Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտեմ որեւէ նյութ, որը միանշանակ ընդունվի բոլորի կողմից». Նախարարի խորհրդականը` աղմկահարույց օրենքի մասին

Ապրիլ 08,2021 13:08

ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը «Մեդիա կենտրոնում» նշեց, որ Կրթության զարգացման պետական ծրագիրը կամ ռազմավարությունը նախնական տարբերակով դեռեւս անցյալ տարվա օգոստոսին ներկայացվել էր կառավարություն, մտել ակտիվ քննարկումների փուլ: «Սակայն ակնհայտ է, որ պատերազմական եւ հետպատերազմական իրողությունները որոշակի նոր շեշտադրումների կարիք են առաջացնում եւ հիմա այն ակտիվ ներքին լրամշակման փուլում է, ու համոզված եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում կդառնա քննարկման նյութ»,-ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքին, որը միանշանակ չի ընդունվել գիտական հանրության եւ համալսարանական շրջանակների կողմից` նախարարի խորհրդականը նշեց. «Օրենքի խնդիրը մի քիչ այլ է: Օրենքը չի քննարկում այն կարգի հարցերը, որոնք քննարկում է ռազմավարությունը: Օրենքն ընդամենը սահմանում է ոլորտի իրավահարաբերությունները, ոլորտի շահակիցների, սուբյեկտների իրավունքներն ու պարտավորությունները»:

Ինչ վերաբերում է օրենքի` ոչ միանշանակ ընդունվելուն, այս մասին էլ հավելեց. «Ես ընդհանրապես չգիտեմ որեւէ նյութ, որը միանշանակ ընդունվի բոլորի կողմից, ինչը բնական է, այնպես որ ես այստեղ խնդիր չեմ տեսնում: Ավելին, ես փիլիսոփայորեն եմ նայում այդ հարցերին: Կրթության եւ գիտության բովանդակությունը բավական բարդ նյութ է եւ դրա շուրջ քննարկումներ կազմակերպելիս եւ այդ քննարկումներին մասնակցելիս անհրաժեշտ է, այնուամենայնիվ, մոտավոր կամ մակերեւութային ծանոթացում այդ նյութին»:

Սամվել Կարաբեկյանի ձեւակերպմամբ, ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծն ամենաքննարկված նախագծերից մեկն է,ինչն արդեն լավ է. «ԿԳՄՍ նախարարությունն ընդհանրապես ակտիվ է հանրային քննարկումների առումով, որովհետեւ եթե նայեք վիճակագրությունը e-draft հանրային քննարկումների հարթակի, ապա արդարադատության նախարարության ներկայացրած նախագծերի առումով ամենաակտիվը ԿԳՄՍ նախարարությունն է»:

Սամվել Կարաբեկյանը խոսելով հանրակրթության ոլորտից` ասաց, որ հնարավոր չէ 20-25 տարվա գործընթացն այնպես վերաշրջել, որպեսզի վիճակագրական մակարդակում դա անմիջապես երեւակվի մակերեւույթին, ապա հավելեց. «Որքանով ես հաղորդակցվում եմ հանրակրթության ոլորտին, տեղյակ եմ, որ շատ լուրջ աշխատանք է տարվում հանրակրթության խնդիրներով զբաղվող իմ գործընկերների հետ: Եթե աշխատանքն այն նույն ուղղությամբ շարունակվի, մենք շատ շուտով արդյունքները կտեսնենք»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները ` Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930