Լրահոս
Օրվա լրահոսը

Օրակարգում են եղել նաև հայ-նիդերլանդական տնտեսական համագործակցության և Հայաստանի տնտեսական բարեփոխումների հարցերը

Փետրվար 03,2021 18:55

Փետրվարի 3-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսին:

Ողջունելով հյուրին՝  փոխվարչապետը կարևորել է Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումը և բարձր գնահատել դեսպան Սխերմերսի անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սխերմերսը շեշտել է իր պատրաստակամությունը՝ ջանք չխնայելու հայ-նիդերլանդական հարաբերությունների ամրապնդման և խորացման ուղղությամբ:

Կողմերը քննարկել են Արցախի հիմնահարցն ու Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ձևավորված իրավիճակը՝ մանրամասն անդրադառնալով ռազմագերիների վերադարձի խնդրին: Փոխվարչապետը ներկայացրել է գերիների փոխանակման գործընթացի ներկայիս փուլը՝ հարցը համարելով Հայաստանի կառավարության առաջնահերթությունը: Նա շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների խորհրդարանին՝ Արցախի հարցում ցուցաբերած դիրքորոշման, ինչպես նաև Արցախի բնակչությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերելու մասին բանաձևի ընդունման համար:

Հանդիպման օրակարգում են եղել նաև հայ-նիդերլանդական տնտեսական համագործակցության և Հայաստանի տնտեսական բարեփոխումների հարցերը: Փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները տնտեսական կյանքի վերականգնման ուղղությամբ: Տիգրան Ավինյանը խոսել է տնտեսական դիվանագիտությունը զարգացնելու Հայաստանի մտադրության մասին, որը պետք է կենտրոնանա օտարերկրյա ներդրումների ներգրավման, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման, նորարարությունների ու գիտության ոլորտում համագործակցության վրա: Այս համատեքստում կարևորվել է հայ-նիդերլանդական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների և այլ ոլորտներում:

Կողմերը միաժամանակ բարձր են գնահատել միջազգային ֆինանսական հաստատություններում, այդ թվում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի շրջանակներում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728