Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Նազարյանը կկալանավորվի՞․ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

Օգոստոս 08,2020 20:53
Robert Nazaryan

2003-2018-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Նազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հետ կապված դատարանն այս պահին խորհրդակցական սենյակում է:

Այսօր կայացած դատական նիստից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Ռոբերտ Նազարյանի փաստաբան Սասուն Ռաֆայելյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ հայտնի չէ, թե դատարանը երբ կվերադառնա խորհրդակցական սենյակից՝ հավանաբար այսօր: Փաստաբանը փոխանցեց. «Դատարանից մեզ հստակ ժամ չեն ասել, ժամը 21:00-22:00-ին գուցե հրապարակվի որոշում կամ կարող է վաղն առավոտյան թողնվի»:

Հարցին ի՞նչ ակնկալիքներ ունեն դատարանից, փաստաբանը պատասխանեց. «Յուրաքանչյուր օրինական երկրում պետք է սպասել օրինական դատական ակտի. կապ չունի՝ դա ի վնաս, թե հօգուտ քեզ է: Մենք սպասում ենք օրինական ակտի»:

Հիշեցնենք՝ օգոստոսի 7-ին Ռոբերտ Նազարյանին և ՀՀ հանրային  կարգավորող հանձնաժողովի նախկին երկու անդամներին մեղադրանք է  առաջադրվել. հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալը ձերբակալված է: Ըստ մեղադրանքի՝ «Ռոբերտ Նազարյանը և հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանը և Մուշեղ Կոշեցյանը առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, 2011 թվականի ընթացքում չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»:

Փաստաբանը մեղադրանքը ապօրինի համարեց ու հավաստիացրեց՝ այն հիմնավորված չէ որևէ փաստական տվյալով: Մեր դիտարկմանը՝ կոնկրետ անուններ կա՞ն, փաստաբանն արձագանքեց. «Հանձնաժողովը կոլեգիալ մարմին է, անդամներից յուրաքանչյուրը քվեարկում է այնպես, ինչպես ինքն է որոշում: Իրենք էլ դրա համար են: Հանձնաժողովի մի անդամը մյուսից որևէ կախում չունի: Հարցը եթե նիստի օրակարգ բերվեց, յուրաքանչյուր անդամ ոնց որոշում է, այնպես քվեարկում է: Այս դեպքում ստացվել է այնպես, որ միաձայն բոլորը կողմ են քվեարկել, ու հիմա այդ մարդկանց իրենց տեսակետն արտահայտելու համար ասում են, թե պետությանն այդքան վնաս եք պատճառել»:

Մեղադրանքից մեջբերեցինք, թե կոնկրետ ՍՊԸ-ի անուն է նշվում, մասնավորապես, որ «Նազարյանի և հանձնաժողովի վերը նշված անդամների գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019 թվականների ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար» և հետաքրքրվեցինք՝ մի՞թե սրանք համոզիչ տվյալներ չեն, փաստաբանը պատասխանեց. «Ոչ, համոզիչ չեն: Երբ կառավարության որոշումը ներկայացվել է հանձնաժողովին, որևէ ՍՊԸ-ի մասին որևէ տվյալ առհասարակ նշված չի եղել: Ուղղակի կառավարությունն առաջակել է, որպեսզի մինչև 10 ՄԳ Վտ հզորության ՀԷԿ-երը 10 ՄԳ Վտ-ը դառնա 30 ու մինչև 30 ՄԳ Վտ  հզորության ՀԷԿ-երը դասվեն փոքր ՀԷԿ-երի շարքին: Պարոն Նազարյանը և մյուս  անդամներն ընդամենը դրա վերաբերյալ են որոշում կայացրել,  որ եթե մինչև այսօր 10 ՄԳ Վտ հզորության ՀԷԿ-երն էին համարվում փոքր, սրան հաջորդող ժամանակահատվածում մինչև 30 ՄԳ Վտ հզորության ՀԷԿ-երը համարվեն փոքր: Դա է եղել խնդիրը»:

Մեր հստակեցմանը՝ այսինքն՝ հավելյալ ստացված ՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումարի պատասխանատուն Ռոբերտ Նազարյա՞նը չէ, փաստաբանը պատասխանեց. «Ոչ: Փաստացի ՀԷԿ-ն է ստացել այդ գումարը, իսկ հանձնաժողովի անդամները ՀԷԿ-ի հետ առհասարակ որևէ կապ չունեն»: Հարցին՝ ունե՞ք դա հավաստող փաստաթղթեր, Սասուն Ռաֆայելյանը պատասխանեց. «Քրեական գործում են այդ ապացույցները: Քննիչն էլ ամբողջությամբ ներկայացրել է: Ռոբերտ Նազարյանին էլ առաջադրված մեղադրանքը դրա վերաբերյալ է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31