Զինադադարից հետո Արցախի Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջաններում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները թալանվել են։ Գողությունը կատարել են հայերը, քանի որ այդ տարածքներ ադրբեջանցիներ չեն մտել։

«Քարվաճառի մեր խմբավարն այդ օրերին այդտեղից դուրս եկած է եղել։ Մեր գնալուց մի օր առաջ խմբավարը գնացել էր լաբորատորիա ու տեսել, որ այնտեղ մնացել էր միայն եռաչափ տպիչն ու թվային կառավարմամբ շաղափային լազերային տպիչ հաստոցը։ Համակարգիչներն ու ռոբոտի հավաքածուն գողացել էին»,-պատմում է պարոն Վարդանյանը։ Այն, ինչ մնացել է, ըստ պարոն Վարդանյանի, չեն տարել, հավանաբար չիմանալով, թե դրանք ինչ են։

Կարդացեք նաև
Պարոն Վարդանյանն ասում է՝ Քարվաճառի լաբորատորիայից գողացել են վեց ամբողջական համակարգիչ, ռոբոտի հավաքածուն, որը 730 հազար դրամ արժեր։ Ռոբոտն ինչներին էր պետք, հարցի պատասխանը Վարդանյանը չունի, ենթադրում է, որ գողերը դրանք կամ դեն են նետելու, կամ էլ փորձելու են մաս-մաս վաճառել ասենք՝ լաբորատորիաներից մեկին։

Այն, ինչ պարոն Վարդանյանը տեսել էր այս շրջաններում, բնութագրում է որպես քաոսային եւ անիշխանություն, ասում է՝ մարդիկ մնացել էին բախտի քմահաճույքին, բնակիչներին հորդորել էին գույքը չհանել, եւ բայց սա այն դեպքում, երբ Արցախի բարձրաստիճան պաշտոնյային պատկանող ՀԷԿ-ը Քարվաճառում արագ ապամոնտաժում էին։ «Բերձորցիներն էլ վերջնական չգիտեն՝ Բերձորը մնալո՞ւ է մեր վերահսկողության տակ, թե՞ ոչ։ Հետեւաբար չգիտեն՝ մնա՞ն, դո՞ւրս գան։ Ի՞նչն էր խանգարում Արցախի եւ Հայաստանի իշխանություններին արագ կազմակերպեին, որպեսզի օրինակ՝ Քարվաճառի եւ Քաշաթաղի դպրոցների գույքը տեղափոխեին հարեւան մարզեր՝ Գեղարքունիք եւ Սյունիք: Գոնե գնան հիմա պատուհանները հանեն բերեն, տեսնեն ինչ է մնացել, փրկեն։ Մարդիկ ռազմաճակատից վերադառնում են ու տեսնում՝ իրենց տունը թալանված է։ Ով էլ ուզում է իր գույքը տեղափոխի՝ աջակցող չկա, պետությունը ոչինչ չի ձեռնարկում։ Բայց այ, անտառահատները շատ կազմակերպված աշխատում էին, հազարներով մոբիլիզացված աշխատում էին»,-ասում է պարոն Վարդանյանը։
Արցախում գործում էր 32 «Արմաթ» լաբորատորիա, որից 11-ը, Սեդրակ Վարդանյանի խոսքերով ասած՝ մնաց արտաքին թշնամուն, 2-ն էլ ներքին թշնամին թալանեց․ «Մարտակերտի ու Մարտունու շրջանների շենքերը պատկերացնում եք ինչ ռմբակոծության տակ են եղել, հիմա այս շրջանների գյուղերի սահմաններն են փոխվել, պարզ էլ չէ՝ մարդիկ կվերադառնա՞ն, ապահով կլինի՞։ Օրինակ՝ Մարտունու Թաղավարդ գյուղում լաբորատորիա ունեինք, Թաղավարդի կեսը մերն է, մյուս կեսը՝ թշնամունը, պարզել եմ, որ Թաղավարդի դպրոցը ադրբեջանցիների ձեռքում է։ Հիմա այս տարածքներում ո՞վ է ապրելու։ Ռուսների հենակետերն էլ իրարից 8-10 կիլոմետր հեռու են, իսկ այդ արանքում ո՞ւմ վրա է լինելու վերահսկողությունը, շատ վտանգավոր է»։
Իրավապահ մարմիններին պարոն Վարդանյանը դեռ չի դիմել, առանձնապես մեծ հույսեր էլ չի կապում նրանց հետ․ «Գիտեմ, որ արդյունքը զրոյական է լինելու։ Բայց իմ այս հարցազրույցը ոստիկանությունը թող ընդունի որպես հաղորդում հանցագործության մասին»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































