Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ համեմատությունները պրիմիտիվ են. Տեր Եսային՝ Քրիստոսին վերաբերող վարչապետի համեմատությունների մասին

Օգոստոս 18,2020 22:55

«Ամեն պատեհ կամ անպատեհ առիթով հիշել ավետարանական այս կամ այն դրվագը այս կամ այն պատմությունն ու այն կապել այսօրվա իրականության հետ, չեմ կարծում, որ բովանդակային առումով մեկը մյուսի հետ կապվում է: Օրինակ, երբ Քրիստոս անդամալույծին ասում է՝ վեր կաց ու քայլիր, նույն բանը չէ, ինչ-որ որեւէ մարդ կարող է մեկին ասել՝ վեր կաց ու քայլիր, բովանդակային մասով կարելի է հասկանալ՝ ինչու է դա ասում, ինչ նպատակ ունի, բայց ավետարանական տեքստերի հետ պետք է մի քիչ ավելի ծանոթ լինել եւ այդ տեսանկյունից օգտագործել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հիսուս Քրիստոսի հետ կապված համեմատություններին:

Հիշեցնենք, որ Ավետարանից վերջին մեջբերումը վարչապետն արել էր նախօրեին, երբ ասել էր, որ ՀՀ-ն պետք է կառուցենք այնպես, ինչպես Քրիստոսի երկրորդ գալստյանը սպասելիս:

Հիշեցնենք նաեւ, որ ավելի վաղ վարչապետը Աստվածաշնչից անդամալույծին վերաբերող մեջբերում էր փոխակերպել, ինչպես Քրիստոսն էր անդամալույծին ասել՝ վեր կաց ու քայլիր, Նիկոլ Փաշինյանը բոլորին նույնը հորդորեց. «Եվ ես՝ որպես ՀՀ վարչապետ, այսօր ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասել հայ ժողովրդին՝ վեր կաց եւ քայլիր, դու պարտվող չես, դու մուրացիկ չես…»:

Տեր Եսայի քահանայի խոսքով, վարչապետի համեմատությունները պրիմիտիվ են. «Որովհետեւ առհասարակ հոգեւոր թեմաները, երբ կոնտեքստից դուրս փորձում ենք համեմատություն անել, միշտ էլ բուն իմաստից այսպես թե այնպես շեղվում ենք, չենք կարող նույն հոգեւոր պատգամները կոնտեքստից դուրս քաղաքական, տնտեսական, հասարակական դաշտում կիրառել ու ստանալ նույնը, ինչ կա Ավետարանում:

Ինչ վերաբերում է Աստծո անունը իզուր չտալու արգելքին կամ պատիվիրանին, այս պարագայում որեւէ մեկը չի կարող մարդուն դատել կամ քննել, որովհետեւ յուրաքանչյուր մարդ ինքը գիտի՝ ինչ հավատքով կամ առանց հավատքի է տալիս Աստծո անունը: Հավատքն այս պարագայում հաշվել կամ չափել հնարավոր չէ, դրա համար կխուսափեմ ասել Աստծո անունն իզուր է տալիս, թե՝ ոչ. յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում Աստծո անունն իզուր է տալիս, գիտակցաբար, թե հավատքով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31