Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Դանիելյան- Ալեն Սիմոնյան ծեծկռտուքի գործով նիստը չի կայացել

Սեպտեմբեր 09,2020 17:50

«Ադեկվատ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի եւ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով դատական առաջին նիստը նշանակված էր այսօր: Նիստը, սակայն, չի կայացել:

Գործը քննում է դատավոր Արմինե Մելիքսեթյանը։

«Ադեկվատ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք միջնորդություն էին ներկայացրել դատարանին՝ նիստը հետաձգելու մասին: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ինքն առողջական խնդիրներ ունի եւ զբաղված է դրանք լուծելով, իսկ դատարանը՝ նիստի նշանակման օրվա եւ ժամի մասին կողմին ծանուցել է նիստը նշանակելուց 10 ժամ առաջ: Արթուր Դանիելյանը կարծում է, որ նիստի մասին իրենց ուշ ծանուցելու նպատակը մեկն է, որ իրենք դատարան ներկայանան անպատրաստ:

Նիստի նոր ժամկետ դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, ապրիլի 29-ին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի միջեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել՝ «Մալիբու» սրճարանի տարածքում: Օգոստոսի 5-ին, ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ դեպքի առիթով Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության, նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Ա.Դանիելյանին հարված հասցնելու պահին Ա. Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, որպիսի հանգամանքը հաստատվել է քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով: Նման պայմաններում 2020թ. հուլիսի 30-ին որոշում է կայացվել Ա. Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930