Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավում եմ, որ ժամանակին մարտական հաջողություններ արձանագրած անձը համաձայնել է դառնալ գործիք, այն էլ՝ ժանգոտած». Նաիրա Զոհրաբյանը՝ Գագիկ Մելքոնյանին

Սեպտեմբեր 06,2020 19:41

«Հանրությունը շատ լավ գիտի յուրաքանչյուրի իրական արժեքը: ԲՀԿ-ն որեւէ մեկի համար տրամպլին չի հանդիսացել եւ չի հանդիսանալու: Մենք մեր քաղաքական օրակարգն ունենք, մենք մեր քաղաքական օրակարգով գնալու ենք առաջ, ինչքան էլ իշխանամերձ տարատեսակ ժանգոտ գործիքներով փորձեն աղմուկ բարձրացնել՝ հանրության ուշադրությունը շեղելու համար: Չի ստացվելու»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ վերջին շրջանում անդրադառնալով ԲՀԿ-ի քաղաքական ակտիվության առիթով բարձրացած աղմուկին:

Օրերս, պաշտպանության նախկին փոխնախարար «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության համակարգող Գագիկ Մելքոնյանն էր խոսել ԲՀԿ-ի քաղաքական ակտիվ փուլի մասին՝ զուգահեռներ անցկացնելով 2015 թվականի իրադարձությունների հետ: «2015-ին մենք Ծառուկյանին ասեցինք՝ կանգնած ենք մինչեւ վերջ, ինքը հայտարարություն արեց, որ քաղաքականությունից դուրս է գալիս: Բայց 2017-ի դեկտեմբերին, երբ մենք ՕՐՕ դաշինք կազմեցինք, շատ ընդդիմադիր ճյուղեր կային, որ ցանկությւոն հայտնեցին իրար հետ միանանք: Այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն արեց, որ վերադառնում է քաղաքականություն եւ այն ընդդիմադիրների հետ, ում մենք գնում էինք հանդիպում էինք, էդ ժամանակ բոլորին հրավիրում էր ինքը նաեւ, որ իրա հետ դաշինք կազմեն ու էդտեղ մենք հասկացանք, որ պատվերը վերեւից է: Ոչ թե Ծառուկյան Գագիկը իրոք ցանկանում է ընդդիմություն դառնա եւ իշխանության գա… ինքը երբեք չի ուզեցել լիդեր դառնա, նույնիսկ 2015-ին, ասել է, որ ինքը լիդեր չի ցանկանում դառնալ, պետք է բերել այն ուժին, այն մարդուն, որը ցանկանում է դառնալ նախագահ, մենք էլ իրեն օգնենք»,- ասում է Գագիկ Մելքոնյանը՝ հավելելով, որ 2017-ի ընտրությունների վերլուծությունից եկել է այն եզրակացության, որ որոշ տեղերում ԲՀԿ-ի ձայներն ավելի շատ էին, քան ՀՀԿ-ինը, օրինակ, Գեղարքունիքի մարզում, բայց վերջում ԲՀԿ-ինը 30 տոկոս է գրվել, ՀՀԿ-ինը՝ 60 եւ ավելի:

Ապա նա ասում է, որ 2015 թվականից էր պարզ, թե ինչ է կատարվում. «Հիմա նույնն է. ինքը ծառայում է նախկին իշխանություններին: Ծառուկյան Գագիկը ծառայում է Քոչարյան Ռոբերտին, կարող է նաեւ ծառայել Սերժ Սարգսյանին, ինքը չի դառնալու լիդեր երբեք, իրեն երբեք չեն դնելու, ինքը չի էլ ուզում լիդեր դառնա, ինքը պիտի պայքարի որեւէ մեկի համար, ինքն ամեն ինչ կանի որեւէ մեկի համար: Ինքն ուզում է իշխանության գան Ռոբերտը կամ Սերժը, որոնց ժամանակ ինքն ընդդիմություն է խաղացել եւ իրեն շատ լավ է զգացել»:

Հակադարձելով Գագիկ Մելքոնյանի այս հայտարարություններին, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Գիտեք, վաղուց ինձ որեւէ բան դադարել է այլեւս զարմացնել, ինձ դադարել են զարմացնել այն մարդկանց վայրահաչությունները Գագիկ Ծառուկյանի հասցեին, ովքեր տարիներ շարունակ Ծառուկյանի դռան մոտ հերթ էին կանգնում՝ Ծառուկյանի բարեհաճությանն արժանանալու համար: Ես հասկանում եմ, որ ցանկացած իշխանություն ունի քաղաքական ժանգոտած գործիքների մի արսենալ, որը պարբերաբար գործի է դնում ընդդիմախոսների դեմ: Նման ապատեղեկատվություններ տարածող մարդիկ իրենք հրաշալի գիտեն, որ անցյալին որեւէ վերադարձ լինել չի կարող, բայց քանի որ աշխատում, գործում եւ ֆինանսավորվում են տվյալ օրվա իշխանության պետպատվերի շրջանակում, իրենց կարծիքով, փորձում են հանրությանը մոլորեցնել: Չի ստացվելու: Ես, պարզապես ցավում եմ, որ ժամանակին երեւի թե ինչ-ինչ մարտական հաջողություններ արձանագրած անձն այսօր համաձայնել է ստանձնել նման անպարկեշտ եւ անբարո դերակատարություն՝ դառնալ գործիք, այն էլ՝ ժանգոտած»:
Գագիկ Մելքոնյանը նաեւ սոցիալական ցանցերում կարդացել է, որ ԲՀԿ-ի հավաքների ժամանակ «Գագիկ Թագավոր ով որ գոռա՝ 20 հազար դրամ փող կստանա»:

«Դուք ինձ ստիպում եք, որ ես կասկածի տակ դնեմ նման հայտարարություններ անողների ոչ միայն բարոյականությունը, ինչը առանց այդ էլ մեծապես կասկածի տակ է, այլեւ հոգեկան առողջությունը: Միայն հոգեպես խեղված եւ անառողջ փսիխիկա ունեցող մարդը կարող է նման տխմարագույն հայտարարություններ անել»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930