Լրահոս
Օրվա լրահոսը

Տանկով ոչնչացրել է թշնամու՝ 15 և ավելի տանկ, շարքից հանել է մի քանի ՀՄՄ և հակառակորդի դիտակետեր. Հայոց բանակի երախտավորները. Վահե Ղահրամանյան

Փետրվար 10,2021 17:52

Հայոց բանակի երախտավորները

Վահե Կամոյի Ղահրամանյան՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանող

Ծնվել է 1997 թ. հունվարի 31-ին Լոռու մարզի Օձուն գյուղում։

2014 թ. ավարտել է Տիգրան Մեծ ռազմամարզական վարժարանը, 2014 – 2018 թթ. սովորել և ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը։ Համալսարանն ավարտելուց հետո ՊԲ զորամասում նշանակվել է տանկային դասակի հրամանատար։

Վահեն ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Հոգեբանություն» մասնագիտության մագիստրանտ էր և շուտով պիտի ավարտական թեզ պաշտպաներ: ԳԿՄԿ հանրային կապերի բաժինը զրուցել է հերոս Վահեի մայրիկի՝ Տիկին Էմմայի հետ: Տիկին Էմման հպարտությամբ է պատմում որդու սխրագործությունների, նրա մարտական բարձր  ոգու մասին:

 

Վահեն սեպտեմբերի 27-ից մասնակցել է պաշտպանական շրջանների մարտական գործողություններին։ Նրա մասնակցությամբ բազմաթիվ հերոսական դրվագների մասին են պատմում նաև մարտական ընկերներն ու հրամանատարները։ Հոկտեմբերի 3-ի տվյալներով՝ Վահեն իր տանկով ոչնչացրել է թշնամու՝ 15 և ավելի տանկ: Պատմում են նաև, թե ինչպես փոխգնդապետ Բազիկյանի մասնակցությամբ նա Եղնիկների ուղղությամբ (7-րդ պ/շ) 1 տանկով շարքից հանել է մի քանի ՀՄՄ և հակառակորդի դիտակետեր։

Հոկտեմբերի 7-ին կատաղի մարտեր են ընթացել Ֆիզուլի-Ջաբրայիլ ուղղություններով:

Առաջին մարտի ժամանակ Վահեն հասցրել է մարտադաշտից դուրս բերել բազմաթիվ վիրավոր և զոհված ընկերների: Նույն օրը՝ երկրորդ մարտի ժամանակ,  20 ժամ անընդմեջ եղել է մարտական գործողությունների կիզակետում: Սրանք ընդամենը մի քանի դրվագ են մեր հայորդու սխրագործություններից։

Ցավոք, Վահեից դեռևս որևէ լուր չկա:

Կուրսընկերներն անասելի ցավով են խոսում Վահեի բացակայության մասին: Ռայան՝ կուրսի ավագը, պատմում է, որ Վահեն մանկուց ապրել և մեծացել է զինվորական կենսակերպով:

– Վահեն եղել է պրոֆեսիոնալ զինվորական, բոլորի կողմից շատ սիրված, անչափ բարի, հավասարակշռված և նվիրվող երիտասարդ: Չեմ կարող նրա հետ կապված որևէ բացասական դրվագ հիշել: Վահեի բացակայությունը անչափ ծանր է անդրադարձել յուրաքանչյուրիս վրա,- նշում է Ռայան:

Վահե Ղահրամանյանը ներկայացված է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ողջ անձնակազմն իր երախտիքի խոսքն ու աջակցությունն է հայտնում մարտի ընթացքում ընկած բոլոր տղաների ընտանիքներին:

Հավերժ փա՛ռք մեր Հերոսներին
Հավերժ փա՛ռք Վահեին

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և զբաղվածության բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728