Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են Ադրբեջանում պահեստազորին հավաքների կանչում

Սեպտեմբեր 25,2020 11:44

Ադրբեջանում պահեստազորի անսպասելի զորակոչ է սկսվել․ վաղուց զորացրված նախկին զինծառայողներին կանչում են զինկոմիսարիատ և այնտեղից տանում զորավարժությունների։ Փողոցներում ոստիկանությունը առգրավում է անձնական բեռնատար մեքենաները բանակի կարիքների համար։ Ընդ որում, ո՛չ ռազմական դրություն, ո՛չ համընդհանուր մոբիլիզացիա երկրում չի հայտարարվել։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայության սյունակագիր Մագերամ Զեյնալովը։

Նա հայտնում է, որ իր զրուցակից ոմն Ֆուադը (անունը փոխված է), որը 20 տարի առաջ բանակից զորացրվել էր, զինկոմիսարիատից զանգ է ստացել, գնացել ներկայանալու և անհետացել։ Պարզվում է՝ նրան 2 ամսով հավաքների են տարել։

«Ադրբեջանում պահեստազորի մոբիլիզացիա է սկսվել,- հայտարարել էր Զինվորական ծառայության մոբիլիզացիայի և զորակոչի պետական ադրբեջանական ծառայությունը։- «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքին համապատասխան՝ պահեստային զինապարտներին կանչում են ռազմական վարժանքների, ստուգումների և հատուկ հանձնարարությունների»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի ուշ տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ծառայությունից հայտնել էին, որ խոսքը պահեստային զինապարտների սովորական հավաքների մասին է, որոնց ընթացքում նրանք կբարելավեն իրենց ռազմական հմտությունները և գիտելիքները։

Բացի այդ, սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի բնակիչները սկսեցին տեղեկություններ տարածել, որ ոստիկանությունը առգրավում է անձնական բեռնատարները և ուղարկում հատուկ կայանատեղի։ Ադրբեջանի ՆԳՆ-ն, մեկնաբանելով այս լուրերն, ասել էր, որ ոստիկանները գործել են «Ռազմական տեխնիկայի գրանցման» կարգին համապատասխան․ այդ մեքենաները պետք է տեխզննում անցնեն։

Այս իրադարձությունների ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին մեղադրել էր պատերազմ նախապատրաստելու մեջ։ «Նրանք նոր պատերազմի են պատրաստվում։ Մենք ամեն բան տեսնում ենք, հետևում ենք նրանց բոլոր գործողություններին։ Իհարկե, մենք պաշտպանվելու ենք։ Այնպես, ինչպես պաշտպանվեցինք Թովուզում, կպաշտպանվենք նաև մյուս ուղղություններում»,- սեպտեմբերի 19-ին հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930