Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Արարատից՝ Ալպեր»

Դեկտեմբեր 15,2023 12:30

Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը Իտալիայի շրջագայությունից առաջ «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 8-ին կատարեց Շտրաուսի «Ալպիական սիմֆոնիան», որը մեծ հաջողությամբ ներկայացրեց նաեւ դեկտեմբերի 11-ին, Պորդենոնեի Վերդիի անվան թատրոնում՝ «Արարատից՝ Ալպեր» խորագրով համերգին:

«Ալպիական սիմֆոնիայի» կատարումը միշտ նշանակալից իրադարձություն է: Նվագախմբի մոտ 120 երաժիշտներ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, ունկնդիրներին բարձրացրին Ալպերի գագաթը: Դա մի հուզիչ արշավ էր՝ բնության տեսարանների վառ նկարագրությամբ, որը սկսվեց արշալույսից առաջ, անցավ գետերի, մարգագետինների միջով: Տրիումֆալ պահ էր, երբ երաժշտական ճամփորդությունը հասավ Ալպերի գագաթին ու հետդարձի ճանապարհին հանդիպեց կատաղի փոթորկի: Վերջապես արեւը մայր մտավ, եւ ունկնդիրները պարուրվեցին գիշերվա հանգստությամբ, ինչից եւ սկսվել էր նրանց ճանապարհորդությունը: Շտրաուսն «Ալպիականն» անվանել է սիմֆոնիա, բայց այն բաղկացած չէ այս ժանրի ավանդական չորս մասերից, այլ 22 դրվագներից բաղկացած միամաս ստեղծագործություն է: Շտրաուսը սիմֆոնիայի վրա աշխատել է 1911-1915թթ.-ին, առաջին կատարումը կայացել է 1915թ. հոկտեմբերի 28-ին, Բեռլին Ֆիլհարմոնիայում՝ կոմպոզիտորի ղեկավարությամբ, Դրեզդենի արքունական կապելլայի մասնակցությամբ:

Երեւանյան համերգի առաջին մասում հնչեց նաեւ Բեթհովենի Դաշնամուրի եւ նվագախմբի համար կոնցերտը՝ տաղանդավոր երիտասարդ դաշնակահարուհի Մայա Օհանյանի կատարմամբ:

Մաեստրո Թոփչյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է հենց «Ալպիական սիմֆոնիան» ընտրել շրջագայության համար, քանի որ բացի երաժշտական կատարման բարդությունից, այն խնդրահարույց է նաեւ կազմակերպչական առումով. պահանջում է նվագախմբի մեծ կազմ, հազվադեպ օգտագործվող գործիքներ՝ վագներյան տուբաներ, երգեհոն, հեկելֆոն, փոթորիկ էմիտացիա անող մեքենա եւ այլն:

– Իտալիայում «Ալպիական սիմֆոնիան» կատարելու ընտրությունը հրավիրող կողմինն էր, քանի որ դեկտեմբերի 11-ը Լեռների միջազգային օրն է եւ Իտալիայում այն նշում են մեծ շուքով: Մեզ համար այդ սիմֆոնիայի կատարման հնարավորությունը միշտ երջանկություն է: Համերգին ներկայացրինք նաեւ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը՝ Անուշ Նիկողոսյանի կատարմամբ: Ծրագրից ելնելով՝ իտալական կողմը համերգի համար խորհրդանշական խորագիր էր ընտրել՝ «Արարատից՝ Ալպեր»:

– Չնայած «Ալպիականը» հազվադեպ կատարվող սիմֆոնիաներից է, դուք այն այս տարի կատարել եք մի քանի անգամ տարբեր նվագախմբերի հետ:

– Այո՛, կարելի է երկար տարիներ զբաղվել դիրիժորությամբ եւ այդպես էլ առիթ չունենալ այս գործը կատարելու, ես շատ ուրախ եմ, որ տարբեր տեղերից հրավերներ եմ ունեցել այն ղեկավարելու. մի քանի անգամ ղեկավարել եմ Գերմանիայում, վերջին անգամ՝ Զարյադիե դահլիճի համերգաշրջանի բացմանը կատարեցինք Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որը տեսագրվել է եւ շուտով հասանելի կլինի Զարյադիեի յութուբյան ալիքով եւ այժմ այն հնչեցրինք «Արամ Խաչատրյան» համերգասրահում եւ Պորդենոնեի Վերդիի անվան թատրոնում:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դեկտեմբերի 11-ին Պորդենոնեի Վերդիի անվան թատրոնում կայացած համերգին կատարել է Ջ. Ֆրանչեսկո Մալիպյերոյի «Հայաստանը», Ա. Խաչատրյանի Ջութակի կոնցերտը եւ Ռ. Շտրաուսի «Ալպիական սիմֆոնիան»: Որպես բիս հնչեց Շտրաուսի «Չորս վերջին երգերից» երրորդ երգը՝ «Beim Schlafengehen» («Երբ քուն ես մտնում»)՝ միջազգային մեծ համբավ վայելող հայազգի սոպրանո Հրաչուհի Բասենցի կատարմամբ:

Երաժշտաքննադատ Կլաուդիո Բոլզանը «La Rivista Musica Classica» պարբերականում «Արարատից՝ Ալպեր» համերգը բնութագրում է որպես նշանակալից ու մշակութային առումով խորը իրադարձություն: Խաչատրյանի Ջութակի կոնցերտի Անուշ Նիկողոսյանի կատարումը երաժշտաքննադատը որակում է որպես բացառիկ խորը մեկնաբանություն, որը բացահայտում է  կոմպոզիտորի գրչի առանձնահատկության առավել վառ ու գրավիչ կողմերը. «Նա մեծ վարպետությամբ կատարեց Կոնցերտի բարդագույն հատվածները՝ պահպանելով անհրաժեշտ ռիթմիկ կտրուկ շեշտադրումները: Նրա Գվադանինիի (1753թ.) ջութակի բյուրեղյա մաքուր ու պարուրող հնչողությունը կյանքի էր կոչում ջութակի ու նվագախմբի վառ երկխոսությունը, որը շատ ազդեցիկ էր»:

Էդուարդ Թոփչյանի «Ալպիական սիմֆոնիայի» մեկնաբանությունը Բոլզանը նկարագրել է որպես տպավորիչ որմնանկար՝ հրաշալի ուրվագծված Թոփչյանի ձեռքով, որտեղ դիրիժորը մեծ ուշադրություն էր ընձեռել անգամ ամենափոքր դետալներին: Անհավանական ձայնային զորությամբ այս ստեղծագործության անսպառ էներգիան համադրված էր նվագախմբի մեծաթիվ խմբերի անթերի համախմբված հնչողության, որտեղ փողային խումբն արժանի է հատուկ հիացմունքի: Կատարման ընթացքում նվագախումբը բացահայտեց երաժշտական «ճամփորդության» բոլոր բաղկացուցիչ մասերը, շնորհիվ դինամիկ լուծումների մեծ դիապազոնի՝ ծայրաստիճան, բայց միշտ փափուկ պիանիսսիմոներից մինչեւ ֆորտիսսիմոների շռնդալից պայթյունները:

ԱՍՏՂԻԿ ԴԱԼԼԱՔՅԱՆ

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031