Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծելով ժամանակի լավագույն բույրերը․ Ֆրենսիս Քուրքջյան ու Սեսիլ Զարոքյան

Սեպտեմբեր 09,2020 21:00 Share

Aravot.am-ի «Ֆեմինի․ ամեն ինչ կանանց մասին և կանանց համար» նախագծի շրջանակներում անդրադարձել ենք ֆրանսահայ պարֆյումերներ Ֆրենսիս Քուրքջյանին ու Սեսիլ Զարոքյանին, որոնց ստեղծած օծանելիքներն այսօր դասվում են ամենասիրված, ամենաճանաչելի ու ժողովրդական բույրերի շարքին, միևնույն ժամանակ հայազգի պարֆյումերներն աշխատում են նիշային պարֆյումերիայի ոլորտում, ինչպես նաև ստեղծում բացառիկ բույրեր՝ անհատական պատվերներով։

ՖՐԵՆՍԻՍ ՔՈՒՐՔՋՅԱՆ

1969 թվականին Փարիզում ծնվում է Ֆրենսիս Քուրքջյանը, որի նախնիները ցեղասպանությունից մազապուրծ հայեր էին՝ հաստատված Ֆրանսիայում։ Ինֆորմատիկայի ոլորտի ինժեների ու տնային տնտեսուհու որդին դեռ մանկուց գիտեր, որ ստեղծագործելու է, բայց որ դառնալու է «բույրերի մեծ կոմպոզիտոր», չէր էլ ենթադրում։ Նրան գերում էին երաժշտությունն ու պարը․ պատանի Ֆրենսիսը հավատացած էր՝ ելույթ է ունենալու աշխարհի լավագույն բեմերում։ 13 տարեկանում Քուրքջյանը երկու անգամ փորձում է ընդունվել Փարիզյան օպերա, սակայն՝ անհաջող․ ճակատագիրն այլ առաքելություն էր նախապատրաստել նրա համար։

Մի փոքր հուսահատվելով իր անհաջողությունից՝ Ֆրենսիսն ուժերը որոշում է փորձել նորաձևության ոլորտում, մանավանդ որ ընտանիքում լավ օրինակ ուներ իր աչքի առջև՝ մայրական պապը, որը տղամարդկանց հագուստի դերձակ էր։ Սակայն այստեղ էլ ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթանում։ Տղան դիմում է հայտնի դիզայներ Իվ Սեն Լորանին, բայց վերջինս Ֆրենսիսի մեջ տաղանդ չի տեսնում, և այդ փնտրտուքներից լավագույնը, որ քաղում է Քուրքջյանը, այն տեղեկությունն էր, որ նորաձևության տները զբաղվում են նաև օծանելիքների մշակմամբ ու արտադրությամբ։
Հենց այդ ժամանակ էլ ծնվում է կիրքը բույրերի նկատմամբ․ ապագա պարֆյումերը հստակ հասկանում է, թե ինչ է իրեն հարկավոր։ 15 տարեկանում Քուրքջյանն ընդունվում է Վերսալում տեղակայված Պարֆյումերիայի միջազգային դպրոցը՝ ISIPCA-ն, որը հիմնադրվել է Ժան Ժակ Գեռլենի կողմից 1970 թ․-ին։

Ավարտելով դպրոցը՝ Քուրքջյանը միանում է Փարիզի Quest International ընկերությանը՝ չդադարելով կատարելագործել հոտառությունն ու իր մասնագիտական հմտությունները։ Շարունակելով ուսումը՝ ֆրենսիսը ստանում է մագիստրոսի կոչում Փարիզի շքեղ ապրանքների շուկայավարման ինստիտուտում: 1995 թ․-ին, երբ Ֆրենսիսն ընդամենը 26 տարեկան էր, ստեղծում է իր առաջին բույրը՝ «Le Beau Male»-ը՝ Ժան Պոլ Գոտյեի պատվերով։ Օշինդրի, անանուխի, նարդոսի, հիլի, դարչինի, նարինջի, սանդալի, վանիլի և այլ նոտաների հիասքանչ համադրությամբ ստեղծված օծանելիքը շատ մեծ հաջողության է արժանանում շուկայում՝ միաժամանակ ուշադրություն հրավիրելով պարֆյումերի անձի վրա։

«Le Mâle»-ի սրվակը ձևավորել է անձամբ Ժան Պոլ Գոտյեն։ Օծանելիքի խորհրդանիշը ֆրանսիական նավատորմի նավաստին է։

Նրան սկսում են դիմել հայտնի մարդիկ՝ խնդրելով պատրաստել անհատական օծանելիքներ․ ի դեպ, առաջին անհատական օծանելիքը Ֆրենսիսը պատրաստել էր դեռ 1988 թ․-ին՝ իր մտերիմ ընկերոջ համար։
Ֆրենսիս Քուրքջյանին հաճախ են համեմատում հոգեբանի հետ, և դրանում ճշմարտության մեծ մասնիկ կա․ անհատական պատվերները պատրաստելիս Ֆրենսիսը ծանոթանում է պատվիրատուի նախասիրություններին, բնավորության գծերին, «քչփորում» նրա հիշողությունները, ապա մի որոշ ժամանակ անց նրան է հրամցնում անվանական կանաչ սրվակում ամփոփված մի բույր, որն ամբողջովին արտացոլում է տվյալ մարդու էությունը։
Պատմում են, որ մի անգամ Ֆրենսիսը մի բույրի վրա աշխատել է ուղիղ երկու տարի, քանի որ պատվիրատուի կյանքում անընդհատ ինչ-որ բան փոխվում էր, և բոլոր այդ փոփոխությունները պիտի արտացոլվեին անհատական բույրի սրվակում։

2001 թ․-ին Ֆրենսիսն արժանանում է Prix Francois Coty հեղինակավոր մրցանակին։

2005 թվականին Քուրքջյանը, ուսումնասիրելով 18-րդ դարավերջի Ֆրանսիայի թագավորական արքունիքի օծանելիքագործի բանաձևերը, վերստեղծում է Մարի Անտուանետի սիրելի բույրը՝ M.A. Sillage de la Reine-ը, որը թողարկվում է սահմանափակ քանակությամբ ու վաճառվում բացառապես Վերսալում։ Որոշ ժամանակ անց իր հարցազրույցներից մեկում Քուրքջյանը նշելու էր․ «Ես իմ դարաշրջանի պարֆյումերն եմ։ Հենց դրա համար էլ չեմ շարունակի վերականգնել անհետացած ու մոռացված բույրերը»։

Մարի Անտուանետ-Ֆրանսիայի թագուհի, Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XVI-ի կինը

2009 թ․-ին արդեն համաշխարհային հռչակ վայելող պարֆյումերն իր պարֆյումերային տունն է ստեղծում՝ Maison Francis Kurkdjian-ը՝ շարունակելով ներկայացնել մարդկանց հոտառությունը շոյող ամենայուրօրինակ համադրություններ, օծանելիքից բացի՝ բուրավետ ապարանջաններ, մոմեր, օճառ, հագուստի փափկեցուցիչներ և այլն։
Maison Francis Kurkdjian պարֆյումերային տան առաջին օծանելիքը Acqua Universalis-ն էր, որն անվանում են սպիտակ վերնաշապիկի բույր․ այն թարմ ու անգամ մի փոքր խշխշան բույր է՝ նոր արդուկված սպիտակ վերնաշապիկի նման։

Այսօր Ֆրենսիս Քուրքջյանի ստեղծած «բուրավետ երաժշտությունն» ամենուր է՝  լինի դա Վերսալում, թե ճապոնական մի գողտրիկ գյուղում, Երևանի սրտում կամ Գավառում, աշխարհի համալսարաններում, թատրոններում, խանութներում, շուկաներում, ամենուր, քանի որ նրա ստեղծած բույրերը գերում են միլիոնավոր մարդկանց՝ աշխարհի տարբեր անկյուններում․ դրանք ժամանակի ամենաճանաչված ու սիրված բույրերից են։ Այդպիսիք են՝

Elizabeth Arden, Green Tea-այս համադրությամբ Ֆրենսիսը սիրելի դարձրեց կանաչ թեյի բույրը՝ այն համեմելով նարնջի, բերգամոտի, անանուխի ու կիտրոնի նոտաներով։
Guerlain-ի Rose Barbare, որտեղ հեղինակը նորովի է ներկայացնում թուրքական վարդը։
Narciso Rodriguez For Her-ծաղկային ու մուշկե հնչեղ օծանելիքը, որի համար 2004 թ․-ին նրան շնորհվում է Fifi Award մրցանակ, իսկ դա նշանակում էր, որ Պարֆյումերային ասոցիացիան այդ բույրը լավագույնն է համարում։
Iris Nobile Acqua di Parma -ի համար- ծաղկամուշկային բույր, որը գրավեց աշխարհի միլիոնավոր կանանց։

Ճերմակ վերնաշապիկով, ձիգ կեցվածքով ու խորաթափանց հայացքով․ այսպիսին է հայազգի պարֆյումերը, որի քիթն ունակ է տաբերակելու հարյուրավոր բույրեր։

«Ոգեշնչումն առաջին հերթին շուրջդ գտնվող աշխարհը զգալն է։ Պետք է պարզապես ազատ ոգի ունենալ ու չծանրաբեռնվել նախապաշարմունքներով։ Թեև ոգեշնչումը ստեղծագործության տեսանելի մասը չէ, բայց այն լիովին զգալի է։ Ոգեշնչման իմ աղբյուրները բազմաթիվ են։ Դրանք կապված են նկարիչների, արվեստի հետ։ Այն նաև կարող է ծնվել ժամանակակից կերպարներից՝ մարդկանց կենսակերպից ու արժեքներից»,-ասում է Ֆրենսիս Քուրքջյանը՝ շարունակելով ստեղծագործել բույրերի աշխարհում։

80-ից ավեի ընդհանուր օգտագործման համար նախատեսված և մոտ 50 անհատական օծանելիք, և սա դեռ ամենը չէ․ ֆրանսահայ պարֆյումերը դեռ ասելիք ունի աշխարհին։
Իսկ նրա մանկության երազանքը, այնուամենայնիվ, կարծում ենք, իրականացել է․․․ նա ստեղծում է մեղեդիներ, բայց շատ ավելի բազմազան ու զգացմունքային՝ բույրերի նոտաներով ․․․ Ու թեև այդ նոտաները յուրաքանչյուրի մոտ հնչում են յուրովի՝ բայց պահպանում են մի շատ կարևոր ընդհանրություն՝ Ֆրենսիս Քուրքջյանի ֆանտաստիկ «լսողությունը»։

ՍԵՍԻԼ ԶԱՐՈՔՅԱՆ

36-ամյա Սեսիլ Զարոքյանն արդեն հասցրել է ճանաչելի դառնալ պարֆյումերիայի քմահաճ աշխարհում, և ինչպես իր հայրենակից Ֆրենսիս Քուրքջյանը մեծ հարգանք է վայելում աշխարհի ամենաճանաչված ապրանքանիշերի շրջանում։
Սեսիլ Զարոքյանը ծնվել է 1984 թ․-ին Ֆրանսիայի Մարսելում։
Նա մանկուց պաշտում էր բույրերը․ նոր լվացված սպիտակեղենի բույրը, իր մայրիկի Femme Rochas, ինչպես նաև իր մանկական՝ Tartine et Chocolat (Givenchy) օծանելիքները։

Իսկ պատանեկության տարիներին երազում էր մանկաբույժ դառնալ և լրջորեն ուսումնասիրում էր բժշկություն ու կենսաքիմիա, որի վերաբերյալ գիտելիքներն արդյունքում նրան շատ պետքական եղան։ «Քիմիան օգնում է հասկանալ, թե ինչպես են օծանելիքների բաղադրամասերը փոխազդում միմյանց հետ»,-պատմում է Սեսիլը։

Սակայն պատահական հանդիպումը հիմնովին փոխում է Զարոքյանի պլանները․ ընկերոջ խորհրդով նա ընդունվում է I.S.I.P.C.A պարֆյումերային դպրոց, որտեղ սովորել է նաև Ֆրենսիս Քուրքջյանը։

I.S.I.P.C.A -ն ավարտելուց հետո Զարոքյանն իր գործում կատարելագործվում է պարֆյումերիայի մայրաքաղաք համարվող ֆրանսիական Գրաս քաղաքի Robertet ընկերությունում ՝ պարֆյումեր Դանիել Մորելի ղեկավարությամբ։

Շուտով տաղանդավոր ուսանողուհին սկսում է կոմերցիոն պատվերներ ընդունել, որոնցից մեկը Amouage տնից է ստացվում, արդյունքում 2009 թ․-ին ծնվում է Epic Woman հայտնի կոմպոզիցիան, որը հեղինակել էին Սեսիլ Զարոքյանը, Անժելին Լեպորինին ու Դանիել Մորելը։
2011 թ․-ին Սեսիլը հիմնում է պարֆյումերային սեփական տունը՝ Cecile Zarokian Sarl-ը։ Նա մինչ օրս հուզմունքով է հիշում իր առաջին պատվերը՝ ստացված Jovoy Paris ապրանքանիշից։ Սեսիլը ստեղծում է խորը, գայթակղիչ բույր կաշվի, արևելյան-փայտային երանգներով, ուր լսվում էին վետիվերի, սանդալի, հնդկական պապիրուսի նոտաները։


Jovoy Paris-ի ղեկավար Ֆրանսուա Էնային օծանելիքը պարզապես հիացնում է․ նա նշում է՝ խարիզմատիկ պարֆյումը կարծես հենց իր համար է ստեղծված և անվանում է համապատասխանաբար՝ Private Label։

Սեսիլ Զարոքյանը, ինչպես և Ֆրենսիս Քուրքջյանը, իր աշխատանքում բարձր է գնահատում ազատությունն ու գեղարվեստական մոտեցումը։ Օրինակ երբ իտալական նիշային օծանելիքի տուն Laboratorio Olfattivo-ն իր պատվերը նկարագրելու փոխարեն Սեսիլին է ուղարկում կնոջ դեմքի մի պատկեր, որտեղ երևում էին միայն կնոջ մուգ ու խորաթափանց աչքերը, Սեսիլը հասկանում է, որ պիտի ստեղծի այնպիսի բույր, որն առեղծվածային է, գրավիչ ու գերող։
Հենց այդպես է ծնվում է արևելյան-փայտային Kashnoir բույրը։

Սեսիլը համոզված է՝ բույրեր ստեղծելու համար անհրաժեշտ են զգացմունքներ ու երևակայություն։ Իսկ ոգեշնչումն ամենուր է՝ բառերի, երաժշտության, կտավների, գործվածքների մեջ։ Այդպիսի օրինակ է Սեսիլի ստեղծագործություններից մեկը՝ Mon Nom Est Rouge («Իմ անունը կարմիր է») օծանելիքը՝ Majda Bekkali ապրանքանիշի համար․ այդ օծանելիքը ստեղծելիս պարֆյումերը ոգեշնչվել է թուրք գրող, նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի համանուն վեպից։  Վարդի խիտ բուրմունքը՝ համեմված խնկով ու վարդագույն պղպեղով, համպարով և այլ համեմունքներով՝ ամփոփված է արվեստի գործ հիշեցնող սրվակում։


Զարոքյանը հետաքրքրությամբ ուսումնասիրում է բույրերի ու արվեստի կապը։ Նա հետաքրքիր փորձարկումների կողմնակից է։

Օրինակ «Նկարիչն ու պարֆյումերը» նախագծի շրջանակներում նա բույրերի լեզվով էր «թարգմանել» ֆրանսիացի նկարիչ Մեթյու Ապրիույի նկարազարդումները։ Արդյունքում ծնվեցին 6 յուրօրինակ բույրեր։ Փորձարկումն այնպիսի հաջողություն ունեցավ Փարիզում, որ որոշվեց այն իրականացնել նաև Միլանում և Լոնդոնում։

«Նկարիչն ու պարֆյումերը» ցուցադրությունը

Սեսիլը Զարոքյանը, ինչպես և Ֆրենսիս Քուրքջյանը, բույրեր ստեղծելիս չի հետևում շուկայի թելադրանքին, սիրում է աշխատել ինչպես բնական, այնպես էլ սինթետիկ բաղադրամասերով, ժամանակից դուրս բույրեր է համարում Femme Rochas, Eau Savage Dior, Chanel 5, Shalimar Guerlain ստեղծագործությունները, իսկ մեծագույն պարֆյումերներ՝ Դոմինիկ Ռոպիյոնին ու Ֆրենսիս Քուրքջյանին։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930