ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և խոսել համաճարակի հետևանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումների մասին: Ստորև ներկայացվում է վարչապետ Փաշինյանի խոսքի սղագրությունը. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ուրախ եմ ձեզ տեսնելու համար:
Մինչ կառավարության նիստի աշխատանքներին անցնելը ես մի քանի թեմաների անդրադարձ կատարեմ:
Նախ՝ նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Վերջին 20 օրում, ըստ էության, մենք ամենօրյա ռեժիմով ունենում ենք 200-ից պակաս նոր դեպքեր: Սա, ընդհանուր առմամբ, իհարկե, բարելավում է, բայց բարելավման մեկ այլ ցուցանիշ էլ ունենք: Նախ, ակտիվ դեպքերի թիվն էականորեն նվազել է, և այս պահի դրությամբ 3000-ից պակաս դեպք ունենք, այսինքն՝ ախտորոշված դրական և բուժման մեջ գտնվող քաղաքացիներ: Նաև շատ կարևոր է արձանագրել, որ ամենօրյա թեստերի թիվն աննախադեպ բարձր է, և հայտնաբերման տոկոսը, այսինքն՝ դրական տոկոսը ցածր է, ինչը համարվում է հայտնաբերելիության մեծ աստիճան: Մենք մոտավորապես 5, 6, 7, 8 տոկոսի շրջանակում ենք, մանավանդ վերջին օրերին՝ 5-6 տոկոսի շրջանակում, որը միջազգայնորեն համարվում է հայտնաբերման բարձր ցուցանիշ: Իսկ սա շատ կարևոր է, որովհետև երբ մարդը և նրա շրջապատը գիտեն, որ իրենք վարակված են կորոնավիրուսով, դա անխուսափելիորեն ազդում է վարքի վրա՝ անկախ նրանից, թե հիվանդն ասիմպտոմ է տանում, պացիենտ է, թե ոչ:
Այս առումով կարծում եմ, որ մենք շարունակում ենք բարելավման վիճակում գտնվել, և այս դինամիկան, բարելավումը խախտելու առաջիկա՝ մեր ամենամեծ ռիսկը հանրակրթական դպրոցների բացումն է: Այս առումով կայացվել են որոշումներ, որոնք հասկանալիորեն միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից: Նաև պատճառն այն է, որ կա պահանջ, որ երեխաները դպրոցում պետք է դիմակներ կրեն: Ես ցանկանում եմ արձանագրել հետևյալը՝ մենք պարտադրված ենք անել քայլեր, որպեսզի թույլ չտանք վերադառնալը համաճարակային նոր ճգնաժամի, և կան մեկնաբանություններ, որոնք ուղղակի զարմացնում են: Ես ցանկանում եմ ասել, որ բոլոր հակահամաճարակային միջոցառումները, որոշումները, որ ընդունում ենք, առաջին հերթին մենք ինքներս ենք կիրառում այդ որոշումները, պահպանում և մի բան էլ դեռ ավելի: Այն որոշումները, որոնք կայացվում են, վերաբերում են ոչ միայն ուրիշների, այլև մեր երեխաներին նույնպես՝ մեր երեխաները ո՛չ դպրոցներում, ո՛չ մանկապարտեզներում, ո՛չ էլ որևէ այլ տեղ արտոնյալ չեն: Այնպես որ, մենք կգնանք այս ճանապարհով, բայց նաև ուշադիր մոնիթորինգ կանենք իրավիճակը: Ընդհանրապես, եթե այս միտումը շարունակվի, մեր նպատակն է՝ կամաց-կամաց դուրս գալ այս սահմանափակումների ռեժիմից: Մենք մոնիթորինգ կիրականացնենք և համապատասխան անհրաժեշտ որոշումներ կկայացնենք, որպեսզի մեր երեխաները հնարավորինս օր առաջ լիաթոք շնչեն:
Կարդացեք նաև
Հաջորդ խնդիրը, որը կապված է նոր տիպի կորոնավիրուսի հետ, հետևյալն է. աներկբա է, որ համաճարակն էական սոցիալական և տնտեսական վնասներ է պատճառել: Բայց շատ կարևոր է գնահատել, թե ինչ աստիճանի են այդ վնասները, որովհետև դրա վերաբերյալ ամենատարբեր քննարկումները կան: Իհարկե, տնտեսական անկումների ցուցանիշները հրապարակվում են, հանրահայտ են: Այստեղ մենք միշտ ունենում ենք խնդիր՝ ունենալ ճշգրիտ ինդիկատորներ, թե ինչ սոցիալական իրավիճակ է տիրում երկրում, և որքանով է այն սրվել: Հարցը հետևյալն է՝ կա՞ն արդյոք ցուցանիշներ, որոնք կօգնեն մեզ հասկանալ, թե սոցիալական իրավիճակի ինչպիսի վատթարացում է տեղի ունեցել երկրում:
Ես կարծում եմ, որ հսկիչ դրամարկղային կտրոններով առևտրի շրջանառության մասին տվյալը կարող է այդ մասին վկայել, որովհետև խոսքը մարդկանց կողմից արվող առևտրի մասին է, որը շատ կոնկրետ գումար է: Այսինքն՝ այդ թվերը վերլուծությամբ չեն ստացվում, այլ կոնկրետ արված առևտրով և բաց թողնված հսկիչ դրամարկղային կտրոնով: 2020 թվականի օգոստոս ամսին 2019 թվականի օգոստոսի ամսվա համեմատությամբ՝ ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2.5 տոկոսով, այսինքն՝ առևտուրը բոլոր տեղերում՝ խանութներում, ռեստորաններում, բոլոր առևտրի օբյեկտներում նվազել է 2.5 տոկոսով: Ընդ որում՝ այսպիսի ցածր ցուցանիշի մենք նոր ենք հասել, որովհետև մարտից սկսած այդ ցուցանիշը բավական բարձր էր, հիմա նվազում է: Այս թիվն ինքնին պետք է վկայի այն մասին, որ, այո՛, իհարկե, անկասկած, որևէ կասկած չկա՝ սոցիալական խնդիրներ կան: Բայց սոցիալական խնդիրներ եղել են նաև 2019 թվականին, և մենք սոցիալական կոլափս և սոցիալական ճգնաժամ չունենք միանշանակ:
Իհարկե, կարող է փաստարկ հնչել, որ տեսեք՝ առևտրի շրջանառությունը 2.5 տոկոսով նվազել է օգոստոսից օգոստոս, բայց այստեղ են, օրինակ, մարդիկ՝ տասնյակ, գուցե հազարավոր, գուցե ավելի շատ, ովքեր նախորդ տարի Հայաստանում չէին և արտագնա աշխատանքի էին մեկնել: Հիմա նրանք այստեղ են և ենթադրում եմ, առևտուր անում են, բայց, այնուամենայնիվ, առևտրի նվազում ունենք: Բայց, մյուս կողմից, այստեղ չեն զբոսաշրջիկները, ովքեր ակնհայտորեն և տրամաբանորեն շատ ավելի են ծախսում Հայաստանի Հանրապետությունում գտնվելիս, քան տեղացիները բոլոր պարագայում: Բաց ի այդ, չեն աշխատում կինոթատրոնները, թատրոնները, թանգարանները՝ զբոսաշրջիկների հետ կապված, և ոչ միայն զբոսաշրջիկների, Երևանի հյուրանոցներն ընդհանրապես դատարկ են, տեղի մեր քաղաքացիների կողմից ուղևորափոխադրումների խնդիրը կա, այսինքն՝ մարդիկ տոմս չեն գնում, չեն մեկնում կամ գնում են շատ քիչ ծավալի, այսինքն՝ այդ տոմսերն էլ են ՀԴՄ շրջանառություն ապահովում: Հարսանիքների թիվը – ըստ էության, մինչև օգոստոսի կեսը մինչև 20 հոգու մասնակցությամբ ենք հարսանիքներ և միջոցառումներ թույլ տվել, օգոստոսի կեսից մի քիչ ավելի մեղմվել է – էլի սահմանափակ է: Էլ չեմ ասում, որ ՀԴՄ կարգապահությունը, համավարակով պայմանավորված, ամենաբարձր մակարդակում չէ, չնայած մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ այն լինի հնարավոր բարձր մակարդակում:
Նկատի ունեմ՝այս թվերն աներկբայորեն ցույց են տալիս, որ Հայաստանում սոցիալական ճգնաժամ տեղի չի ունեցել, սոցիալական ճգնաժամ չկա: Իհարկե, որ սոցիալական և տնտեսական վիճակի վատթարացում կա, ակնհայտ է, և մենք աճը կորցրել ենք (հունվարին և փետրվարին մենք 9 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել): Բայց շատ կարևոր է այս փաստն արձանագրել: Ընդ որում՝ դա տեղի է ունեցել ոչ թե ինքնաբերաբար, այլ կառավարության վարած քաղաքականության շնորհիվ նաև, որովհետև հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում տնտեսություն ամենատարբեր գործիքներով ներարկվել է 163.4 մլրդ դրամ: Սա ոչ թե կառավարության կողմից ուղղակի ծախսված գումարն է, այլ միջոցառումների շրջանակում տնտեսություն ներարկված գումարը՝ 163.4 մլրդ դրամ երեկվա դրությամբ:
Այս միջոցառումների մեջ առանձնակի տեղ են զբաղեցնում աշխատատեղերի պահպանմանն ուղղված միջոցառումները: Որպես արդյունք՝ կարող ենք արձանագրել, որ 2020 թվականի հուլիսին – հուլիսի տվյալներն ամենավերջին տվյալներն են, որ ունենք, օգոստոսի տվյալները կունենանք սեպտեմբերի 20-21-ին – 2020 թվականի հուլիսի դրությամբ հանրապետությունում առկա է 613062 աշխատատեղ: Խոսքը վճարվող աշխատատեղերի մասին է, որտեղ մարդիկ աշխատել են ու աշխատավարձ են ստացել: 2019-ի համեմատությամբ դա ավելի է 6597 աշխատատեղով՝ 1.1 տոկոսով, այսինքն՝ 2020 թվականի հուլիսին ավելի շ տ գրանցված աշխատատեղ ունենք, քան 2019 թվականի հուլիսին: Ընդ որում, աշխատավարձերի ֆոնդերը, այսինքն՝ այն աշխատավարձը, որ համախառն ստացել են բոլոր աշխատողները, այս տարի 9 մլրդ 765 մլն դրամով ավելի է կամ 8.3 տոկոսով ավելի է, քան 2019 թվականին, և մեկ մարդու միջին աշխատավարձն ավելի է 13841 դրամով կամ 7.14 տոկոսով: Պետք է հուսալ, որ օգոստոսին այս ցուցանիշներն ավելին կլինեն, որովհետև գոնե անզեն աչքով նկատելի է նաև, որ օգոստոսին ներքին զբոսաշրջության բավական ծանրաբեռնված փուլ ենք ունեցել, և պետք է, որ այս ցուցանիշները բարելավվեն:
Հաջորդ խնդիրը, որին ուզում եմ անդրադարձ կատարել. Հայաստանում մեր շատ հայրենակիցներ շատ վաղուց, երկար տարիներ արտագնա աշխատանքի են մեկնում, հատկապես Ռուսաստանի Դաշնություն, և պարբերաբար այս թեման բարձրանում է: Բայց պետք է արձանագրել հետևյալը՝ ըստ էության, այո՛, սա ճգնաժամ է, համաճարակային իրավիճակ է: Երբեմն այնպիսի տպավորություն է ստացվում, թե միայն Հայաստանում է, որ այսպիսի իրավիճակ է, բայց այդպես չէ: Այսօր ԱՊՀ երկրների միջև ընդհանրապես շրջանառությունը փակ է՝ դեպի Ռուսաստան և Ռուսաստանից, իրար միջև նույնպես: Ընդհանրապես, եթե Ռուսաստանի Դաշնության մասին խոսենք, գրեթե բոլոր երկրների հետ փակ է շրջանառությունը, կան որոշ բացառություններ: Բայց նաև ցանկանում եմ արձանագրել, որ արդեն ընդհանուր համաճարակային իրավիճակը և վիճակի ընկալումները հնարավորություն են տալիս, որ մենք առաջիկայում ԵԱՏՄ շրջանակում քննարկման առարկա դարձնենք այս հարցը և փորձենք հասկանալ, թե ինչպես ենք դուրս գալու այս իրավիճակից և ինչ ժամանակացույցով: Մենք արդեն նման քննարկում նախաձեռնել ենք ԵԱՏՄ ձևաչափով:
Հաջորդ հարցը, որը կարևոր է մեզ համար, ուղևորափոխադրումների և սահմանների բացումն է: Քաղավիացիայի վարչությունը արդեն հայտեր է հավաքում, որպեսզի հասկանանք, թե որ ավիաընկերություններն են պատրաստվում կանոնավոր ավիաչվերթները դեպի Հայաստան վերականգնել: Եվ շատ շուտով՝ արդեն սեպտեմբերի մեջ, գոնե 1-2 տասնյակ ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր չվերթները դեպի Հայաստանի Հանրապետություն: Ընդ որում՝ մենք փոփոխություն ենք իրականացրել նաև կարանտինային ռեժիմների հետ կապված: Արտերկրից ժամանած այն քաղաքացիները, ովքեր չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, կարող են հենց տեղում հանձնել կորոնավիրուսի թեստ և 1 օրվա ընթացքում նրանց թեստի պատասխանը կլինի: Եվ եթե բացասական է պատասխանը, մարդն ուղղակի բացասական պատասխանով կարող է կարանտին չանցնել:
Հարգելի գործընկերներ, այսքանը որպես նախաբան և արձանագրում՝ մեր սեպտեմբերյան կամ աշնանային աշխատանքներն սկսելուց առաջ»:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ