Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

4416 ապօրինի հատված ծառի կոճղ` Թումանյանի և Ստեփանավանի անտառտնտեսություններում. պետությանը պատճառվել է 182 մլն դրամի վնաս

Մարտ 11,2021 17:28

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի և Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղերում ապօրինի ծառահատումների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով հարուցված և վարույթը կասեցված քրեական գործերով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2021թ.-ի մարտի 1-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել են 11 քրեական գործեր: Դրանք վերաբերում են նշված մասնաճյուղերի մի շարք պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն, ինչի արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս և առաջացել են այլ ծանր հետևանքներ:

Դատախազների կողմից նշված գործերով վարույթները կասեցնելու վերաբերյալ որոշումների օրինականությունը ստուգելու և գործերի նյութերին ծանոթանալու արդյունքում պարզվել է, որ Թումանյանի և Ստեփանավանի անտառտնտեսությունների մի քանի անտառպետությունների 10 պահաբաժիններում 2020թ.-ին արձանագրվել են անտառախախտման բազմաթիվ դեպքեր, որոնցով արձանագրվել է տարբեր տեսակի և տրամագծերով ընդհանուր 4416 ապօրինի հատված ծառերի կոճղեր: Դրանց հետևանքով բուսական աշխարհին և պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր  չափերի՝  ընդհանուր շուրջ 182 մլն ՀՀ դրամի վնաս:

Նախնական քննությամբ, սակայն, հանցագործությունները բացահայտել չի հաջողվել, չեն պարզվել առերևույթ ապօրինի անտառահատումների կատարած անձինք, ինչով պայմանավորված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով հարուցված նշված գործերով կայացվել էին վարույթը կասեցնելու որոշումներ:

Գործերի նյութերին ծանոթանալու արդյունքում պարզվել է, սակայն, որ մեծաքանակ ապօրինի ծառահատումները կարող են կատարված լինել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Թումանյանի և Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղերի համապատասխան իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ դատախազները վերացրել են այդ որոշումները և կայացրել քրեական գործ հարուցելու որոշումներ, որոնցով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը: Մարզի դատախազի կողմից նախաքննական մարմնին տրվել է ցուցում՝ նշված պաշտոնատար անձանց արարքներին հնարավորինս արագ քրեաիրավական գնահատական տալու համար իրականացնել պատշաճ քննություն՝ տալով համապատասխան առարկայական գործողություններ կատարելու հանձնարարություն:

Միաժամանակ, մարզի դատախազության կողմից միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, այդ թվում՝ նմանատիպ հանցագործությունները կանխելու և բացահայտելու, իսկ իրենց պարտականություններում թերացած աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Հիշեցնենք, որ ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակներում ՀՀ դատախազության կողմից որդեգրված քրեական քաղաքականության համաձայն՝ հատկապես մեծաքանակ ապօրինի ծառահատումների դեպքերով իրականացվող քննությունների ընթացքում անտառների տվյալ պահաբաժինների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ապօրինի ծառահատումներին հնարավոր հանցակցության հանգամանքները պարտադիր պետք է դարձվեն քննության առարկա, ինչը և տվյալ դեպքում ապահովվել է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031