Ռուսաստանն ու Ադրբեջանը մեծ ներուժ ունեն ընդլայնել տնտեսական գործակցությունը և ավելացնել առևտրաշրջանառությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի իր գործընկեր Սաբիհա Ջաֆարովայի հետ հանդիպմանը:
«Մեզ մոտ լավ են զարգանում հարաբերությունները տնտեսական ոլորտում, ներդրումային դաշտում: Իհարկե, համավարակն իր փոփոխությունները մտցրել է: Փոխադարձ ապրանքաշրջանառությունը մի փոքր նվազել է անցյալ տարվա արդյունքներով՝ մոտ 10 տոկոսով, բայց ենթադրում եմ, դա ժամանակավոր իրավիճակ է: Քանի որ մեր երկրների ներուժը տնտեսական փոխգործակցության զարգացման գործում շատ մեծ է»,- ասել է նա:
Չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև շարունակվում են մշտական կապերը խորհրդարանների, կառավարությունների, նախարարների և գերատեսչությունների մակարդակներով, հիշեցրել է Մատվիենկոն: Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները գնալով զարգանում են:
«Մեր երկրների առաջնորդները մշտական երկխոսության մեջ են, քննարկում են արդիական խնդիրներ: Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարովիչ Ալիևի տրամադրվածությունը բարձրացնել ռուս-ադրբեջանական հարաբերությունների մակարդակը միութենականի»,- ասել է Մատվիենկոն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ