Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւան քաղաքի 2020 թվականի բյուջեով նախատեսված բոլոր ծրագրերը թերակատարվել են

Փետրվար 13,2021 14:00
byuje

Երեւանի քաղաքապետարանը ներկայացրել է 2020 թվականի բյուջեի կատարողականը։ Քաղաքապետարանը բոլոր ուղղություններով ծրագրերը թերակատարել է։

Ըստ այդմ, Երեւան քաղաքի 2020 թվականի բյուջեի ծրագրված (ճշտված) 84,9 միլիարդ դրամի եկամուտների նկատմամբ փաստացի եկամուտները կազմել են 73,3 միլիարդ դրամ, կատարողականը կազմել է 86.4%։ 2020 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են 27 միլիարդ դրամ, սակայն փաստացի կատարողականը կազմել է 24,5 միլիարդ, կամ՝ 90.8%։

Ըստ քաղաքապետարանի ներկայացրած փաստաթղթի, սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշը պակաս է 2019 թվականի համապատասխան ցուցանիշից 473 միլիոն դրամով։

Երեւանի քաղաքապետարանը հարկային եկամուտների հավաքագրումը նախորդ տարի թերակատարել է, օրինակ՝ փոխադրամիջոցների համար գույքահարկը հավաքագրվել է ծրագրվածից 312 միլիոն 884 հազար դրամով պակաս։ Իսկ ահա տեղական տուրքերի կազմում 47.2%-ը ապահովել արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար 1,4 միլիարդ դրամ փաստացի հավաքագրված տուրքը, որը նույնիսկ գերակատարվել է 58,3 միլիոն դրամով։ Ոգելից խմիչքների ու ծխախոտի արտադրանքի վաճառքի համար տուրքերի մասով մուտքերը եւս պակաս են եղել, դրանք կազմել են 516 միլիոն դրամ՝ ծրագրված 566 միլիոնի դիմաց:

Տեղական տուրքերի հավաքագրումը թերակատարվել է, բայց ոչ մեծ չափի, օրինակ՝ հավաքագրումը կազմել է 3 միլիարդ 90 միլիոն դրամ, հաստատված 3 միլիարդ 158 միլիոնի դիմաց, կատարողականը կազմել է 97.8%: Ըստ էության Երեւան քաղաքի հարկային եկամուտները եւ տուրքերը 2020 թվականի բյուջեով նախատեսվածից պակաս են հավաքագրվել 1 միլիարդ 495 միլիոն դրամով, ավելի ստույգ՝ բյուջով հաստատված է եղել 18 միլիարդ 429 միլիոն դրամ, հավաքագրվել է 16 միլիարդ 934 միլիոն դրամ։ Այդ թվում`գույքահարկի գծով հավաքագրվել է 12 միլիարդ 908 միլիոն, ծրագրված է եղել 14 միլիարդ 99 միլիոն դրամ, հողի հարկի հավաքագրումը կազմել է 561 միլիոն, ծրագրված է եղել 714 միլիոն դրամ։ Տեղական տուրքերը եւս պակաս են հավաքագրվել, օրինակ՝ ծրագրված է եղել 3 միլիարդ 158 միլիոն դրամ, հավաքվել է 3 միլիարդ 90 միլիոն դրամ, կատարողականը կազմել է 97.8%։

Երեւան քաղաքի 2020 թվականի բյուջեով ծրագրված այլ եկամուտների գծով նախատեսված էր 41 միլիարդ 448 միլիոն դրամի մուտքեր, հավաքագրվել է 33 միլիարդ 806 միլիոն, որից շահաբաժինների գծով փաստացի մուտքերը կազմել են 203 միլիոն 461 հազար դրամ` կանխատեսված 121 միլիոն 366 հազար դրամի դիմաց, կատարողականը կազմել է 167.6%:

Քաղաքապետարանի ներկայացրած փաստաթղթում նշվում է, որ ինքնակամ կառույցների օրինականացման վճարները նախատեսվածից մի փոքր ավել է կատարվել, օրինակ՝ նախորդ տարի այդ վճարները կազմել են 678 միլիոն 857 հազար դրամ, նախատեսված 648 միլիոն 857 հազար դրամի դիմաց։ Վարչական իրավախախտումների մուտքերը եւս ավել են եղել, դրանք կազմել են 504 միլիոն 476 հազար դրամ, նախատեսված 492 միլիոն 593 հազար դրամի դիմաց։

Բյուջեի կատարողականի փաստաթղթում նշվում է, որ ծախսերը եւս թերակատարվել են։ Այսպես՝ 2020 թվականի բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 64,3 միլիարդ դրամի ծախսեր՝ ծրագրված 101,3 միլիարդի դիմաց, ծրագրվածի 63.5%-ը։ Ըստ քաղաքապետարանի, փաստացի կատարված ծախսերը եկամուտների տեսակարար կշռում կազմում են 87,6%։ Փաստացի ծախսերից 66,4 միլիարդն ուղղվել է ընթացիկ ծախսերին, այսինքն՝ վարչական բյուջե, իսկ 9,1 միլիարդը՝ կապիտալ բնույթի զուտ ծախսերին՝ ֆոնդային բյուջե։ Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը կազմել են 11,3 միլիարդ դրամ։

Քաղաքապետարանը պարզաբանում է, որ նախատեսված եւ փաստացի ծախսված գումարների տարբերությունները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, պատվիրակված լիազորությունների մասամբ չկատարմամբ, ինչպես նաեւ COVID-19 համավարակի հետ արտակարգ եւ ռազմական դրության հետ պայմանավորված որոշ ծրագրերի չկատարմամբ:

Քաղաքապետարանը նախորդ տարվա բյուջով ծրագրել էր ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների համար ծախսել 9 միլիարդ 940 միլիոն դրամ, սակայն ծախսել է 7 միլիարդ 798 միլիոնը, կատարողականը՝ 78.5% է։

Պաշտպանության գծով ծրագրված կամ ճշգրտված ծախսերը 89 միլիոն 810 հազար էր, փաստացի կատարվել է 36 միլիոն 938 հազար դրամի ծախս, կատարողականը կազմել է 41.1%։ Շրջակա միջավայրի պաշտպանություն գծով ծախսերը ծրագրված է եղել 12 միլիարդ 12 միլիոն, փաստացի կատարվել է 9 միլիարդ 642 միլիոն ծախս, կատարողականը՝ 80.3%։

Իսկ բնակարանային շինարարության եւ կոմունալ ծառայության գծով ծրագրվել էր ծախսել 6 միլիարդ 488 միլիոն դրամ, սակայն փաստացի ծախսվել է 4 միլիարդ 894 միլիոն դրամը։ Առողջապահության համար էլ բավականին պակաս է ծախսվել, օրինակ՝ բյուջեով նախատեսվել էր ծախսել 511 միլիոն, ծախսել են 300 միլիոն դրամ։

Կրթության համար ծրագրվել էր ծախսել 34 միլիարդ 460 միլիոն դրամ, փաստացի կատարվել է 30 միլիարդ 577 միլիոն դրամի ծախս, կատարողականը կազմել է 88.7%։ Սոցիալական պաշպանության համար ծախսերի գրեթե կեսը չեն կատարել, օրինակ՝ նախատեսված է եղել ծախսել 2 միլիարդ 392 միլիոն դրամը, փաստացի կատարվել է 1 միլիարդ 344 միլիոն դրամի ծախսը։ Պահուստային ֆոնդերի ծախսերը նախատեսված են եղել 5 միլիարդ 610 միլիոն դրամ, ծախսվել է 4 միլիարդ 41 միլիոն դրամը։ Տնտեսական հարաբերությունների գծով ծախսերի գերակշիռ մասը չի կատարվել, սրա կատարողականի ցուցանիշը 9.9% է, ավելի պարզ՝ նախատեսված է եղել ծախսել 25 միլիարդ 501 միլիոն դրամ, սակայն ծախսվել է ընդամենը 2 միլիարդ 533 միլիոն դրամը։

Երեւան քաղաքի 2020 թվականի բյուջեի թերակատարումը թերեւս կարելի է պայմանավորել կորոնավիրուսի համավարակով եւ աշնանը 44 օր տեւած պատերազմով, երբ նախատեսված պետական ծրագրերի գերակա ուղղությունները փոխվեցին, իսկ համավարակի սկզբնական շրջանում տնտեսական սահմանափակումներ գործեցին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728