Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռեցիները՝ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի մասին. «Երկնքում մի բարի աղոթարար էլ ավելացավ»

Նոյեմբեր 19,2020 22:03

Այսօր առավոտյան կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանը: Սրբազանը ծնվել է 1959 թվականի մարտի 24-ին Թուրքիայի Մալաթիա քաղաքում: Հայաստան են վերադարձել 1969 թվականին: 1996 թվականից Չուլջյանը Գուգարաց թեմի առաջնորդն է:

Aravot.am-ի հետ զրույցում նրան ճանաչողները նկարագրում են՝ հայրենասեր, բարի ու հոգատար անձնավորության, ոչ միայն որպես հոգեւոր այր, այլ նաեւ որպես անձ:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյան. «Սրբազանն ինձ համար ոչ միայն հոգեւոր հովվապետ էր, այլ նաեւ ազգային գործիչ էր, որովհետեւ նա նաեւ խորը մարդ էր, դաստիարակ, հաշտարար էր, սուր անկյունները հարթեցնող այն մարդն էր, որ ցանկացած պարագայում մնաց իր բարձրության վրա:

Սրբազանի օրինակով Լոռիում սերունդ է կրթվել ու մեծացել: Իր հայրենասիրությամբ, ոգու ամրությամբ ու խորհուրդներով շատ մարդիկ խնդիրներից են խուսափել: Ինքն իր տեղը, դերը կոչումն այնպես էր ամրապնդել Լոռու մարզում, որ ես դժվարանում եմ հիմա ասել, որ իր տեղը կարող է ինչ-որ մեկը նման կերպ զբաղեցնի»:

Փաստաբան Կարեն Թումանյան. «Սրբազանն իմ մեծ ընկերն էր: Խելացի, խոհեմ ու գերազանց լավ մարդ էր, նաեւ հոգեւորական: Շաբաթվա մեջ թեկուզ գոնե մեկ անգամ, որ իր հետ զրուցում էի շատ օգտակար էր լինում: Դրական մարդու համար որքան էլ ասես միեւնույնն է՝ քիչ է»:

Դրամատուրգ, Երգիծաբան Սամվել Խալաթյան. «Ի դեմս Սրբազանի մենք ունեինք հայ մարտնչող հոգեւորական, հանուն ազնվության ու հավատքի, հանուն ժողովրդի բարօրության: Տասնյակ ու տասնյակ աղոթատներ վերականգնեց ու կառուցեց: Սկսեց «Ձեռք մեկնիր եղբորդ» շարժումը եւ քանի ընտանիքների  բնակարան հատկացրեց: Բացի այդ, ինքն այն միակ կամուրջն էր, որ հոգեւոր ու ազգային կամուրջ ստեղծեց Թուրքիայում ապրող հայկական գյուղերի հետ: Նա Հրանտ Դինքի բարեկամն էր: Մեր եկեղեցին նա դարձրեց ոչ միայն կրոնական, այլ նաեւ մշակութային այն կորսված արժեքը, որ ժամանակին  եղել էր:

Եկեղեցու ներքնահարկը մեզ համար նաեւ ցուցահանդեսի սրահ դարձավ, նաեւ համերգների համար: Նրա շնորհիվ ունենք մի հրաշալի երգչախումբ, փողային նվագախումբ եւ շատ ավելին: Մենք առաջին հերթին կորցրեցինք հայրենասեր մարդու եւ շատ ազնիվ ու հրաշալի կրոնավորի, որը քրիստոնեությունն ընկալում էր ամենավերին շերտերի մեջ, առաջին հերթին որպես  հայ մարդ: Ցավալի է, որ հիմա ինքը չկա: Ոչ միայն Վանաձորից, ոչ միայն Էջմիածնի հոգեւոր ընտանիքից, այլեւ Հայաստանից մեծ մարդ պակասեց: Դա մեր հայ ժողովրդի կորուստն է»:

Գուգարաց թեմի Օձունի եւ ենթաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյան .«Սիրտս կոտրված է, բառեր չեմ կարողանում գտնել մորմոքս արտահայտելու, վիշտս ու ցավս արտաբերելու համար։ Առավոտյան վեհափառ հայրապետի մոտ էի, երբ սրբազան հոր դաժան մահվան բոթն առանք։ Վեհափառի հետ սգացինք եւ ողբացինք մեր ազգի ու եկեղեցու անդառնալի կորուստը։ Երկնքում մի բարի աղոթարար էլ ավելացավ»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30