Լրահոս
Օրվա լրահոսը

Մտացածին մեղադրա՞նք. «Օրենքով գող»-ի սպանությանն օժանդակելու համար մեղադրվողն արդարացվել է. «Հայկական ժամանակ»

Հուլիս 06,2021 11:01

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանությունն օժանդակելու համար մեղադրվող Արմեն Ղարիբյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Սպանությունից երկու տարի անց, պատվիրատուն հայտնաբերված չէ, իսկ կատարողն էլ, որն ըստ մեղադրանքի ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա Սուլեյման Միիեւն է, գտնվում է հետախուզման մեջ:

Ամբաստանյալ Արմեն Ղարիբյանը ըստ մեղադրանքի՝ օժանդակել է սպանությունը կատարող Սուլեյման Միիևին: Նա, սակայն, առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նրա պաշտպան Արսեն Սարդարյանը մեր զրույցում պնդեց՝ մեղադրանքի հիմքում երկու ապացույց է դրվել՝ մեկը Ղարիբյանի եւ Սուլեյմանի հեռախոսազրույցը, մյուսն էլ ԶԼՄ հրապարակումներից մեկը: «Մեղադրանքի հիմքում դրված ապացույցը մի հեռախոսազանգի հանգամանք էր, ըստ որի՝ իմ պաշտպանյալի եւ սպանության կատարման մեջ կասկածվող անձի միջեւ եղել են փոխադարձ զանգեր, որի բովանդակությունը առկա չէր: Գործով նույնիսկ հիմնավորված չէր, որ այդ հեռախոսը իմ պաշտպանյալի հեռախոսն է: Երկրորդ՝ նույնիսկ եթե Ղարիբյանի հեռախոսն է, ինչպե՞ս կարելի է զուտ կապի հանգամանքը համարել հիմք, որ անձը սպանության օժանդակության համար տեղեկատվություն է տրամադրել: Մտացածին մեղադրանք էր՝ հիմնված ենթադրությունների վրա: Բացի դա՝ գործով հետաքրքիր բան կար: Լրատվամիջոցներից մեկը հրապարակում էր արել, որ Ղարիբյանի օժանդակությամբ կատարվել է սպանությունը եւ այդ հրապարակումը ճանաչել էին ապացույց՝ առանց ճշտելու ինչ աղբյուրի հիման վրա է այն գրվել: Մեր դատախազությունը ուղղակի «փայլել» էր, ինչի եմ ասում դատախազությունը, որովհետեւ մեղադրական եզրակացությունը հաստատել էր դատախազությունը»,- մանրամասնեց պաշտպանը: Մեր հարցին՝ իր պաշտպանյալն ի՞նչ հարաբերություններ է ունեցել սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Սուլեյմանի հետ, պաշտպանը պատասխանեց՝ քանի որ Արմեն Ղարիբյանը ըստ էության ցուցմունք չի տվել, ինքն իրավասու չէ պատասխանել այդ հարցին: Հարցին՝ գործում երեւո՞ւմ էր սպանության պատվիրատուի անունը, Սարդարյանը ասաց. «Կատարողի՝ Սուլեյմանի վերաբերյալ որոշակի ապացուցողական բազա մենք տեսել ենք, չեմ կարծում կարար ինքը նաեւ պատվիրատու լիներ: Մենք սկզբունքորեն այդ մասով չենք խորացել»: Արսեն Սարդարյանի խոսքով՝ իր պաշտպանյալը դատարանում ցուցմունք չի տվել, միայն վերջին խոսքում հայտարարել է իր անմեղության մասին եւ խնդրել արդարադատություն իրականացնել:

Լուսանկարում` «օրենքով գող»Մասիվցի Անդիկը:

Տաթև ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031