Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանից ՀՀ-ի տարածքով տեղափոխվող թմրամիջոցները ներծծված են եղել մանկական անկողնային պարագաներում, հարսի զգեստի մեջ

Փետրվար 10,2021 16:38

Չնայած կորոնավիրուսի համավարակի պատճառով ՀՀ-ում սահմանված որոշ սահմանափակումների եւ պատերազմի հետեւանքով հայտարարված ռազմական դրությանը, պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2020 թվականին արձանագրել է բացահայտումների աննախադեպ աճ: Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, մաքսային ծառայության գնդապետ Վարդան Վարդանյանը։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2020 թվականին արձանագրել է մաքսային իրավախախտումների 426 դեպք, ինչը, ըստ պարոն Վարդանյանի, գերազանցում է 2018 թվականի ցուցանիշները 141%-ով, 2018-ին արձանագրվել է 177 իրավախախտում, 2019 թվականին՝ 202։

Պարոն Վարդանյանի փոխանցմամբ՝ բացահայտված 426 իրավախախտումից 296-ը մաքսանենգության դեպքեր են, որոնցով հարուցվել են քրեական գործեր, 130 դեպքով էլ սկսվել է վարչական վարույթ: Վարդան Վարդանյանի կարծիքով՝ 2020 թվականի բացահայտումների ցուցանիշը լավագույնն է վերջին 10 տարիների ընթացքում:

ՊԵԿ պաշտոնյան վստահեցրեց՝ կտրուկ աճել են փոստային առաքումների միջոցով թմրանյութերի ներմուծման դեպքերը, իսկ թմրամիջոցի ներմուծումը ցամաքային սահմանով, օրինակ` Իրանի ճանապարհով, նվազել է․ «2020 թվականի փետրվարի վերջից ուղեւորների եւ հետիոտների համար հայ-իրանական սահմանը փակվել էր, մինչդեռ կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումները չեն տարածվել փոստային առաքումների վրա։ Միաժամանակ, անհամեստություն չլինի, կարելի է փաստել, որ բարձրացել է նաեւ մաքսանենգության վարչության աշխատանքի արդյունավետությունը»։

Անցյալ տարի փոստային առաքումների միջոցով Հայաստան տեղափոխված թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի 240 դեպք է բացահայտվել, սա թմրամիջոցների ընդհանուր դեպքերի 82%-ն է։ Ըստ ՊԵԿ-ի, փոստային առաքանիներով ներմուծված թմրամիջոցների շուրջ 60%-ն ուղարկվել է ԱՄՆ-ից՝ 145 դեպք, 22%-ը՝ Ֆրանսիայից՝ 55 դեպք:

Պարոն Վարդանյանն ասաց, որ ԱՄՆ-ից փորձ է արվել ներմուծել հիմնականում հաշիշի յուղի պարունակությամբ էլեկտրոնային սիգարետներ եւ մուշտուկներ, մարիխուանա, մեթամֆետամին, նաեւ՝ թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի պարունակությամբ դեղամիջոցներ, իսկ Ֆրանսիայից հիմնականում թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի պարունակությամբ դեղամիջոցներ:

Թմրամիջոցների՝ ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման դեպքերի բացահայտումների մասին էլ պարոն Վարդանյանն առանձնացրեց մի քանիսը՝ անցյալ տարի հունվարին կանխվել է Իրանից Հայաստանի տարածքով դեպի Ավստրալիա սուրհանդակային առաքման միջոցով ափիոն տեսակի թմրանյութի փոխադրման երկու փորձ․ մեկը՝ 2,8կգ քաշով ափիոն տեսակի թմրամիջոցը ներծծված էր ծանրոցում առկա մեկ հատ բարձի եւ երկու հատ մանկական ներքնակների սպունգերում, երկրորդ դեպքը՝ Իրանի քաղաքացին ուղեկցող ուղեբեռով ՀՀ է ներմուծել 1,5 կգ ափիոն, որը ներծծված էր սպունգերով անկողնային պարագաների մեջ, թմրամիջոցը սուրհանդակային առաքման միջոցով պետք է ուղարկվեր Ավստրալիա։

«Մեկ այլ դեպք էլ «Զվարթնոցում» է բացահայտել՝ Իրանի քաղաքացին ՀՀ տարածքով Իրանից Ճապոնիա սուրհանդակային առաքման միջոցով փորձել է տեղափոխել 5,2 կգ մետամֆետամին տեսակի թմրամիջոց՝ ծանրոցում առկա հարսի զգեստերի երկու կողային պատերն ու հատակն ամբողջովին կառուցված էին սպիտակավուն բյուրեղանման զանգվածից՝ մետամֆետամինից»,-ասաց պարոն Վարդանյանը։

Իրանի քաղաքացիները սուրճի եւ թեյի փաթեթների մեջ փորձել են թմրամիջոց տեղափոխել Հայաստանի տարածքով դեպի Մալազիա։

ՊԵԿ պաշտոնյան թմրանյութերի ներմուծման մի դեպք ներկայացրեց, որը, նրա գնահատմամբ, Հայաստանի համար աննախադեպ քանակ է․««Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում Մեքսիկայից ներմուծված առաքանու ստվարաթղթե արկղի 3 կողային պատերի մեջ «ԼՍԴ» տեսակի թմրանյութի պարունակությամբ 1000 բլոտտեր է հայտնաբերվել ինչը մեր երկրի համար աննախադեպ քանակ է։ 2020 թվականի հոկտեմբերին Գերմանիայից ներմուծված մի ծանրոցում էլ մաքսայինի աշխատակիցների կողմից հայտնաբերվեցին «ՄԴՄԱ» տեսակի թմրանյութ պարունակող 505 հատ ամբողջական դեղահաբ, 11 հատ էլ մասնատված դեղահաբեր, որոնք հանրությանն ավելի հայտնի են «Էքսթզի» անվանումով»։

ՊԵԿ համապատասխան վարչությունը բացահայտել է 83 հատ հաշիշի պարունակությամբ մուշտուկներ, 31,709 թմրամիջոց եւ հոգեմետ նյութ պարունակող դեղահաբ եւ դեղապատիճ։ Բացի այս, հայտնաբերված եւ ապօրինի շրջանառությունից դուրս բերված թմրամիջոցների քանակը կազմում է՝ 6.1 կգ մետամֆետամին, 5.2 կգ ափիոն, 3.1 կգ մարիխուանա, 2.9 կգ կետամին, 1,6 կգ հերոին։

ՊԵԿ պաշտոնյայի խոսքով ՝ 2020 թվականի փետրվարի վերջից համավարակի պատճառով ուղեւորների եւ հետիոտների համար հայ-իրանական սահմանի փակման արդյունքում թմրամիջոցների ապօրինի ներմուծման թվաքանակը նվազել է Չնայած փակ սահմանին, ՊԵԿ-ը Իրանից հայկական շուկայի համար թմրամիջոցների ներմուծման 6 դեպք է բացահայտել, իսկ 2019 թվականին 37 դեպք է բացահայտել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728