Լրահոս
Օրվա լրահոսը

«14 տարեկան երեխան կարող է ինքնուրույն, առանց ծնողի հանձնել ՄԻԱՎ-ի թեստ ու եթե դրական եղավ՝ ուղիղ Հրազդանի կամուրջ». Թեժ քննարկում՝ ԱԺ-ում

Փետրվար 11,2021 14:17

ԱԺ-ում ամենաանշառ թվացող օրինագծերից մեկի՝ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցի քննարկումը վերածվեց թեժ քննարկման:

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը զեկուցում էր պատրաստել, որ այս նախագիծը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առավել հակազդմանը կնպաստի: Նա ասաց, որ օրենքը ընդունվել է 1997 թվականին, այն ժամանակ քիչ տեղեկություններ ունեին վիրուսի, կանխարգելման մասին, թեստավորումը հասանելի չէր, բուժումն առկա չէր. «Այսօր մատից մեկ կաթիլ արյան միջոցով 15 րոպեում հնարավոր է որոշել հիվանդության առկայությունը մարդու մոտ»:

Թագուհի Թովմասյանը տարօրինակ համարեց այն, որ այս փաթեթով Քրեական օրենսգրքի փոփոխություն է նախատեսվում, որով այլ անձի ՄԻԱՎ-ով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելու քրեական պատիժը հանվում է: Նա հարցրեց. «Այսինքն, խրախուսում եք մարդկանց վարակե՞լը»: Փոխնախարարը պատասխանեց, որ 1997 թվին  խտրական օրենքներ են ընդունել, հիմա կա արդյունավետ բուժում այդ հիվանդությունից, որը հնարավորություն է տալիս, որ այդ մարդիկ առողջ ու որակյալ կյանքով ապրեն մինչեւ կյանքի վերջը: Հիմա առաջնային են համարում շուտ թեստավորելը, որ իրենք ու իրենց ընտանիքի անդամները կարողանան անցնել բուժման հնարավորինս շուտ. «Հիմա հիվանդությունն այլեւս վտանգավոր չէ ու չենք կարծում, որ այդ դրույթը պետք է պահպանել»:

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը հարցրեց, թե ինչո՞ւ փոխնախարարը զեկույցում չի խոսում այն փոփոխության մասին, որով նախատեսում են առանց ծնողի իմացության հետազոտվող անչափահասի տարիքային շեմը իջեցնել 16-ից 14 տարեկան: Նանուշյանը պատասխանեց, որ որեւէ խնդիր չկա, բացառություն են սահմանել: Ալեքսանյանը կարդաց ոլորտի մասնագետների մտահոգիչ նամակը, ըստ որի, նման փոփոխությունը անթույլատրելի է, 14 տարեկան երեխային հետազոտելուց հետո, եթե հայտնաբերվի հիվանդությունը, բուժում է պետք, իսկ առանց ծնողի իմացության հոգեբանորեն վերջնականապես չձեւավորված դեռահասին դա ասեը անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ. «Միգուցե դա արվում է վաղաժամ սեռական կյանքը խրախուսելու նպատակով, կամ սեռական կրթությունն ավելի վաղ տարիքում սկսելու համար»:

Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ լայնատարած թեստավորումը միջոց է, որ հասնեն իրենց նպատակներին, այն է՝ մեր քաղաքացիների առողջությունը: Պատգամավոր Գոռ Գեւորգյանը այստեղ մեր ազգի, մեր ժողովրդի անվտանգության հիմնախնդրի հարց էր տեսնում ու հորդորեց պետաիրավական հարցերի հանձնաժողովին լրջորեն ուսումնասիրել նախագիծը:

Ելույթներում պատգամավորները կոշտ էին: Թագուհի Թովմասյանն ասաց, որ շատ կարեւոր օրինագծերի փաթեթ են քննարկում, որը առնչվում է մեծապես երեխաներին. «Այս օրենքով հնարավորություն ենք ստեղծում, որ 14 տարեկան երեխան գնա ինքնուրույն ՄԻԱՎ-ի թեստ հանձնի ու կարող է գաղտնի պահել վարակված լինելը, ինչը չգիտենք ինչ հետեւանքներ կունենա: Տիկին Նանուշյան, ինձ թվաց, թե մենակ ես չեմ հասկանում, թե դուք ինչ եք խոսում, պարզվեց՝ մեր գործընկերների մոտ էլ է այդպիսի տպավորություն: Նախագծի տրամաբանությունը ու իրական նպատակները չկարողացաք ներկայացնել»:

Սոֆյա Հովսեփյանն էլ իր ելույթում բացեց խաղաքարտերը՝ որ նախագծի շարունակությունն է սա. «Ձեր զեկույցից թվում էր՝ մի հատ այնպիսի օրենք եք բերել, որը անմեղ, ոչ մի խնդիր չառաջացնող զեկույց է: Շատ սիրուն բառերով ասացիք, խուճուճ խոսեցիք, ոչ մեկը ոչ մի բան չհասկացավ, բայց հիշեք՝ սա օրենսդիր մարմին է եւ այստեղ նստած են մարդիկ, ովքեր շատ լավ հասկանում են, թե դուք ինչ եք բերել: Եվ եթե «Լանզարոտեի» կոնվենցիան մտավ, նույն տարբերակով քննարկվեց այս դահլիճում եւ ընդունվեց, դրա հետեւանքները այս դահլիճում այդպես հեշտ չեք մարսելու»:

Սոֆյա Հովսեփյանը բարկացած էր՝ «ռումբեր եք դրել օրենքի տակ, առել եկել եք». «Ինչո՞ւ չեք մարդկանց տեղեկացնում, որ ՀՀ-ում միջին թվով սեռական կյանքով ապրում են 18 տարեկանները, 14 տարեկան երեխան կարող է ինքնուրույն առանց ծնողի գնալ ու հանձնել ՄԻԱՎ-ի թեստ ու եթե դրական եղավ՝ ուղիղ Հրազդանի կամուրջ կամ ուրիշ տեղ: Ո՞ւմ եք եկել այստեղ խաբելու: Բացահայտել եմ նաեւ, որ դուք այս օրինագիծը դեռ փորձագետ եղած ժամանակ 2013-ին ուզեցել եք բրդեք առաջ ու չի ստացվել: Բավակա՛ն է այստեղ գաք ու ձեր նախարարության կեղծ օրենքները բերեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728