Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս խոսել երեխայի հետ պատերազմի մասին

Սեպտեմբեր 29,2020 21:03

Պատերազմական այս օրերին ծանր հուզական ապրումներ ունեն նաև երեխաները: Հոգեբաններն ասում են, որ հատկապես վաղ մանկական տարիքի երեխաները՝ 3-5 տարիքային խումբը, շուտ տպավորվող է, և կարևոր է, որպեսզի ծնողը նրանց հետ ճիշտ աշխատանք տանի հետագայում բարդություններից խուսափելու համար:

Այս օրերին ծնողներից շատերին հետաքրքրում է մեկ հարց՝ ինչպե՞ս խոսել երեխայի հետ պատերազմի մասին:

Aravot.am-ը «Ֆեմինի» նախագծի «Մասնագիտությունը մայրիկ» խորագրի ներքո հոգեբան Աննա Բադալյանին խնդրեց ծնողներին ուղղություն տալ, թե ինչպես իրենց երեխաների հետ խոսեն պատերազմի մասին, ի՞նչ անեն, որ երեխան, երբ տեսնում է պատերազմական գործողությունները, վախի զգացողությունը հաղթահարի:

Հոգեբանը նշեց, որ նախ պետք է հաշվի առնենք երեխայի տարիքը, քանի որ  կա վաղ մանկություն, մանկական տարիք, կա պուբերտատ շրջան՝ պատանեկության տարիք: Աննա Բադալյանը 3-5 տարեկան երեխաների հետ աշխատանքի մասին ասաց. «Այս տարիքային խումբը շուտ տպավորվող է: Երբ երեխաները տեսնում են շրջապատում խառնաշփոթ, աղմուկ, աղաղակ, բոլորը խոսում են այդ թեմայով, բնականաբար, իրենք հաստատ չեն գիտակցում՝ ինչ է պատերազմը, բայց ամեն դեպքում բացասական էմոցիան իրենց վրա կլանում են: Այլ բան է արդեն պուբերտատի տարիքի երեխաների՝ անչափահասների հետ աշխատանքը, երբ նրանք  և՛ գիտակցում են՝ ինչ է պատերազմը, և՛ տեսնում են՝ այդ պարագայում ինչ է կատարվում շրջապատում, քանի որ և՛ լրատվությունն է իրենց համար շատ մատչելի, և՛ հասարակության մեջ խոսքը նրանք լսում են»:

Հոգեբանն առաջնային է համարում այն, որ ծնողն անի այնպես, որ երեխան իրեն ուժեղ զգա՝ բացառելով վախի զգացողությունը: Այս առիթով նա մանրամասնեց. «Եթե խոսքը վաղ մանկական և մանկական տարիքի երեխաների մասին է, եթե մենք ուզում ենք  երեխայի մեջ վախի զգացողությունը վերացնել, ապա առաջինը պետք է մենք ինքներս մեր խոսքի մեջ վստահ լինենք: Դրա համար նախ պետք է խոսել երեխայի հետ, պատմել իրականությունը, որ կա նման իրավիճակ, դա կոփում էլ է երեխային: Կարևոր է, որ նա գիտակցի իրականությունը, թե ինչ է պատերազմը, որ դա վատ է, ինչ հետևանքներ կարող է ունենալ: Եթե խոսում ենք հայերի մասին, կարող ենք օրինակներ բերել Սասունցի Դավթից, Հայկ նահապետից, որ այս իրավիճակում հաղթեց, հեքիաթների միջոցով ներկայացնել, որ միևնույն է բարին հաղթում է չարին, բայց կա դժվար ճանապարհ մինչև հաղթանակ: Հաղթանակի գործոնը պետք է միշտ գերակայող լինի պատմությունների մեջ, պետք է նստած լինի երեխայի  ենթագիտակցության մեջ, թե չէ մենք կունենանք վախկոտ երեխա»:

Հարցին՝ ի՞նչ անել թույլ տա՞լ, որ երեխան դիտի պատերազմական իրավիճակին վերաբերող տեսանյութեր՝ օրինակ՝ տանկի, ուղղաթիռի խոցում և այլն, հոգեբանը պատասխանեց. «Ամեն դեպքում տեսանյութերը պետք է սահմանափակվեն, որովհետև ինչքան էլ ասենք՝ պետք է  երեխան պատրաստ լինի, բայց կարող է երեխան ուրիշ հուզական խնդիրներ ունենալ ու արդյունքում այդ ագրեսիվությունն իր մոտ դառնա գերակշռող ու իր վարքի դրսևորման ձև: Այնպես որ, պետք է ընտրել ոսկե միջինը»:

Հոգեբանը շեշտեց, որ հատկապես այս օրերին ծնողի, դպրոցի գործոնը մեծ է, կարևոր է, որ վեր հանեն երեխայի պահեստային ուժերը, վախի մթնոլորտը երեխայի միջից դուրս գա, հասկանա, որ սա կյանք է, դժվարություն, բայց ուժ ու կամք ունեն հաղթահարելու: Ամենակարևորը, իրենք հասկանան, որ իրենք մենակ չեն»: Հոգեբանն օրինակ բերեց Արցախի ապաստարաններում գտնվող երեխաներին, որոնց մեծամասնության աչքերում ըստ նրա՝ վախ չկա, որովհետև այդ երեխաները կարծես այդ տարածաշրջանին հատուկ կուռ ու պինդ են:

Հոգեբանն ասաց, որ կարելի է երեխաներին ցույց տալ նման նկարներ, որտեղ թեկուզ ապաստարաններում, բայց իրենց հասակակիցները ինչ-որ բանով զբաղված են, ժպտում են, խաղում: Ուղղակի պետք է երեխաներին բացատրել, որ հիմա նրանք գտնվում են այդտեղ՝ իրենց տներից հեռու, որպեսզի թշնամու գնդակն իրենց չվնասի, որ իրենց եղբայրներն ու հայրիկները կարողանան սաստել թշնամում:

Նուրբ հարց է նաև այն, թե ինչպես վարվի ծնողը՝ երեխայի մոտ թշնամու կերպա՞րն արմատավորի, թե՞ խաղաղասիրություն, հոգեբանը պատասխանեց. «Ինքս մարդասեր մարդ եմ, գտնում եմ, որ երեխայի մեջ թշնամություն մտցնելով՝ դրանով  վնասում ես քո երեխային, ոչ թե մյուսին: Ես դրա կողմնակիցն եմ՝ որպես հոգեբան, որ պետք չէ թշնամություն սերմանել: Բայց սա այն դեպքն է, որ դա շարունակ ձգվում է մի ամբողջ դար: Մենք լինելով քաղաքակիրթ, մեր երեխաներին սիրով, ջերմությամբ, քրիստոնեական արժեքներով դաստիարակելով ՝ միևնույն ժամանակ պետք է ցույց տանք նրանց՝ որն է թշնամին: Մենք մի ամբողջ դար խոհեմություն սերմանեցինք, արդյունքը սա եղավ, չնայած մեր տղաներն առյուծ են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930