Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. «Ադրբեջանին ոչինչ չի մնացել, բացի իր հասարակությանը կեղծ տեղեկություններով կերակրելու քաղաքականություն որդեգրելուց»

Հոկտեմբեր 13,2020 23:25

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հերթական ճեպազրույցի ժամանակ, բացի հյուսիսային ուղղությունից, խոսելով նաեւ Արցախի սահմանի մնացած ուղղություններում մարտական գործողությունների մասին՝ ասաց, որ դրանք շարունակվել են:

«Հակառակորդը որեւէ էական առաջխաղացում չունի, չնայած նրան, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ն որդեգրել է հետեւյալ քաղաքականությունը՝ հետախուզա-դիվերսիոն գործողություններով մերձռազմաճակատային տարբեր բնակավայրերում կատարել արագ ներթափանցումներ եւ տեղեկատվական ակցիաներ իրականացնել՝ դրոշներ պարզելով տարբեր շենքերի վրա եւ նկարվել, որպեսզի հոգեբանական ազդեցություն գործեն առաջին հերթին իրենց հասարակության, հետո՝ մեր հասարակության վրա: Խնդիրը հետեւյալն է: Երկարաժամկետ գործողությունների ընթացքում կոտրելով սեփական ԶՈՒ մեծ ներուժը, հարձակվողական մարտերում մեծ, էական, նշանակալի հաջողություն չունենալով՝ Ադրբեջանի հասարակությանը պետք է կերակրել կեղծ տեղեկատվություններով:

Որպեսզի ոմանք թե մեր մոտ, թե ուրիշ երկրներում իմ ներկայացրած տեղեկությունները չհամարեն, որ զուտ քարոզչական բնույթ ունեն, ներկայացնեմ որոշակի տվյալներ: Ըստ էության, 14-15 օրվա ընթացքում մեկ գնդի առաջիկա խնդրի ծավալով առաջխաղացում ապահոված ադրբեջանական երեք-չորս բանակային կորպուսները մեծ հաշվով իրենց գովելու բան չունեն: Ցանկացած միջազգային օտարազգի փորձագետ, ռազմական մասնագետ, որը տարրական գիտելիքներ ունի, կհաստատի իմ ասածը: Դրանից հետո ոչինչ չի մնում, բացի նրանից, որ դիվերսիոն խմբերը արագ ներթափանցումներ կատարեն տարբեր բնակավայրեր, նկարվեն տարբեր շինությունների մոտ եւ հետո այդ շինությունները ներկայացնեն որպես այս կամ այն գյուղապետարան կամ քաղաքապետարան եւ այլն: Ընդհանուր առմամբ, ռազմաճակատում այսպիսի իրավիճակ է եղել: Առավոտյան միասնական տեղեկատվական կենտրոնով  կորուստների ավելի ստույգ թվերը կներկայացնենք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031