Միացյալ Նահանգները ի գիտություն է ընդունում Ռուսաստանի միջնորդությամբ գործողություններն՝ ուղղված կրակի դադարեցմանը ԼՂ հակամարտության գոտում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը՝ պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հարցին ԼՂ շուրջ վերջին զարգացումների մասին: Վաշինգտոնը ցանկանում է ավելի շատ մանրամասներ իմանալ վերջին պայմանավորվածության մասին դրանց իրագործման ընթացքում, հավելել է խոսնակը:
Խստորեն դատապարտելով բռնությունն ու մարդկային կյանքերի կորուստը՝ Վաշինգտոնն ընդգծում է. «Չնայած մենք ուրախ ենք տեսնել կրակի դադարեցում, մենք դեռ չենք կարող մեկնաբանել հրադադարի կոնկրետ մանրամասները կամ դրան հաջորդող քայլերը: Ցանկացած հարց, թե ինչպես են կողմերը ընկալում նոր պայմանավորվածությունները, պետք է ուղղել իրենց»,- նշված է պետքարտուղարի խոսնակի գրավոր պատասխանում:
Վերլուծաբան Մայքլ Քոֆմանի կարծիքով այս համաձայնագրից շահում են Թուրքիան, Ադրբեջանն ու նաև Ռուսաստանը: Հայաստանի համար այն ռազմական ամբողջական պարտություն է: Չնայած դրան՝ սա հրադադարի ռեժիմի հաստատման ռազմական համաձայնություն է, այլ ոչ թե քաղաքական պայմանագիր, որը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Նա մի կողմից չի բացառել, որ բանակցություններին կրկին կներգրավվի Մինսկի խումբը, սակայն մյուս կողմից ստեղծված նոր իրավիճակն ու ռուսական զորքերի խաղաղապահ առաքելությունը Մոսկվային տալիս է գերակա առավելություն այս հարցում:
«Քանի որ այստեղ են ուղարկվել ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք այնտեղ կմնան հինգ և կարծում եմ ավել տարի, ամենայն հավանականությամբ հետագա բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավիճակի հարցում կընթանան Մոսկվայում»,- ասում է Քոֆմանը:
Կարդացեք նաև
Իր հերթին վերլուծաբան Ռիչարդ Վայցի կարծիքով՝ եթե հակամարտության առաջին օրերին թվում էր, որ Մոսկվայի ազդեցությունը կողմերի վրա բավարար չէ, ապա վերջին օրերին, գտնում է վերլուծաբանը, ակնհայտ դարձավ, որ ազդեցությունը զգալիորեն մեծ է, քան թվում էր: Վայցը, սակայն, կարծում է, որ այդ ազդեցությունը գնալով կնվազի:
«Թուրքիայի ակնհայտ գործոնն ու շփման գոտում ռուսական խաղաղապահների առկայությունը, հավանաբար, հետագայում լարվածություն կառաջացնի Մոսկվայի ու Բաքվի միջև»,- կարծում է Վայցը:
Թուրքիայի համար հակամարտության արդյունքների մասին վերլուծաբանների տեսակետները մի փոքր տարբերվում են: Մայքլ Քոֆմանը գտնում է, որ Թուրքիան ունեցավ որոշակի դիվանագիտական հաջողություններ՝ կարողանալով ներթափանցել տարածաշրջան, սակայն հաշվի առնելով, որ համաձայնագիրը եռակողմ է, իսկ ԼՂ-ում են տեղակայվել ռուսական ուժեր՝ Անկարային այդպես էլ չհաջողվեց Ռուսաստանին պարտադրել «երկու գումարած երկու» նոր ձևաչափը:
Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ
«Ամերիկայի ձայն»


















































