Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Բագրատ Եսայան. «Հիմա կմտնեմ ԱԱԾ, կիմանամ՝ ես հետախուզման մե՞ջ եմ, թե՞՝ ոչ, ինձ մեղադրանք ներկայացվա՞ծ է, թե՞ ոչ»

Դեկտեմբեր 03,2020 23:03

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանին որպես վկա մեկ անգամ հարցաքննել են կառավարության կամ ԱԺ շենքեր ներխուժելու, գույքը փչացնելու, ԱԺ բակից մեքենաներ գողանալու կամ այլ դրվագներով, որոնց նա չի պատասխանել՝ այն ժամանակ դա բնութագրելով որպես անհավասարակշիռ վարչապետի հանձնարարությունը կատարելու փորձ: Այս մասին այսօր ԱԱԾ մտնելուց առաջ լրագրողներին ասաց ինքը՝ Բագրատ Եսայանը՝ տեղի ունեցողը համարելով քաղաքական պատվեր, թեեւ ԱԱԾ-ում դա չեն ընդունում:

«Մենք հիմա վկա ենք, որ քաղաքական պատվեր է իրականացվել երեկվա հաղորդագրությամբ: Դրանից ակնհայտ քաղաքական պատվեր չկա: Իսկ երեկվա հաղորդագրությունը արդյունքն էր դրա նախորդ օրվա բացարձակ ապօրինի հանդիպման, որ անցկացրել է կառավարության թիվ 1 շենքում նստած անհավասարակշիռ անձը՝ հրավիրելով նախաքննության մարմինների, դատախազի, դատավորների: Նույնիսկ փորձել է քննարկել այն քրեական գործը, որի արդյունքում այս հայտարարությունը ԱԱԾ-ն տարածել է»,- ասաց Բագրատ Եսայանը:

Նա նաեւ Aravot.am-ի հարցին պատասխանեց, որ իրեն ԱԱԾ-ն չի ծանուցել. «Ես ինքս եմ ներկայացել, քանի որ երեկ հաղորդագրության մեջ ասված էր, որ քրեահետախուզական միջոցառումներ են իրականացվում կազմակերպիչներին, մասնակիցներին բացահայտելու համար եւ ցույց են տալիս իմ նկարը: Եթե ինձ չեն ճանաչում, չգիտեն իմ գտնվելու վայրը, ես ներկայացել եմ: Հիմա կմտնեմ ներս, կհասկանամ՝ ինչ կարգավիճակում եմ ես գտնվում, արդյո՞ք հետախուզման մեջ եմ, արդյո՞ք ինձ մեղադրանք է առաջադրված, որի մասին ես տեղյակ չեմ, արդյո՞ք փոխվել է իմ կարգավիճակը, վկայից դարձե՞լ եմ կասկածյալ, թե ոչ: Ես չգիտեմ ինչ մեղադրանք ակնկալել կամ պահանջել, բացարձակ չգիտեմ՝ ինձ ինչ մեղադրանք են փորձելու առաջադրել: Բայց տվյալ տեսանյութից հետո բավականին ծանր մեղադրանք պետք է որ լինի. առնվազն՝ պետական հեղաշրջման փորձ, ինչպես հնչում էր տեսանյութում»:

Ավելի ուշ Բագրատ Եսայանը ԱԱԾ-ից դուրս գալուց հետո տարածել է հետեւյալ հայտարարությունը:

ԶԼՄ ներկայացուցիչներին,

Հարգելի գործընկերներ, նախ շնորհակալ եմ ինձ աջակցելու համար։ Տեղեկացնում եմ, որ ինձ որևէ մեղադրանք չի առաջադրվել, նորից հարցաքննություն արվեց, տրվեցին նույն հարցերը, որոնց, բնականաբար հրաժարվեցի պատասխանել, այս ամենը նորից գնահատելով քաղաքական ենթատեքստով իրականացվող քրեական հետապնդում ընդդիմության նկատմամբ։ Բնականաբար, շարունակելու եմ Նիկոլի ԱԱԾ-ի հաղորդագրության հետքերով հետևողական քայլեր անել, որոնց մասին ձեզ տեղյակ կպահեմ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031