոռաց պաթոսով միացավ իր կուսակից պատգամավորներից մեկը։ Հիշեցնենք, որ խոսքը գնում է երեսուն վայրկյան տեւողությամբ Նավալնիի գնահատականի մասին, եւ ռազմաբազայի նույնիսկ անունը ոչ ոք չի տվել, չնայած կարող է տալ ցանկացած ոք, եւ ամեն ինչ քննարկելի է, իսկ ռազմաբազան, համենայն դեպս, տաբուի ներքո չէ, իսկ Հայաստանն էլ ազատ երկիր է։

Մի մերձքաղաքական գործիչ էլ, Ռոբերտ Քոչարյանի երեւացող կողմնակիցներից՝ ֆեյսբուքյան լայվում թափահարում էր իր ռուսական անձնագիրը եւ բորբոքված հայտարարում, որ ինքը, մեջբերում՝ ռուսական ազդեցության գործակալ է։ Նախկին ռեժիմի ջատագով տարրերն իրար հերթ չտալով եւ նույն ոգով իրենց «հավատարմությունն» էին հայտնում Ռուսաստանին, իսկ պատկերն ամբողջացրեց այն խայտառակ, արժանապատվությունից զուրկ տեքստը, որը հրապարակվեց «Ռուսաստանի հայերի միություն» կոչվող կազմակերպության անունից։ Ինչ խոսք, իրենք են, իրենց արժանապատվությունը, իրենց գործն է, բայց երբ սկսեցին իրենց թույլ տալ «քննադատել» Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը, թե ինչու է ցույց տալիս մի բան եւ ինչու ցույց չի տալիս մի այլ բան, ապա միանգամայն օրինաչափական հարց է ծագում. իսկ ընդհանրապես դուք ո՞վ եք եւ ո՞ր բարոյական իրավունքով եք նման պահանջներով հանդես գալիս, ինչպես նաեւ՝ որտեղի՞ց իմացաք, որ ձեր «պահանջը» Հայաստանում արժե ավելին, քան ռուսական երեք կոպեկը։

Այս ամենը ռուսների մասին չէ, նրանց մենք չէ, որ պետք է բացատրենք իրենց անելիքը, այս ամենը մեր՝ հայերի մասին է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Ռուսաստանում կամ այլուր բնակվող հայերի։ Եվ այս ամենը եւս մեկ առիթ է կարմիր գծերը կրկին անգամ ցույց տալու համար։ Եվ ուրեմն, այնպես, ինչպես Ռուսաստանը կամ որեւէ այլ երկիր հետապնդում է իր շահերը, ազատ, անկախ եւ ինքնիշխան Հայաստանը հետապնդում է իր՝ միանգամայն օրինական շահերը։ Պետք է բարի լինեն հարգեն այդ շահերը կամ մենք կստիպենք նրանց՝ հարգե՛լ այդ շահերը։ Հայաստանն իր հարաբերություններն արտաքին աշխարհի հետ, իր պատկերացումներն արտաքին աշխարհի մասին կառուցելու է երեք «կետերի» վրա՝ ինքնիշխանություն, արժեքներ, իրատեսություն, եւ կարիքը չունի օտարի հասցեին ոմանց գավառամիտ եւ ինքնասիրությունից զուրկ քծնանքի եւ փնթփնթոցների, որով հեղեղում եւ աղտոտում են եթերը կամ սոցցանցերը։ Նաեւ հաստատապես կարիքը չունենք նրանց կողմից տրված «դասերին», թե որ իրադարձությունն ինչպես պետք է հանրությանը մատուցվի, դասեր կտանք ում նրանք կցանկանան եւ ինչպես կցանկանան։ Դե, իսկ ինչ վերաբերվում է հայ-ռուսական հարաբերություններում «վտանգ տեսնող» որոշ «քաղաքական» կամ մերձքաղաքական սուբյեկտներին, ապա սա եւս մեկ անգամ մեզ ցույց է տալիս, թե դեռ որքան աղբ կա լցված հայ-ռուսական հարաբերությունների ողջ տիրույթում։

Հայաստանի շահերից է բխում Ռուսաստանի հետ ունենալ ինքնիշխանության վրա հիմնված.իրավահավասար, սիմետրիկ, արժանապատիվ, փոխշահավետ, 21-րդ դարին հարիր հարաբերություններ, եւ կարմիր գծերն անցնում են հենց ա՛յս սահմաններով, որից այն կողմ՝ դեպի աղբանոց է մղվելու այն ողջ մոլախոտը, որը քսան տարի այդտեղ բուծել է նախկին ռեժիմը կոռուպցիայի գոմաղբի վրա, իսկ հիմա դեռ ցուցադրաբար չփչփում է լողավազաններում։ Նրանք այլ տարբերակ չունեն, քան համակերպվել այն իրողության հետ, որ Հայաստանի քաղաքականության մեջ այլեւս անելիք չունեն անձինք, ում մեջքը բնազդով ծալվում է «Ռուսաստան» կամ մի այլ երկրի անունը լսելիս։ Որովհետեւ դա միջպետական հարաբերություններ չեն, դա բարեկամություն չէ, դա քաղաքականություն էլ չէ, այլ դա խայտառակություն է, տգիտություն եւ հոգեբանության պաթոլոգիկ խեղում։

Լուսավորության դարաշրջանում ասում էին, որ քնած բանականությունը ծնում է հրեշների։ Ներկայիս պոստմոդեռնիզմն, ըստ երեւույթին, բերել է նրան, որ քնած բանականությունը կարող է ծնել նաեւ ուղղակի կենցաղային հիմարների։ Դրանում համոզվելու համար այցելեք սոցցանցեր եւ առողջ եղեք։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

Հ.Գ. Երեւի թե արժե հիշատակել ռուսահայերից առավել քստմնելի կերպարներից մի իշխանամետ մեդիամագնատի, ով վերոնշյալ առիթով հայհոյախառը «ուղարկեց» հայերին դեպի «իրենց Նիկոլը», եթե նրանց «Ռուսաստանը ձեռք չի տալիս»։ Որքան էլ որ էսթետիկայի եւ հիգիենայի առումով այդ կերպարն իր ամեն ինչով անընդունելի է, սակայն պետք է խոստովանել, որ Մեծ Հայրենադարձությունը խթանելու տեսակետից նա իր այդ «խորհրդով» արդեն իսկ մեծ ծառայություն է մատուցել տասնյակ հազարավոր հայերին, կանխորոշելով նրանց հետագա անելիքը։

«Առավոտ» օրաթերթ
07.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031