Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանց խփել-ջարդելն ամեն օր կատարվում է». Արծրուն Հովհաննիսյան

Նոյեմբեր 02,2020 23:20

Կա՞ն արդյոք ծրագրեր Կարմիր Խաչի միջնորդությամբ գերիների եւ աճյունների փոխանակման վերաբերյալ: Միասնական տեղեկատվական կենտրոնում հնչած այս հարցին ի պատասխան ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Գերիների փոխանակման մասով կա ամենօրյա աշխատանք, բայց ցավոք այն որեւէ կերպ չի հաջողվել, քանի որ Ադրբեջանի կողմից բացարձակապես չկա ցանկություն այդ ուղղությամբ որեւէ կոմպրոմիսի կամ մարդկային հարաբերությունների գնալ, եթե երեք-չորս անգամ տապալվում են հրադադարի բոլոր առաջարկները նույնիսկ աշխարհի հզոր պետությունների կողմից առաջարկված, ցավոք, ուրիշ բան չենք կարող անել»:

Ինչ վերաբերում է դիերի երկար մնալու պատճառով համաճարակի վտանգին, այս մասին էլ հավելեց. «Տեղեր կան մեր դիրքերի առջեւ, որ արդեն 20 եւ ավելի օրեր ադրբեջանական զինված ուժերի, վարձկանների, մի գուցե եւ այլ պետությունների հատուկ ստորաբաժանումների զինծառայողներ, վարձկաններ կամ ահաբեկիչներ այդպես էլ մնում են բաց երկնքի տակ եւ առաջացնում են լուրջ խնդիրներ: Փորձում ենք այդ խնդիրը լուծել տարբեր ձեւերով, որպեսզի համաճարակ չառաջանա…Իրենք թքած ունեն իրենց կորուստների վրա…

Այսօր էլ Հադրութի տարածաշրջանի գյուղերից մեկի հատվածում մեր դիրքերի ուղղությամբ իրենց բավականին մեծաթիվ զորքերի գրոհ հետ մղելիս՝ նորից մեր դիրքերի դիմաց թողել են մոտավորապես 15-16 դիակ ու փախել»:

Արծրուն Հովհաննիսյանը պատասխանելով հարցերից մեկին, ասաց. «Մարտերն այսօր մի փոքր ավելի ուժեղ են եղել նախորդ օրերի համեմատությամբ, առնվազն երեք-չորս ուղղությամբ նման փորձեր են եղել՝ Շեխեր-Կարմիր շուկա, հարավից փոքր խմբեր են փորձել Մարտունիի ուղղությամբ եւ ոչ որոշիչ հաջողություն են ունեցել երկու դիրքերի հետ կապված, բայց երեկոյան կողմ հուժկու հրետանային կրակով մեր թողած դիրքերում բավականին մեծ վնասներ ենք պատճառել իրենց: Մարտակերտի ուղղությամբ են փորձել, ավելի հյուսիս՝ նույնպես: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի ցամաքային, հետեւակային, զրահատանկային ուժերը բավականին լուրջ կորուստներ են կրել, դրա համար շատ հաճախ նման գործողությունները վստահում են ահաբեկչներին, այլ տեղերից բերված զորքերին…Էլի եմ նշել, որ իրենց բլից-կրիգը տապալել ենք, դրա համար փորձում են առանձին տեղերում ճանկռելով առաջ գնալ»:

Այն հարցին, որ տարածվում է տեղեկություն, թե Ադրբեջանը տեսնում է մեր դիրքն ու շարժը սահմանին եւ ամենօրյա ռեժիմով նկարահանում մեր ամբողջ երկրի տարածքը, արդյոք թշնամին ունի՞ նման հետախուզական արբանյակներ, ՊՆ ներկայացուցիչն այսպես պատասխանեց. «Ոչինչ չեմ կարող բացառել, քանի որ իրենք փաստացի ունեն նաեւ Թուրքիայի լիարժեք վերահսկողությունը կամ կառավարումը մարտական գործողությունների: Շատ հնարավոր է, որ արբանյակային նման հնարավորություններ ունենան, բայց դա կատաստրոֆիկ երեւույթ չէ, որովհետեւ մենք եւս ունենք որոշակի հնարավորություններ՝ նույն հետախուզությունն իրականացնելու: Այդ պատճառով մենք պետք է ոչ թե մտածենք, թե ինչպես անենք, որ չտեսնեն, այլ ինչպես անենք, որ լավ խաբենք, քողարկենք մեր շարժերը, տեղերը, գործողությունները, միջոցները»:

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ ամեն անգամ թշնամուն տրվում է համարժեք պատասխան, թեեւ հակառակորդը քանակապես մեզանից մեծ է, ունեցած միջոցները շատ են, ունի Թուրքիայի լիարժեք աջակցությունը. «Խփել-ջարդելն ամեն օր կատարվում է, թշնամու կրած կորուստներն ամեն օր բազմապատիկ անգամ ավելի շատ են մերից»:

Ընդգծեց, որ հայկական կողմը գրագետ լուծում է պաշտպանական խնդիրները՝ հիմնականում մեծ կորուստներ պատճառելով հակառակորդին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30