Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է թույլ տվել հայրենիքը նվեր տալու, պատասխան պիտի տան»․ Մարմաշենի համայնքապետը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին

Դեկտեմբեր 10,2020 19:07

Հանրապետությունում ընթացող բողոքի ցույցերին անմասն չի մնացել նաև Շիրակի մարզը․ այստեղ բավական խառը իրավիճակ է ստեղծվել։ Մարզի մի քանի՝ Ազատանի, Բենիամինի, Հովտաշենի, Մարմաշենի, Ախուրյանի համայնքապետերը պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն միաժամանակ այդ նույն համայնքներում բնակիչների կողմից տեղի են ունենում ցույցեր՝ ի պաշտպանություն վարչապետի։

Բնակիչները համայնքապետերից պահանջում են հանդես չգալ ժողովրդի անունից․ նման ցույցեր արդեն տեղի են ունեցել երեք համայնքներում՝ Ազատանում, Մարմաշենում, այսօր էլ Բենիամինում։

Բենիամինի համայնքապետ Արտակ Անտոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը հրաժարականի պահանջ ներկայացրել է իր անունից և այս մասին այսօր տեղեկացրել է բնակիչներին, որոնք հավաքվել էին՝ ի պաշտպանություն վարչապետի։

Նույնը մեզ հետ զրույցում փաստեց Նաև Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար, ՀՅԴ-ական Կարեն Արշակյանը։ Նա նշեց, որ քաղաքացիները կարող են տարբեր կարծիքներ ունենալ այս հարցի շուրջ, չնայած որ ինքը Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տառերով ՝ պարզ, մատչելի հայերենով գրել է՝ հրաժարականի պահանջը իր, ոչ թե համայնքի բնակիչների անունից է։

«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը, համայնքապետարանի աշխատակազմը, ավագանու անդամների և վարչական ղեկավարների գերակշիռ մեծամասնությունը միացել են Հայաստանի Հանրապետության բազմաթիվ համայնքներին և պահանջում են Հայաստանի ապազգային և ապաշնորհ իշխանությունների՝ վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականն ու անցնցում հեռացումը»,-նշված է հայտարարության տեքստում։

Թե ինչու է վարչապետի հրաժարականը պահանջում Կարեն Արշակյանը, վերջինս մանրամասնեց․

«Երբ որ մարդը մոռանում է իմ ընկերների թափած արյան մասին, մեր ազատագրած հայրենիքի, որն ազատագրել էինք ու 30 տարի պահել ենք, գրչի մեկ հարվածով՝ առանց որևիցե մեկից կարծիք հարցնելու, խորհրդակցելու նվեր է տալիս, ես չեմ ընդունում, ով ուզում է լինի այդ անձը։ Վերջը համայնքի ղեկավարներ ենք մենք, մե՛նք ենք այդ արյունը թափել։

Մեր բախտը որ բերել է, այնտեղից հետ ենք եկել, չի նշանակում, թե մենք անհայրենիք, անհայրենասեր մարդ ենք, նույն հաջողությամբ հնարավոր է ես այնտեղից հետ չգայի 90 թվականին կամ 2016 թվականին։ Այս ամենը մոռանալով՝ ստացվում է, ով եկավ, հայրենիքը պիտի նվեր տա՞, ո՞վ է թույլ տվել հայրենիքը նվեր տալու, ի՞նչ իրավունքով։

Ով այս հարցի մեջ կա, ով մասնակից է մեր չպարտված զինվորին պարտություն տալու հետ կապված, պատասխան պիտի տա։ Պատասխան են տալու այն մեր լավ տղերքի համար, որոնց կորցրեցինք, չեմ իմանում երևի 5000 ու ավել, հստակ չգիտեմ թիվը, նաև 10 հազար վիրավորների համար ու նաև 18-19 տարեկանների, որոնց հոգեբանության վրա այս ամենն ազդել է։ Պատասխան են տալու՝ ուզում է երկրի վարչապետ լինի, ուզում է Ազգային ժողովի նախագահ կամ գեներալներ լինեն, եթե ես եմ դավաճանել, ես պիտի պատասխան տամ, ով ուզում է լինի։ Եթե կան դավաճաններ, թող վարչապետը հանի, ցույց տա, ասի՝ դավաճանել է Պողոսյան Պողոսը, գնդակահարություն էդ մարդուն, թող ազգի դատին ներկայացնի, ինչու չեն ներկայացնում, եթե ես եմ դավաճանել, թող ինձ ներկայացնեն։

Ես երեք օրը մեկ եղել եմ սահմանում, ամեն ինչ տարել եմ այնտեղ: Վերջում հրադադար էին հայտարարել, տղեքը չունեին ապրելու միջոց: Չեմ էլ ուզում անունս շեշտվի, բայց այդ ամենը մենք են կազմակերպել: Ու եթե մեր չպարտված զինվորին ինչ-որ մեկը, Արցախի նախագահն է երևի՝ Արայիկ Հարությունյանն է, չեմ իմանում ով է, մեր զինվորին նկարագրեց որպես պարտված, փախչող, էլիտար զորքերին որպես փախչող, չեմ ների։ Իմ ընկերոջ երեխան 18 տարեկան է, 50 կիլոգրամ քաշ չունի, 40 օր կռվել էր, դու այդ երեխուն ներկայացնում ես փախնող երեխա, էդ երեխան փախե՞լ է։

Միգուցե ես հուզված եմ, այս ամենը ճիշտ չեմ պատկերացնում, բայց ով մեղավոր է, ՀՀ ցանկացած քաղաքացի, պատասխան պիտի տա իր կատարած հանցանքի չափով։ ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար մարդիկ են՝ կապ չունի զբաղեցրած պաշտոնը, դիրքը, եթե դավաճանություն կա ինչ-որ մեկի կողմից, պիտի պատասխան տա»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031