Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր թիկունքը լինելու է մշակութային առաջնագիծ». «Ոսկե ծիրան»-ը կմիանա համահայկական դրամահավաքին

Հոկտեմբեր 28,2020 14:15

Նոյեմբերի 1-ից՝ «Նվիրում Արցախին» նախագծով, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ 17-րդ փառատոնի ծրագրերի շրջանակում, կմիանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին, և մինչև նոյեմբերի 30-ը տարբեր ծրագրերի շարունակական իրականացմամբ իր ներդրումը կունենա համազգային դրամահավաքի անկանգ ընթացքին:

Նոյեմբերի 1-ին՝ Կաննի միջազգային կինոփառատոնում ընդգրկված ֆրանսաբնակ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի՝ Արցախին նվիրված «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական պրեմիերայով, կբացվի «Նվիրում Արցախին» նախագիծը, որը կշարունակվի Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը»՝ վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված ֆիլմի պրեմիերայով:

Նոյեմբերի առաջին շաբաթում կկայանան նաև Արցախին նվիրված՝ Գարեգին Պապոյանի՝ «Բարի թռիչք», Սիլվա Խնկանոսյանի՝ Ռոտերդամի և Լայպցիգի միջազգային կինոփառատոնների ծրագրերում ընդգրկված «Վախենալու ոչինչ չկա» ֆիլմերի պրեմիերաները:

Կկայանան նաև Լիտվայում բնակվող մեր հայրենակից Մարատ Սարգսյանի՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնում ընդգրկված «Ջրհեղեղ չի լինելու», Հակոբ Մելքոնյանի՝ «Բլոկադա», պատերազմի թեման արծարծող ֆիլմերի պրեմիերաները:

Հիշյալ պրեմիերային ֆիլմերի բոլոր ցուցադրությունները տեղի կունենան բացառապես տոմսերով, առանց հրավիրատոմսերի և բոլոր ցուցադրություններից գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» «Հայաստան» համահայկական հիմնադրամի համազգային դրամահավաքին:

Որպեսզի փառատոնի հանգանակությունների ընթացքը լինի շարունակական, մինչև նոյեմբերի 30-ը «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» նախագծերի, Կանադայի, Շվեյցարիայի և այլ երկրների հետ համագործակցաբար ցուցադրվող նորագույն ֆիլմերի ցուցադրություններից, նաև պատերազմական այս օրերին տարբեր արվեստագետների կողմից ստեղծված պլակատների բացառիկ  ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը նույնպես կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Մեր թիկունքը լինելու է մշակութային առաջնագիծ ու մենք #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031