Լրահոս
Օրվա լրահոսը

«Մերը գյուղ տեղ է, ուշ-ուշ է ձեռքներս փող լինում ու շատ, լինում է՝ ապառիկով ենք հաց ուտում». ուզում են վարչապետի, նախագահի, ԱԺ-ի, ՍԴ-ի աշխատակազմում աշխատավարձ բարձրացնել

Սեպտեմբեր 09,2020 14:46 Share

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն այսօր ԱԺ առողջապահության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Նա առաջարկում է 4 մարմինների՝ ՀՀ Նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում եւ Սահմանադրական դատարանի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ամսական աշխատավարձի ֆոնդը հաշվարկել այլ կերպ՝ Վիճակագրական կոմիտեի կողմից պլանավորմանը նախորդող տարում պետական հատվածում 50 եւ ավելի աշխատողներ ունեցող կազմակերպությունների հունվար-դեկտեմբերի ամիսների անվանական միջին աշխատավարձի 100 տոկոսի եւ աշխատողների թվաքանակի արտադրյալի միջոցով:

Հիմնավորման մեջ Արտակ Մանուկյանը նշեց, որ գործող օրենսդրությամբ այդ մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ամսական աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում է բազային աշխատավարձի կրկնապատիկի եւ այդ աշխատողների թվի արտադրյալով:

Կրկնապատիկ գործակցով պայմանավորված՝ նշված անձանց աշխատավարձի ֆոնդի ձեւավորման համար միջին աշխատավարձը կազմում է 66.140*2=132.280 ՀՀ դրամ: Գործակցի մեծությունը սահմանվել է օրենքի գործադրմամբ, այն է` 2013 թ. երբ միջին անվանական աշխատավարձը, ըստ վիճակագրական ծառայության կազմել է 146.524 ՀՀ դրամ: Ստացվում է, որ օրենսդիրը որոշում կայացնելիս այդ միջին աշխատավարձը սահմանել է միջին ամսական անվանական աշխատավարձի 90 տոկոսի չափով:

2019 թ. համար ՀՀ վիճակագրական պետական ծառայությունը ամսական անվանական աշխատավարձը հաշվարկել է 182.673 դրամ: Այլ հավասար պայմաններում, նույն տրամաբանությամբ 2019թ. քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց միջին աշխատավարձը պետք է կազմեր 164.406 դրամ, սակայն նման աշխատավարձի սանդղակ սահմանելու հնարավորություն օրենսդիրը չի տվել:

Կառավարության ներկայացուցիչ, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալ Վաչե Քալաշյանն ասաց, որ իրենք բացասական եզրակացություն են տալիս նախագծին, քանի որ մոտեցումը պետք է ներդաշնակեցվի այլ մարմինների համար էլ: Նա նշեց, որ եթե ցանկանում են բարձրացնել աշխատավարձը, դա պետք է անեն բազային աշխատավարձը բարձրացնելով, առանց այդ էլ որոշ մարմիններում խզում կա:

«Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանը հարցրեց. «Ե՞րբ: Բոլոր օրենքների հարցով այս խնդիրն ունենք: Կառավարությունն ասում է՝ շուտով դա անելու ենք, ե՞րբ է լինելու»:

Քալաշյանը պատասխանեց. «Լեն օրից չի գալիս, որ քննարկում ենք այս հարցը: Պետության գերակայությունների հիերարխիայից ելնելով պետք է նայենք հարցին: Ներողություն նման անպատասխանատու հայտարարություն անելու համար, հատկապես նոր Հայաստանում վարձատրությունը առաջին տեղում չէ, հատկապես՝ պետական համակարգում աշխատողների համար: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է»: Նա հումորով պատասխանեց՝ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի նման. «Մերը գյուղ տեղ է, ուշ-ուշ է ձեռքներս փող լինում ու շատ, այնպես որ լինում է՝ ապառիկով ենք հաց ուտում»: Նա հորդորեց երկրի ունեցած հնարավորություններն ու գերակայությունները հաշվի առնել:

Արտակ Մանուկյանն էլ հիշեցրեց, որ երբ վարձատրության այդ բացը փորձում են պարգեւավճարներով փակել, ԶԼՄ-ների քննարկման թեման է դառնում:

Նախագիծը քվեարկության չդրվեց, այն 2 ամսով հետաձգվեց:

Հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացավ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի նախագիծը՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարել, որով առաջարկում էր միայնակ ու անժառանգ տարեցների կոմունալ ծախսերը փոխհատուցել, քանի որ իրենց թոշակի 20 տոկոսը կոմունալների վճարների վրա են ծախսում: Ըստ նրա, խոսքը 11 հազար 230 տարեցի մասին է: Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել, քանի որ օրենքում կոմունալ վարձավճարի փոխհատուցում արդեն սահմանված է ու կառավարությունը տալիս է, օրինակ, գազի վճարի փոխհատուցում: Բացի այդ, շահառուների խումբը հստակ չէ, նշվում է միայնակ տարեց, բայց հիմք է վերցնում միայնակ թոշակառուների տվյալները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930