Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի պաշտպան. «Կաշառք վերցրածները 2018թ.-ին իրենց կամքն արտահայտել են, սոցիալական արդարությունը վերականգնվել է»

Հուլիս 07,2020 17:56

«Մեր բողոքները վերաբերում էին, այդ թվում՝ վարույթի իրավաչափությանը, մասնավորապես՝ քրեական գործի հարուցման իրավաչափ լինելուն: Արդյոք օրինակա՞ն է հարուցվել քրեական գործը: Դրանից բխում է քրեական գործի օրինաչափությունը: Մյուս կարեւոր հանգամանքը, որը ներկայացրինք, քննչական ենթակայության հարցն է: Իրավաբանների հանրույթը զարմացած է, որ այդ հարցը քննության առարկա չի դարձել: Այս ողջ գործընթացը ոչ պատշաճ սուբյեկտի կողմից է ներկայացված»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանը:

Հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանն այսօր ավարտեց ԲՀԿ առաջնորդի պաշտպանական թիմի բողոքների քննությունը, որոշումը կհրապարակվի վաղը:

Հիշեցնենք՝ օրերս առաջին ատյանի դատարանը մերժեց Ծառուկյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը, ինչի դեմ վերաքննիչ բողոք է հղել դատախազությունը, իսկ Ծառուկյանի պաշտպանների վերաքննիչ բողոքները մի քանի պահանջ են ներառում, այդ թվում՝ հաստատված համարել հիմնավոր կասկածի բացակայությունը: Բողոքները վերաբերում են նաեւ քրեական գործը ՀՔԾ-ի փոխարեն ԱԱԾ-ի կողմից քննվելու հանգամանքին եւ այն փաստին, որ ԱԺ-ում գլխավոր դատախազի ներկայացրած՝ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու միջնորդագրի եւ դատարանում դատախազության ներկայացրած՝ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության միջեւ էական տարբերություններ կան:

Սամվել Դիլբանդյանը նշեց՝ դատախազության բողոքն էլ հիմնավոր չի եղել, որովհետեւ առաջին ատյանի դատարանը մանրամասն վերլուծել էր Ծառուկյանի հանդեպ խափանման միջոցը բացառելու հիմքերը. «Նախ, անձի վարքագիծը հասկանաք: Մինչեւ քրեական գործը հարուցելը եւ դրանից հետո մինչեւ այսօր Գագիկ Ծառուկյանը թույլ տվե՞լ է մի գործողություն, որը կասկած կառաջացներ, որ նա կխոչընդոտի գործի քննությանը: Նա ոչ թե խոչընդոտել, այլ նպաստել է գործի քննությանը: Նա մասնակցել է իր հետ կապված բոլոր քննչական գործողություններին՝ հարցաքննություններին: Կարող էր ցուցմունք չտալ՝ օգտվելով իր իրավունքից, բայց պատասխանել է վարույթն իրականացնող մարմնի բոլոր հարցերին, առերեսվել, ցուցմունք տվել: Եթե այս ամենը որպես խոչընդոտ է դիտվում, ես լռեմ: Խոչընդոտ կլիներ, եթե նա ապացույց կեղծեր, լռեր կամ փորձեր չներկայանալ վարույթն իրականացնող մարմին: Այս ամենը վկայում է նրա պատշաճ վարքագծի մասին»:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը բողոքների քննությանը չի մասնակցում, նա վարակված է կորոնավիրուսով: ԲՀԿ առաջնորդին առնչվող քրեական գործերը վերաբերում են, այդ թվում 2017-ին ընտրակաշառքի ենթադրյալ բաժանման եւ հարկերից ենթադրյալ խուսափելու դեպքերին: «Ի՞նչ քրեաիրավական հետեւանք է առաջացել…հետեւանքները վերջացած են 2018թ.-ի ընտրություններով, որովհետեւ այն ընտրողները, որոնք բազմահազար հանցագործ են, ինչպես ասում են, որովհետեւ կաշառք են վերցրել, 2018թ.-ին իրենց կամքն արտահայտել են, այսինքն՝ սոցիալական արդարությունը վերականգնվել է: Բացի այդ, նույն թվականի արդար, թափանցիկ ընտրություններում ԲՀԿ-ն ավելի շատ ձայն է հավաքել, քան 2017թ.-ին: Հիմա կասկածի տա՞կ եք դնում 2018թ.-ի ընտրությունները»,-շեշտեց Սամվել Դիլբանդյանը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hay says:

    2017 ին Ծառուկյան դաշինքը 400 000 ից ավել ձայն ա ստացել, իսկ 2018 ին 100 000 ,այսինոն 4 անգամ քիչ։էս մարդը օդի մեջ խեսում ա ու մի լրագրող չկա,որ ասի թե էդ ոնց ես հաշվում,որ քո մոտ թարս ա ստացվում։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031