Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ-ի հետ Թուրքիայի արտաքին առեւտրի հնարավոր մեծացումից պայթյուններ չեն լինի. Սերգեյ Գլազեւ

Ապրիլ 01,2021 15:00

«Չեմ կարծում, թե մեծ վտանգներ կան: Պայթյունային էֆեկտներ չենք կանխատեսում ԵԱՏՄ-ի հետ Թուրքիայի արտաքին առեւտրի ակտիվության հնարավոր մեծացումից»,- այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա-Բիշքեկ-Մինսկ-Երեւան-Նուր Սուլթան տեսակամուրջի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության կոլեգիայի անդամ (նախարար), տնտեսագիտության դոկտոր Սերգեյ Գլազեւը:

Վերլուծելով ԵԱՏՄ-ի եւ Անկարայի տնտեսական փոխհարաբերությունները, բանախոսը նկատեց, որ Անկարան առավել ակտիվ է Ղազախստանում եւ Ռուսաստանում`շինարարության ոլորտում: Նա միաժամանակ հստակեցրեց, որ ԵՏՄ հարավային երկրների համար, Թուրքիան մրցակից է սննդամթերքների մասով: Իսկ առհասարակ, Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունը «սահմանների» մեջ է, ամենը կարգավորվում է համաձայնագրերով, այդ թվում` նաեւ Անկարա-ԵՄ:

Անդրադառնալով Վրաստանի հետ ԵԱՏՄ հարաբերություններին, Սերգեյ Գլազեւը նկատեց, որ Վրաստանի եւ ԵԱՏՄ հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի շահերից, որը լոգիստիկ խնդիրների առաջ է հաճախ կանգնում բեռնափոխադրումների համար: Նրա գնահատմամբ, «հայտնի քաղաքական հարցերը» դժվար թե արագ լուծվեն, բայց տվյալ դեպքում, պետք է քաղաքականությունն ու տնտեսությունը տարբերակենք, մանավանդ, որ վրացի գործարարները նույնպես շահագրգիռ են տնտեսական հարաբերությունների կարգավորմամբ:

ԵՏՀ ինտեգրման եւ մակրոտնտեսության կոլեգիայի անդամը տեղեկացրեց, որ հաստատվել է ԵԱՏՄ-ի ռազմավարական գործունեության ծրագիրը` ըստ հստակ ոլորտների եւ ժամկետների: Ծրագիրը նախատեսում է ԵԱՏՄ-ի`մինչեւ 2025 թվական գործունեության գծագրում: Ըստ այդ ծրագրի, նախատեսվում է ծառայությունների ոլորտի ազատականացում: Ծրագրով կարեւորվում է նաեւ վարկանիշային կազմակերպությունների կազմավորումը` ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման համատեքստում: Այժմ օգտագործվում են ամերիկյան կազմակերպությունների տրամադրած տեղեկությունները եւ քանի որ ԱՄՆ-ը հիբրիդային պատերազմ է մղում ՌԴ-ի դեմ՝ կամա, թե ակամա`ԵԱՏՄ-ն անընդհատ դառնում է Վաշինգտոնի կողմից մանիպուլյացիաների օբյեկտ:

Հանձնաժողովում հավանության է արժանացել նաեւ ԵԱՏՄ-ում գիտական աստիճանների ճանաչումը, ինչը աշխատաշուկայում հավելյալ բարդություններ չի ստեղծի այլեւս: Հանձնաժողովը դրական է արձագանքել նաեւ ԵԱՏՄ-ում նպատակային զարգացման մշակման ուղղությանը:

Բանախոսն անդրադարձավ նաեւ կորոնավիրուսի համավարակին եւ այդ պայմաններում ամերիկյան ֆինանսատնտեսական շուկայի առանձնահատկություններին: Նրա գնահատմամբ, մոտավորապես յոթ տարին մեկ ԱՄՆ-ի ֆինանսական շուկան կանգնում է խնդիրների առջեւ, քանի որ այն ֆինանսական բուրգի համակարգով է աշխատում եւ բավական պայթյունավտանգ է: «Մեկ տարի առաջ, մենք դրա վրա ուշադրություն չդարձրեցինք, բայց տեղի ունեցավ համաշխարհային եւ ամերիկյան ֆինանսական շուկայի հերթական կրախը. համաշխարհային շուկայում կորուստը կազմեց 30 տրիլիոն դոլար, իսկ ամերիկյան շուկայում`15 տրիլիոն դոլար: Ես կարծում եմ, որ համավարակը պատահաբար չէ, որ համընկավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ: Եթե 2008-ի ֆինանսատնտեսական ճգնաժամը ուղեկցվեց մեծ քաղաքական սկանդալներով`Ուոլ Սթրիթում երեք ներդրումային բանկ «պայթեցին» ու այդ պատճառով ԱՄՆ կոնգրեսում լսումներ եղան, 20-յակի հավաք եղավ, այժմ մի տեսակ աննկատ անցավ համաշխարհային ֆինանսատնտեսական շուկայի ճգնաժամը, թեեւ միլիոնավոր մարդիկ դրա արդյունքում կորցրեցին իրենց խնայողությունները: Եվ տառացիորեն մի քանի ամիս անց, ամերիկյան նոր վարչակազմը թողարկում է նոր պարտատոմսեր, նախ երեք, ապա երկու տրիլիոն դոլար է պարտք վերցնում, Բայդենը հայտարարում է տնտեսական շուկային նոր ազդակներ տալու մասին: Այսինքն, մեկ տարվա կտրվածքով`այդ թիվը համարյա տասը տրիլիոն դոլար է կազմում: Ստացվում է`շուկան նախ 15 տրիլիոնով «քամուն տվեցին», ապա`10 տրիլիոնով «լիցքավորեցին», եթե արտահայտվենք ֆինանսական սպեկուլյացիայի սլենգով»,- կարծում է բանախոսը:

Սերգեյ Գլազեւի գնահատմամբ, ամերիկյան ֆինանսատնտեսական շուկան գտնվում է ոչ կայուն վիճակում եւ այս տարբերակով վերջին 20 տարիների ընթացքում հավելյալ գումարներ աշխատելու մեխանիզմը մի կողմից հանգեցրել է բնակչության շրջանում հսկայական թվով ներդրումների կորստի, մյուս կողմից` ֆինանսական օլիգարխիայի ձեռքում կապիտալի կուտակման. «Այսինքն, համաճարակի վարագույրի ներքո, երբ բոլորը մտահոգված են մարդկային կյանքերով, տեղի է ունենում սեփականության վերաբաշխում` ֆինանսական շուկայի միջոցով, որտեղ կապիտալի կոնցենտրացիան ավելի է մեծանում: Սա ուղիղ ճանապարհ է դեպի կործանում եւ դա ամերիկյան տնտեսագետները նույնպես ընդունում են»: Այս իրավիճակում, նրա գնահատմամբ, ՌԴ-ի, Չինաստանի, Բելառուսի դեմ ԱՄՆ-ի կողմից վարվող հիբրիդային պատերազմում, այդ երկրներ իրենց տնտեսություններն ապահովագրելու համար, պետք է հրաժարվեն «թունավոր վալյուտաների`դոլարի տեսքով» օգտագործումից եւ անցում կատարեն ազգային վալյուտաների կիրառման, մշակեն գնագոյացման սեփական մեխանիզմները`նվազեցնելով կախումը: «Ամբողջ աշխարհը դա արդեն անում է եւ վերջին տաս տարիների ընթացքում դոլարի չափաքանակը միջազգային գործարքներում 50 տոկոսով նվազել է»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930