Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ահաբեկչական հրոսակախմբերը Ադրբեջանի կողմից օգտագործվում են որպես թնդանոթի միս». ՊՆ ներկայացուցիչ

Հոկտեմբեր 30,2020 22:40

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում հայտնեց, որ վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հարձակում էին ձեռնարկել մի քանի ուղղություններով. «Նախ հյուսիսային ուղղությամբ ոչ երկարատեւ հրետանային պատրաստությունից հետո հետեւակային ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ, անմիջապես կոտորվել են, կրել լուրջ կորուստներ, հետ են շպրտվել՝ մարտի դաշտում թողնելով զգալի թվով դիակներ:

Ամբողջ օրը մարտերը շարունակվել են նաեւ հարավային ուղղությամբ ՝ Արաքս գետից հյուսիս, մի քանի բարձունքների ուղղությամբ: Մեր զինված ուժերն ունեն որոշակի դիրքային առավելություններ, բայց մարտերը շարունակվել են…

Կենտրոնական ուղղությամբ ընթացել են երկու առանձին պրոցեսներ, առաջինը Մարտունի, Ճարտար ուղղությամբ փորձել են ռազմաճակատը ճեղքել, բավականին ինտենսիվ մարտական գործողություններով, հիմնականում ոչ զրահատեխնիկայի կիրառությամբ, գրոհիչ խմբավորումներով, հրետանու բավականին խիտ կրակի ներքո, սակայն մեր զինված ուժերը չեն ընկրկել: Այս պահին որեւէ դիրքային փոփոխություն այս ուղղությամբ չկա, բայց մարտերը համառ են»:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ միեւնույն ժամանակ Շուշիի մերձակա անտառային գյուղերի ուղղությամբ Պաշտպանության բանակի գործողությունները լավ արդյունք են տվել, խոսքը գիշերը մարտական գործողությունների ընթացքում դիվերսիոն, ահաբեկչական հրոսակախմբերի դեմ պայքարի մասին է: «Չնայած լավ ցուցանիշներ ենք ապահովել այս ուղղությամբ, ռազմաբազա է չեզոքացվել, բայց փոքր խմբավորումները մեկ այս, մեկ այն անտառում, մեկ որեւէ բնակավայրում հայտնվում են, կորուստներ են կրում, նորից են նահանջում, նորից են գալիս:

Տեսաք, որ այսօր գերեվարվել էր ահաբեկիչ, որը խոստովանեց, թե ովքեր են պատրաստում, միջնորդում, տեղ հասցնում, եւ մեր ունեցած հավաստի տվյալների համաձայն՝ այս ահաբեկչական հրոսակախմբերը, ըստ էության Ադրբեջանի զինված ուժերի կողմից օգտագործվում են որպես թնդանոթի միս, որպես ականադաշտերը հաղթահարելու կենդանի, որպես առաջին կարգի մեր բնագծերը պատնեշները հաղթահարելու միջոց:

Մենք միշտ նշել ենք, որ այսպիսին է լինելու նրանց ճակատագիրը, եւ կուզենք, որ աշխարհն այս մասին ավելի ուշադիր լիներ եւ տեսներ»:

ՊՆ ներկայացուցիչն ասաց նաեւ, որ մարտական գործողությունները շարունակվում են, թեեւ պատերազմը սաստկությունը կորցրել է: Հավելեց, որ եթե առանձին տեղերում էլ բախումներ են լինում, մեր հրետանային եւ հակատանկային միջոցները, ըստ էության շարժվող ամեն խոշոր թիրախ ոչնչացնում են:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031