Լրահոս
Օրվա լրահոսը

«Լռությունը նույն հանցագործությունն է: Աշխարհը կրկին չեզոք դիրք է գրավել». Հրաչուհի Բասենց

Հոկտեմբեր 05,2020 13:19

Աշխարհահռչակ հայ օպերային երգչուհի Հրաչուհի Բասենցը, որը բնակվում է Գերմանիայում, հայ-ադրբեջանական պատերազմի առնչությամբ, իր խոսքն է ուղղել իր այլազգի լսարանին, ընկերներին ու կոլեգաներին. (վերցված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի պաշտոնական ֆեյսբուքյան էջից). «Սիրելի իմ ոչ հայ ընկերներ, կոլեգաներ և բարեկամներ, քրիստոնյաներ և ոչ քրիստոնյաներ, բոլորին ովքեր մտահոգ են և դեմ են պատերազմներին, ովքեր ինչ-որ կերպ մասնակից են և անգամ նրանց ովքեր դեռ մինչև հիմա լուռ են…

Այսքան ժամանակ փորձում էի զերծ մնալ և քաղաքական թեմաներին չխառնվել, քանի որ համոզված եմ եղել, որ արտիստներիս միակ քաղաքականությունը արվեստ, սեր, խաղաղություն և մշակույթ տարածելն է և ես իրավունք չունեմ ձեզ ծանրաբեռնել իմ ու իմ երկրի խնդիրներով, բայց… սա այլևս միայն իմ ու իմ հայրենիքի հարցը չի և ես այլևս չարտահայտվել չեմ կարող։

Լռել այլևս չի էլ կարելի… և մի՞թե արվեստի միջոցով չի, որ շատ հարցեր ենք լուծում, միթե մենք արտիստներս չենք, որ խաղաղության, սիրո, պատերազմների և ահաբեկչությունների դադարեցման կոչերով ենք մշտապես հանդես գալիս, միթե մենք չենք, որ պիտի չլռենք ու կանգնենք հանուն արդարության և արդարադատության:

Փոքր-ինչ ընկճված եմ, ներեցեք, ընկճված եմ շատերի լռությունից և չեզոք դիրքորոշումից այն դեպքում, երբ շատերը իմ շրջապատից ամեն առիթի ակտիվ կանգնում են հանուն կենդանիների, ծառերի ու նմանատիպ տարատեսակ խնդիրների պաշտպանության և ստատուսներով ու նամակներով ողողում բոլորիս էջերը… ընկճված եմ, ներեցեք… ազգս միայնակ կենաց ու մահու կռիվ է տալիս ու պայքարում է գոյատևելու և ապրելու իր արդար իրավունքի համար, պատերազմում է հազարամյակների մեր սուրբ հողը պաշտպանելու համար և 100 տարի անց նորից կանգնած է բնաջնջման վտանգին դեմ հանդիման…

Սեպտեմբերի 26-ին իմ երկար սպասված առաջնախաղն էր Պուչինիի Մադամ Բատերֆլայ օպերայում Դրեզդենի Սեմպերօպերի բեմում: Այն իրոք շատ հաջող էր, շատ մեծ ոգևորությամբ ընդունվեց հանդիսատեսի և թերթերի կողմից: Թվում էր, թե պիտի ուրախ լինեի և վայելեի, բայց ավաղ, ուրախությունս կարճ տևեց…հաջորդ առավոտյան թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ հարձակում սկսվեց ամբողջ արցախա – ադրբեջանական ողջ սահմանագծով: Շատերդ, համոզված եմ, կարդում եք ու գիտեք, որ արդեն մեկ շաբաթ է ծանր պատերազմական դրություն է Հայաստանում և մի փոքրիկ հինավուրց քաղաքակրթություն` լքված բոլորի կողմից, կատաղի մարտեր է մղում իր ապրելու իրավունքի համար և ամբողջ քաղաքակիրթ աշխարհի փրկության համար, քանի որ այս պատերազմը այլևս միայն Արցախի և Ադրբեջանի միջև չի, սա թուրքիայի տեռորիստա-սուլթանական ախորժակի և հայերին բնաջնջելու ծրագիրն է, այն ծրագիրը, որը 1915թ.-ին լիովին չհասցրեցին իրագործել` առանց անցյալի ոճրագործությունների համար պատասխան տալու և իր արժանի պատիժը ստանալու:

Պատերազմ է, սարսափելի պատերազմ, որի ողջ պատասխանատվությունը կրում են թուրք-ադրբեջանական ահաբեկիչները` իրենց ահաբեկիչ վարձկաններով… իրավիճակը սարսափելի է.. .գիշեր ու զօր ցնցված լուրերին ենք հետևում …իսկ միջազգային հանրությունը , ա՜խ, ինչ ասեմ… միջազգային հանրությունը լուռ է, էլի լուռ … Ինչպե՞ս կարելի է լռել, երբ այս ահաբեկիչ երկիրը, որն իրականացրել է համաշխարհային պատմության մեջ առաջին ցեղասպանությունը առաջին քրիստոնյա ազգի դեմ` ցանկանալով վերացնել ամենահին քաղաքակրթություններից մեկին՝ հայերին, վերսկսում է նույն ցեղասպան ագրեսիան:
Ինչպե՞ս կարելի է լռել և չեզոքություն պահպանել…

Լռությունը նույն հանցագործությունն է: Էլի հայերիս կոտորում են ու էլի աշխարհը չեզոք դիրք է գրավել… ու՞ր են ժողովրդավար երկրների օրենքներն ու մարդասիրական դիրքորոշումը…ու՞ր են իմ ընկերները, ովքեր սիրո խոսքեր էին շռայլում ինձ ու հայերիս, ու՞ր են իմ ազգով ու ինձնով հիացողները և նրանց վերաբերմունքն ու արձագանքը…ու՞ր եք …չկաք, չեք ուզում խառնվել…բայց մենք պայքարում ենք նաև ձեզ համար, քանի որ ինչպես հայտարարեց մեր երկրի վարչապետը, մենք այլևս «Դեր-Զորի ճամփորդներ» չենք և պայքարելու ենք ողջ քաղաքակիրթ աշխարհի համար ևս, իսկ մեզ հաղթելու դեպքում թուրքերն անցնելու են դեպի ձեզ…

Ծանր է, շատ ծանր, թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, իսկ ես պետք է շարունակեմ երգել, բեմ բարձրանալ և երգել նույն այդ հանրության համար…մարմինս բեմում` հոգիս ու մտքերս սահմանում, իմ հայրենիքում…իսկ ես կերգե՛մ, այո՛…ես երգելու եմ նաև հոկտեմբերի 11-ին և 24-ին, երգելու՛ եմ, որովհետև Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի և իմ լավ ընկեր, պատմաբան և հայ-ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանի հետ հեռախոսազրույցում, ինձ հորդորեցին երգել` ասելով ԴՈՒ՛ ՊԻՏԻ՛ ԵՐԳԵ՛Ս, չհրաժարվե՛ս, ուժ գտիր քո մեջ ու երգիր, որովհետև մենք հզոր ազգ ենք, հզոր ենք և քո ձայնը այդ կերպ պետք է լսելի դառնա ու պատերազմի…

Սիրելիներս, մի՛ եղեք անտարբեր, ասե՛ք ու արտահայտե՛ք ձեր համերաշխությանն ուղղված դիրքորոշումը››:

Հրաչուհի Բասենցը հանդիսանում է այնպիսի հեղինակավոր օպերային թատրոնների առաջատար մենակատար, ինչպիսիք են Լոնդոնի Թագավորական, Վիենայի Շատսօպեր, Ստրասբուրգի, Դրեզդենի Սեմպերօպեր, Բեռլինի Կոմիշե օպերային թատրոնները:

Դասական երաժշտության բնագավառի հայ և այլազգի կարկառուն դեմքերից հանրայնորեն իրենց դիրքորոշումն են հայտնել ի նպաստ Հայաստանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, թավջութակահարներ Նարեկ Հախնազարյանը, Սթիվեն Իսերլիսը (Անգլիա), Ալեքսանդր Չաուշյանը, ջութակահարներ Լիևոն Չիլինգիրյանը (Անգլիա), Բորիրս Բրովցինը (Ավստիա), դաշնակահարներ Եվգենի Կիսինը (Իսրայել), Ֆրանսուա Ֆրեդերիկ Գին (Ֆրանսիա), կոմպոզիտոր Դեն Եսյանը (ԱՄՆ), ալտահարուհի Դիմուտ Պոպպենը (Գերմանի), դիրիժորներ Ջանլուկա Մարչանոն (Իտալիա), Պոլ էմանուէլ Թոման (Ֆրանսիա) և այլոք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031