«Առավոտը, ժամը 10 անց կեսի կողմերը ճուղուփուր (ընկույզ–խմբ) էի հավաքում բաղում, մեկ է դմբոց լսեցի, օդում բան երեւաց, էդ պահին օդային տագնապ միացավ»,–մեզ հետ զրույցում պատմեց Սյունիքի մարզի Չափնի գյուղի բնակչուհիներից մեկը։ Նշենք, որ Չափնի գյուղը Արծվանիկ գյուղի հարեւանությամբ է։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, առավոտյան հակառակորդը անօդաչու սարքերով հրթիռակոծել է Երիցվանքը, Արծվանիկ գյուղը։
Ըստ մեր զրուցակցի՝ ինքը մինչեւ նկուղ մտնելը, տեսավ՝ ոնց է թշնամու անօդաչու սարքը օդում պայթում։ «Մերոնք սատկացրին դրան, ասա պարապ եք մնացել, հանգիստ ապրում ենք էլի, դուք էլ ձեր համար ապրեք, հինչ ըք օզում»,–ասաց բնակչուհին։
Մեր հարցին թե հիմա նկուղ ապաստարանո՞ւմ են՝ ասաց․ «Հինչ պադվա՞լ, հուվ ա վախում, խուճապ պեն չկա։ Բաղ բոստանի էն լարված շրջանն ա, բերքահավաք ա, մեր սովորական գործին ենք, օդային տագնապ նի՝ կզգուշանանք, հո պադվալում չենք մնա»,–ասաց մեր զրուցակիցը։
Կարդացեք նաև
«Հա հենց էս պահին բալկոնում նստած՝ հարեւաններով կոֆե ենք խմում, մի քիչ դինջանամ, քինիմ բաղը։ Ափսոս նկար չեմ կարա ղարկիմ, ասում են չի կարելի»,–ասաց տիկինը։
Արծվանիկ գյուղից էլ տեղեկացրին, որ առավոտը 5-6 պայթյունի ձայն են լսել։ Հիմա գյուղի դպրոցում պարապմունքները դադարեցվել են։
Բնակիչները ապաստարանում էին, բայց հիմա արդեն իրենց առօրյա գործերով են զբաղվում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































