ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ Անդրանիկ Մակարյանը սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Եռաբլուր այցելության ժամանակ խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին՝ կապված ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարության հետ, որով պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: Անդրանիկ Մակարյանը չի միացել այս հայտարարությանը: Լրագրողների հարցին՝ չի՞ կիսում հայտարարության մեջ նշված՝ զինվորականների մտահոգությունները, նա այսպես արձագանքեց. «Առանց որևէ մեկնաբանության»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում ելքը. շատ զինվորականներ ասում են՝ մենք բանակի կողքին ենք, Դուք ի վերջո երկար տարիների զինվորական եք՝ Ձեր աջակցությունը… Անդրանիկ Մակարյանը հարցով պատասխանեց լրագրողի հարցին. «Դուք ԶԼՄ-ների կողքի՞ն եք, թե՞ ոչ»: Լրագրողն ասաց՝ այո, մենք ԶԼՄ-ների կողքին ենք: Անդրանիկ Մակարյանն ի պատասխան հավելեց. «Բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են և նրա կողքին»:
Լրագրողների մյուս հարցին՝ արդյոք ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փո՞րձ էր, ինչպես դա բնութագրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Անդրանիկ Մակարյանը պատասխանեց. «Ես ոչինչ չեմ կարող ասել և մեկնաբանություն չեմ անում: Ոչ մի մեկնաբանություն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ