Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երեխեքը սաղ բողոքում են…ավտոմատը տվել են, տարել են գրադի բերան. Նոյակերտի գյուղապետ

Դեկտեմբեր 08,2020 10:43

«Նախ առաջինը, ես ոչ մի օլիգարխի ձեռի տակ չեմ, հանրապետական եմ: Իսկ երկրորդը՝ ջոկատը կազմել ենք, լրիվ տարիքով ենք եղել, 56 տարեկան եմ, եթե զինկոմիսարիատը 50-ից բարձր տարիքի չի տարել, ինչ է նշանակում: Հետո՝ ես որ մասնակցել եմ, ինքը չի եղել, փոքր է եղել»,- Aravot.am-ի հետ զրույցում Արարատի մարզպետի պնդումներին հակադարձեց Նոյակերտ համայնքի ղեկավար Հովհաննես Հարությունյանը՝ վստահեցնելով, որ որեւէ քրեական գործով չի անցնում:

Հիշեցնենք, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը մի շարք համայնքների ղեկավարներին մեղադրել է հայրենիքի պաշտպանության համար ջոկատներ չկազմելու, տեղական օլիգարխի գրպանից կախված անձնավորություններ լինելու մեջ: Ըստ մարզպետի՝ նշված գյուղապետերը վարչապետի հրաժարականի պահանջին միացել են, քանի որ անցնում են մի շարք քրեական գործերով ու երկրում իրավիճակի փոփոխության արդյունքում փորձում են փրկել իրենց կաշիները:

«Մի փոքր գյուղ է, երեք զոհ ունենք, մեր երեխեքը գնացել, եկել են ու սաղ բողոքում են կազմակերպչական աշխատանքներից: Գնացել են, ավտոմատը տվել են, տարել են գրադի բերան»:

Փոքր Վեդի համայնքի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նույնպես ասաց, որ ինքը ջոկատներ է կազմել. «Վարչապետը հենց հանձնարարեց կամավորական ջոկատներ կազմել, ես 14 հոգանոց խումբ եմ կազմել, 50 տարեկանից բարձր տղամարդկանց թույլ չտվեցին: Մնացինք ես ու մի երիտասարդ, միասին գնացինք Զոդի զորամաս, հինգ օր այնտեղ ենք եղել: Հետո հարց առաջացավ, որ իմ երկու տղաները առաջնագծում են, ասացին՝ կարող ես գնալ: Այնտեղ է եղել նաեւ մարզպետը, երկու տղաներս մինչեւ հիմա էլ դիրքերում են, հերթապահության մեջ են »:

Պարոն Մարտիրոսյանը բացատրեց՝ ինչու է միացել վարչապետի հրաժարականը պահանջողներին. «Նոյեմբերի 9-ին մարդիկ համաձայնագիր են ստորագրել ու արդեն մեկ ամիս է անցել՝ ոչ մի տեղեկություն: Մեր գյուղում բնակիչ կա, որ անհետ կորածների մեջ է, վաղը նոր պետք է նրա ծնողին վերցնեմ, գնանք ԴՆԹ անենք: Բայց ստորագրելուց առաջ նախ զոհերի մարմինները, անհետ կորածներին գտնելու հարցերը պետք էր կազմակերպել չէ՞: Կամ եթե հրադադարի որոշում էր ընդունելու, մարդկանց կարծիք պետք է հարցներ, ինչպե՞ս կարելի է առանց կարծիք հարցնելու նման որոշում կայացնել: Դե ուրեմն մի քսան օր առաջ հրադադար հայտարարեիր, 5000-ի փոխարեն 2000 զոհ ունենայինք: Կամ 44 օր ասացին ՝ հաղթելու ենք, վերջում կապիտուլյացիայի որոշում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031