«Հանուն Ազատության» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձանց, ինչպես նաեւ նախկին դատապարտյալների իրավունքների պաշտպանությամբ, տարեմուտի օրերին փորձեց պարզել անազատության մեջ գտնվողների ակնկալիքները՝ Ձմեռ պապիկից։
«Նամակ Ձմեռ պապին» ակցիային մասնակցեցին միայն կին դատապարտյալները։ Քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող տղամարդիկ չցանկացան նամակ գրել Ձմեռ պապին։
«Աբովյան» ՔԿՀ–ի դատապարտյալները նախ եւ առաջ խաղաղություն են ցանկացել երկրին, հետո որ ոչ մի մայր հեռու չգտնվի իր երեխայից։ «Սիրելի Ձմեռ պապ, խնդրում եմ Ձեզ, որ նոր տարում, ոչ մի հայ մայր չդառնա դատապարտյալ, չգտնվի անազատության մեջ»,–գրել է Անահիտ Գեւորգյանը։
Դիաննա Մխիթարյանը ցանկացել է «որ յուրաքանչյուր մայր գտնվի իր ընտանիքի գրկում»։ Անժելա Ենոքյանն էլ ռուսերենով է գրել Ձմեռ պապին։ Նա երկիր մոլորակին խաղաղություն է մաղթել, զինվորներին՝ համբերություն ու առողջություն, իսկ Հայաստանին՝ բարգավաճում ու անդորր։
Կարդացեք նաև
Արաքսիա Սուքիասյանը շատ է ուզում երեխաների մոտ գտնվել, Սրբուհի Ժամկոչյանն ու Մարինե Ասլանյանը խաղաղությունից զատ բոլոր դատապարտյալների համար ազատություն են խնդրում Ձմեռ պապից։ Հերիքնազ Խաչատրյանը ցանկանում է, որ Ձմեռ պապին այնպես անի, որ ոչ մի «մայր արցունք չտեսնի»։
Դատապարտյալ Բավական Խաչատրյանն էլ սրտատրոփ սպասում է 2021 թ․–ի ապրիլի 6-ին, որպեսզի պատիժը շարունակի կրել բաց տիպի ուղղիչ հիմնարկում։ Դատապարտյալ Հ․ Վիրաբյանն, ի տարբերություն իր բախտակիցների, ամենաերկար նամակն է գրել Ձմեռ պապին։ Կինը նախ հույս ունի, որ արդեն հարազատ դարձած պապը չի նեղանա որ «դու–ով է դիմում»։ Վերջին անգամ նա Ձմեռ պապիկին նամակ է գրել 20 տարեկանում, բայց այդ ժամանակ հայրն է եղել Ձմեռ պապը։
«Սեպտեմբերի 27-ի պատերազմը քարուքանդ արեց Հայաստանս, ավիրեց հայոց աշխարհս, արմատախիլ արեց հայ գենս։ Արիական ազգիս պատիվն ու արժանապատվությունը։ Հա՜, հա՜, Ձմեռ պապ, Հայկը պարտվեց ոսոխ Բելին»,–գրել է դատապարտյալ կինը։ Վերջինս ցանկություններ ու երազանքներ շատ ունի, բայց դրանք թերեւս հիմա անհնարին են։ Ձմեռ պապից նա խնդրում է, որ ազգը խաղաղ ու անհոգ ապրի, որ կրկին ունենանք «Տիգրան Մեծյան պետականություն», այնպիսի դիվանագիտական, քաղաքական մտածելակերպ ունենանք, «ինչպիսին ուներ Գարեգին Նժդեհը, օտարազգի Մաքիավելին», կարողանանք այնքան ուժեղ լինել, որ թշնամին վախենա ու չհարձակվի։ «Ձմեռ պապ, երազում եմ Էրգիրս տեսնեմ, որ սահմանները բացվեն, ոչ թե հոգով, մտքով, այլ մարմնով, ողնուծուծով հասնեմ, Սասնա յարխուշտան Արարարտի գագաթին տեսնեմ։ Է, Ձմեռ պապ, հայրենիքի ցավն ուրիշ է»,–գրել է արմատներով սասունցի Հ․ Վիրաբյանը։
Վերջինս ուզում է գաղութի դռները բացվեն ու նա հասնի Սյունիք, Տաթեւ, գրկի Տաթեւացու գերեզմանն ու ինքնամաքրվի, ուզում է գրկել նահատակված տղաների շիրիմներն ու աղոթել, շնորհակալություն հայտնել տղերքին եւ ասել, որ «որ հացից տղերքի արյան համն է առնում»։
«Էհ, Ձմեռ պապ, էնքան անիրականանալի երազանքներ ունեմ, որ մեկ–մեկ ես էլ եմ իմ վրա ծիծաղում։ Թե հե՜յ–հե՜յ Սասնա բարձրիկ սարեր, հե՜յ–հե՜յ Սյունյաց անարատ աշխարհ, իմ հոգու ճախրանքը չկոտրեք»,–գրել է Հ․ Վիրաբյանը։ Մնացած երազանքները նամակագիրը անձամբ կփոխանցի Ձմեռ պապին, երբ հանդիպի դեմ առ դեմ։ Նա պինդ–պինդ գրկում է Պապին ու թերեւս մի բան էլ խնդրում։ «Հա, Ձմեռ պապ, արդարադատության նախարարի հետ ո՞նց ես։ Ուզում եմ միջնորդես, որ մոտ օրերս մի բան անի, այստեղից դուրս գանք (տասնհինգ հոգի ենք): Դե քեզ տեսնեմ, Պապ ջան»,–նամակը եզրափակել է դատապարտյալ կինը։
«Հանուն Ազատության» ՀԿ–ն շնորհակալություն է հայտնում արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը, մասնավորապես հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանին՝ նախաձեռնությանը աջակցելու համար։
Նշենք նաեւ, որ «Աբովյան» ՔԿՀ–ում պատիժ կրող անձանց անձնական տվյալները հրապարակվում են նրանց թույլտվությամբ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ






















































